Թող հակահարվածը գործով լինի, ոչ թե թույն ու թարախով. Զառա Սահակյան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Զառա Սահակյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է իր կերտած հումորային կերպարներով, անդրադառնալով Հայաստանում կին հումորիստների սակավության պատճառներին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ նախ՝ հումորային կերպարներում հանդես գալը բարդ աշխատանք է, բացի այդ՝ մեր մենթալիտետի հետ կապված որոշ խնդիրներ թույլ չեն տալիս, որ կանայք հումորային դերերով ներկայանան:

-Երբ վերջերս հայտնի դարձավ, որ կրկին հանդես եք գալիս «Վիտամին» ակումբում, սկսեցին խոսակցություններ պտտվել այն մասին, որ գուցե «Արմենիայի» Ձեր թիմի հետ վիճել եք, իսկ վիտամինցիներն էլ, առիթից օգտվելով, Ձեզ կրկին ընդունել են իրենց շարքերը:

-Դրանք հերթական հայկական խոսակցություններն են, մարդիկ կարծում են, որ եթե մեկն աշխատանքի վայրը փոխում է, ուրեմն կոնֆլիկտի հետեւանք է: Ասեմ, որ տղաներից որեւէ մեկի հետ երբեւէ կոնֆլիկտ չեմ ունեցել:

-Դուք դերասանական կրթություն ունեք, ինչո՞ւ Ձեր ուժերը չեք փորձում թատրոնում:

-Ես ընդգրկված եմ մի ներկայացման կազմում, որտեղ խաղալու եմ դերասան Նարեկ Դուրյանի հետ: Այժմ նա զբաղված է իր մոնոներկայացմամբ, սպասում ենք, որ տրագիկոմեդիայի հերթն էլ գա, եւ այն հայտնվի խաղացանկում: Այդ ներկայացման մեջ ես խաղում եմ եթերային կյանքով ապրող աղջկա, սիրուհու դեր:

-«Երե1» ծրագրում Ձեր կերտած «չար տալ» Օսանի կերպարը քննադատվեց իր կոպտության եւ հնչեցրած ժարգոնային արտահայտությունների համար: Ինչպես եք վերաբերում նման քննադատությանը:

-Միանշանակ համաձայն եմ, որ կերպարը կոպիտ էր ստացվել: Օսանն ինձ հոգեհարազատ չի եղել:

-Այդ դեպքում ինչո՞ւ համաձայնեցիք նրա դերը ստանձնել:

-Երկար քննարկումներ անցկացնելու ժամանակ չկար: Դա թիմային աշխատանք է, եւ կերպարի լինել-չլինելու հարցը միայն դերասանից կախված չէ:

-Գիտենք, որ Ձեր մարմնավորած կերպարները հաճախ ասոցացվում են Ձեզ հետ, եւ բազում զվարճալի դեպքեր են լինում: Կպատմե՞ք դրանցից մեկը, որն ամենաշատն է տպավորվել:

-Այո՛, իհարկե: Երբ խաղում էի հղի Ռուզիկի դերը, իսկապես բալիկի էի սպասում, եւ երբ արդեն ծննդատանն էի, աշխատակիցներն ասում էին. «Բա ամուսինդ՝ Ռազմիկն ո՞ւր է»: Այնինչ իմ իրական ամուսինը կողքիս էր, իսկ նրանք կարծում էին, թե Դավիթն իմ եղբայրն է: Այնքան էին ինձ ասոցացրել կերպարիս հետ, որ ասում էին. «Ամա՜ն, քոռացանք, մարդը չի եկել կնոջը տեսնելու» (ծիծաղում է):

1069990_424869924287425_1800595931_n

-Զառա՛, կա կարծիք, որ Հայաստանում հումորային հաղորդումներն իրենց սպառել են, եւ կենցաղային, ցածրաճաշակ հումորը դարձել է գերակշռող, համաձայն ե՞ք:

-Սա մի էտապ է, որը պետք է հաղթահարել: Իսկ ո՞ր ոլորտն իրեն չի սպառել, երգարվեստի ասպարեզը, օրինակ, մի՞թե փայլատակում է: Քննադատողները լավ կանեն՝ աշխատեն, թող հակահարվածը գործով լինի, ոչ թե թույն ու թարախով:

-Հայաստանում կին հումորիստներին մատների վրա կարելի է հաշվել, ինչո՞վ կբացատրեք նրանց սակավությունը: Մի՞թե մեր կանայք հումորի զգացում չունեն, թե գուցե բավականաչափ համարձակ չե՞ն:

-Նախ՝ որովհետեւ շատ ավելի հեշտ է որեւէ դրամատիկ հատված խաղալ սերիալում, քան հանդես գալ հումորային ծրագրում: Այնուամենայնիվ, սրամիտ կանայք մեզ մոտ շատ են: Նրանք կարող են սուրճի սեղանի մոտ մի շարք հումորներ անել, սակայն մենթալիտետի հետ կապված խնդիր կա, մարդիկ բարդութավորված են, շատերը դեռ այն գիտակցության չեն եկել, որ բեմում հագած շորով, կերտած կերպարով տվյալ կնոջ մասին կարծիք չեն կազմում: Երբ այս ամենին զուգահեռ հասարակության կողմից քննադատությունները, հաճախ նաեւ՝ անձնական վիրավորանքները շատ են լինում, կանայք խուսափում են հումորային դերերից:

1379919_574391615978418_1917366657_n

-Ռուսաստանում, օրինակ, ստեղծվեց «Comedy woman»-ը, գուցե գա մի օր, որ Հայաստանում էլ դրա նախադեպն ունենանք:

-Մի ժամանակ այդպիսի մտադրություն կար, բայց պետք է նկատել, որ քիչ կանայք են պատրաստ այդպիսի ծանրություն կրելու իրենց ուսերին: Բացի այդ՝ մենք ունենք սցենարիստների պակաս, դերասանը, ի վերջո, անսպառ չէ…

1901188_741517375881045_1625778600_n

-Ձեր որդին շուտով կդառնա 4 տարեկան, նա արդեն մայրիկին ճանաչում է էկրանից: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր երեխան կարող է կրկնել էկրանից Ձեր կողմից հնչեցրած համարձակ արտահայտությունները, ընդօրինակել որոշ վտանգավոր երեւույթներ:

-Երեխան խոսքով չի դաստիարակվում, այլ գործով: Նրա վրա ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ, օրինակ, տան մթնոլորտը, ծնողների վարքը, քան եթերից լսած ինչ-որ խոսքեր: Այնպես որ նման մտավախություն չունեմ:

Աննա Բաբաջանյան

1901550_211453459044245_1638610153_n




Լրահոս