ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել 2019թ. պետական բյուջեի կատարողականը՝ ըստ ոլորտների: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ 2019թ. կատարողականին: Նախարարությունն իրականացրել է 16 ծրագիր, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 454 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ծրագրի 97.5 տոկոսը: Սակայն ուշագրավ է, որ բոլոր 16 ծրագրերում առկա են շեղումներ: Տեղեկացանք, որ առանձնապես խոշոր շեղումներ են արձանագրվել կենսաթոշակային ապահովության, անապահով սոցիալական խմբերին աջակցության, սոցիալական փաթեթների ապահովման, սոցիալական ապահովություն եւ սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների ծրագրերում:
Մասնավորապես, 2019 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ավելի քան 11.3 մլրդ դրամ տրամադրվել է պարգեւավճարների եւ պատվովճարների ծրագրի ֆինանսավորմանը, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 93.8 տոկոսը: Շեղումը հիմնականում պայմանավորված է զինծառայողներին, ՀՄՊ մասնակիցներին, այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներին, զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, ընտանիքներին տրվող պարգեւավճարների գծով ծախսերի կատարողականով, որոնք կազմել են 10.9 մլրդ դրամ կամ 93.6 տոկոս՝ հիմնականում պայմանավորված պարգեւավճարի իրավունք ձեռք բերած շահառուների՝ նախատեսվածից պակաս քանակով: 2019թ. պարգեւավճար է ստացել 34995 ընտանիք՝ նախատեսված 37652-ի փոխարեն:
Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման ծախսերը կազմել են 3.6 մլն դրամ կամ 83.3 տոկոս: Տնտեսումը պայմանավորված է գնումների արդյունքում առավել մատչելի ծառայություն ձեռք բերելու հանգամանքով: 2019թ. վետերաններին տրամադրվել է 30 առողջարանային ուղեգիր: «Վետերանների պատվովճարներ» միջոցառման գծով ծախսերը կազմել են 258 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 99.2 տոկոսը: 2019 թվականին պատվովճար ստացած վետերանների թիվը կազմել է 310՝ նախատեսված 397-ի փոխարեն:
Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծախսերը կազմել են 32.2 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրված ցուցանիշի 93.9 տոկոսը: Շեղումը հիմնականում պայմանավորված է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների կատարողականով, որոնց տրամադրվել է 31.4 մլրդ դրամ կամ ծրագրված միջոցների 93.9 տոկոսը՝ պայմանավորված վարչարարության արդյունքում շահառուների թվի նվազմամբ: Հաշվետու տարում ծրագրված շուրջ 93733 ընտանիքի փոխարեն նպաստ է ստացել 93397 ընտանիք:
Համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների կողմից սոցիալական աջակցության քաղաքականության իրականացման ապահովման նպատակով տրամադրվել է 486.9 մլն դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 96.6 տոկոսը, որը պայմանավորված է թափուր հաստիքների առկայությամբ, որոշ գնման մրցույթներ չկայանալու, ինչպես նաեւ գնված ապրանքների միավորների գները նախատեսվածից պակաս լինելու հանգամանքներով: Իսկ պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման ծրագրին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 9.3 մլրդ դրամ՝ կազմելով նախատեսվածի 87.2 տոկոսը, ինչը պայմանավորված է թափուր հաստիքներով, ինչպես նաեւ շահառուների՝ սոցիալական փաթեթի օգտվելու իրավունքի դադարեցման այլ պատճառներով: 2019 թվականին սոցիալական փաթեթից օգտվել է 128.599 շահառու՝ նախատեսված 147.493-ի փոխարեն:
Միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում եւ տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում իրականացնելու նպատակով տրամադրվել է 204.8 մլն դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 96.2 տոկոսը: Ծրագիրն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով: Տնտեսում է կատարվել սննդամթերքից օգտվող շահառուների մասով: Ծրագրի շրջանակներում սպասարկող անձանց թիվը կազմել է 3089՝ նախատեսված 3440-ի փոխարեն:
Իսկ, ահա, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ցերեկային խնամքի նպատակով 2019 թվականին տրամադրվել է 11.9 մլն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 87.4 տոկոսը՝ պայմանավորված տնտեսումներով: Միջոցառման շրջանակներում ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում գործող ցերեկային կենտրոնում խնամքի ծառայություններ է ստացել 14 անձ:
Տեղեկանում ենք, որ 100 տոկոս կատարողական է արձանագրված սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների առումով: Սակայն ցածր կատարողական է արձանագրվել վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ապահովման ծախսերի գծով, որոնք կազմել են 51.5 հազար դրամ կամ ծրագրված ցուցանիշի 5.7 տոկոսը: Վերջինս հիմնականում պայմանավորված է ֆինանսավորումը 2020 թվականին տեղափոխելու հանգամանքով: Միջոցառման շրջանակներում իրականացվել են 96 ծրագրեր՝ նախատեսված 60-ի դիմաց, որոնցում ընդգրկվել է 915 գործազուրկ՝ նախատեսված 480-ի դիմաց:
Նկատենք, սակայն, որ նախարարությանն արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար հատկացված է եղել 12.1 մլն դրամ, որն ամբողջությամբ օգտագործվել է:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կկալանավորվի: Երեկ այս որոշումը հրապարակել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը` այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: Նշենք, որ միջնորդությունը դատարան էր ներկայացվել ավելի քան մեկ ամիս առաջ: Այս ընթացքում դատական նիստերը կայացել, ապա հետաձգվել են. պաշտպանական կողմն իր հերթին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին, բացարկի միջնորդություն՝ քարտուղարին, որոնք մերժվել են:
ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի առաջարկությամբ՝ ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ 2020թ. մայիսի 5-ի N158-Ա հրամանով՝ Արամ Կարախանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ:
ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով՝ Աշտարակի բաժնի պետ ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ էր ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Հակոբյանը:
ՀԱՄԱՐԺԵՔ
2019-ին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 22,3 տոկոս, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 1,38 տոկոսով. Սա համարժեք է 90,7 մլրդ դրամի լրացուցիչ հարկային եկամուտների: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ 2019թ. հազար խոշոր հարկ վճարողների ընդհանուր հարկերի ծավալը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 13 տոկոսով, իսկ 2017-ի համեմատ՝ 31 տոկոսով: Վարչապետն ընդգծել է, որ 2018թ. մայիսից մինչեւ 2019թ. վերջը ստվերից դուրս է եկել 87 աշխատատեղ, գործազրկությունը նվազել է 2,1 տոկոսով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2,5 տոկոսով:
«ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ»
Երկար ժամանակ է՝ չեն դադարում խոսակցությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներսում առկա տարաձայնությունների մասին: Խոսքը վերաբերում է հատկապես փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջեւ հարաբերություններին, որոնք, տեղեկությունների համաձայն, վերջին ժամանակներս սրվել են: Սակայն նկատենք, որ կուսակցության ներսում հերքում են տարաձայնությունների մասին տեղեկությունները: «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանն Armlur.am-ի հետ զրույցում անհեթեթություն որակեց տարաձայնությունների մասին տեղեկությունները: «Տիգրան Ավինյանի հետ ունեմ բարիդրացիական հարաբերություններ, մենք նույն թիմից ենք: Հերքում եմ տեղեկությունները, որեւէ միջադեպ չի եղել»,-նշել է նա:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է
«Այս պահին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի ելքն ու մուտքը սահմանափակված է: Գյուղում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է մոտ 20-25 հոգի»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Դդմաշեն համայանքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը: «Գյուղում թաղման արարողություն է եղել, որին մասնակցել են նաեւ Հրազդանից մահացածի հարազատները: Վարակակիրը եղել է Հրազդան քաղաքից, որը շփվել է 60-70 հոգու հետ, հիմա բոլորը մեկուսացված են: Հիվանդ է եղել, չի իմացել, մասնակցել է թաղմանը: Վարակակիրը կին է, եկել էր հորեղբոր տղայի թաղման արարողությանը, իրենք էլ շատ մեծ ազգ են: Իրենք մենակ քույր եղբայրով 60-70 հոգի են»,- նշել է գյուղապետը: Մեր այն հարցին, թե ինչու են թույլատրել՝ թաղման արարողությանը ներկա գտնվեն մեծ թվով մարդիկ, նա պատասխանեց. «Ես ինքս մասնակցել եմ թաղմանը, կուտակումներ չեն եղել, զգուշացվել են. 5-10 հոգի մտել, դուրս են եկել: Իրենք հարազատներով միմյանց հետ սերտ շփում են ունեցել ու վարակվել են: Հիմա ում մոտ, որ հաստատվել է, հիվանդանոցում է, իսկ մնացածը մեկուսացած են տարբեր հյուրանոցներում»,-ասել է Ա. Ավետիսյանը: Վերջինիս խոսքով՝ այս պահին Դդմաշեն համայնքում առկա է երեք անցակետ, գյուղում շրջում են ոստիկանության աշխատակիցները. «Խուճապ բոլորովին չկա, մենք էլ ոստիկանության աշխատակիցների հետ հսկում ենք, որպեսզի մարդիկ տներից դուրս չգան»: