Վարդաքարի միակ դպրոցը քանդել և չեն վերականգնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Վարդաքար համայնքն իր անվանումը ստացել է գյուղում վարդագույն քարերի առատության պատճառով: Չնայած քարերի առատությանը` Վարդաքար համայնքը դպրոց չունի: Տարիներ առաջ շինարարները հիմնովին քանդեցին դպրոցը` նորը կառուցելու հեռանկարով: Շիրակի մարզպետարանը պայմանագիր էր կնքել մի շինարարական կազմակերպության հետ, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով աշխատանքները սահմանափակվեցին եղած կառույցը քանդելով:
Վարդաքարի համայնքապետն ասում է, որ դիմել է մարզպետին, երկու վարչապետերին, քաղաքաշինության նախարարին, անգամ ՀՀ նախագահին, իսկ վերջերս նաեւ` սոցներդրումների հիմնադրամին: Սակայն այդքանից հետո էլ սայլը տեղից չի շարժվում:

Վերջերս մարզպետարանը հրատապ կերպով խնդիրը ներկայացրել է ՀՀ կառավարությանը, որտեղից հույս են տվել, թե 2015 թվականից շինարարական աշխատանքներ կընթանան: Բայց թե ինչ միջոցների հաշվին, առայժմ ոչ ոք չգիտի:

Իսկ մինչ այդ վարդաքարցիները խնդրի լուծման ժամանակավոր եղանակ են գտել: Դպրոցը տեղափոխվել է գյուղապետարանի շենք, որտեղ, դարձյալ շենքային պայմանների բացակայության պատճառով, տեղակայված է նաեւ մշակույթի տունը: Հասկանալի է, որ գյուղապետարանի շենքը բոլորովին հարմար չէ նորմալ ուսումնական ծրագրերի անցկացման համար:

Ի թիվս այլ թերությունների, աշակերտները զրկված են նաեւ գրադարանից եւ մարզադահլիճից: Բացի այդ, շինության ապակիները կոտրված են, պատերը՝ քարուքանդ, իսկ ձմռանը սենյակները տաքացնում են փայտե վառարաններով:

Լուսանկարը՝ hetq.am-ի




Լրահոս