Armlur.am-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի կունենա ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքից ազատելու հարցի քննությունը: Նախկին պատգամավորը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը հույս ունի, որ արդարությունը կհաղթի եւ իր որդին կհայտնվի ազատության մեջ:
Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը որպես մեղադրյալ ներգրավված է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործում։ Դեռեւս ապրիլին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ հենց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։
Հավելենք, որ դեռեւս 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Նույն թվականի փետրվարի 4-ին Առաքելյանի որդին կալանավորվել էր, իսկ ապրիլի 24-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, մերժել էր Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցը փոխելու գրավի միջնորդությունը։ Ուրբաթ օրը Վերաքննիչը կորոշի արդյոք Առաքելյանի որդին կալանքից կազատվի, թե ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան