2020 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկները ևս միացան «Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար նախատեսված սննդի ապահովման՝ դեռևս 2019 թվականից մեկնարկած նոր համակարգին, որի արդյունքում հիշյալ ընկերությունն արդեն իսկ սննդով ապահովում է 12 քրեակատարողական հիմնարկներից 9-ին:
Սննդի ապահովման գործընթացը 2019 թվականի հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին: Իրականացված ծրագրի բարձր արդյունավետության և շահառուների գոհունակության շնորհիվ 2020 թվականի մարտից այն ներդրվեց նաև «Աբովյան», «Գորիս», իսկ ապրիլից «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում:
Մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:
Նշենք, որ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար նախատեսված սնունդն իր մեջ ներառում է նախաճաշը, ճաշը և ընթրիքը, պատրաստվում է քրեակատարողական հիմնարկների տարածքում ամեն օր և մասնագիտացված խոհարարների կողմից: Իսկ որպեսզի ապահովվի սննդի բազմազանությունը, «Ռեդի-Սթեդի» ընկերությունը, պահպանելով սննդակարգի որակը, կալորիականությունը և այլ օգտակար հատկությունները, յուրաքանչյուր շաբաթ առաջարկում է նոր ճաշացանկ, որը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:
Սննդի մատակարարման նոր մշակույթը քրեակատարողական հիմնարկներում ոչ միայն ապահովում է դատապարտյալների և կալանավորված անձանց որակյալ սնունդը, այլև մասնակիորեն կամ ամբողջությամբ վերացնում է սննդային հանձնուքների փոխանցումը: