Այսօր Հայաստան կժամանեն մի շարք «օրենքով գողեր» (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ այսօր և վաղը Հայաստան են ժամանելու մի շարք քրեական հեղինակություններ և «օրենքով գողեր»՝ մասնակցելու հայազգի «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (ով առավել հայտնի է Արմեն Կանևսկոյ անունով) մահվան 3-րդ տարելիցի արարողությանը:

Արարողությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Կուբանսկու՝ ոչ պակաս հայտնի եղբոր՝ Արտյոմ Շահումյանցու առանձնատանը, որը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Armlur.am-ին չհաջողվեց կապ հաստատել Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանի հետ՝ լուրի հետ կապված մանրամասներ իմանալու համար:

Այստեղ հարկ ենք համարում նշել, որ 3 տարի առաջ «օրենքով գողի» հուղարկավորությանը՝ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին, «հաջողացրել են» մասնակցություն ունենալ «գողերի» կնքահայր Դեդ Հասանի զարմիկն ու «օրենքով գող» Կամո Սաֆարյանը, թեպետ այստեղ գտնվելու ցանկություն ունեցել են բազմաթիվ քրեական հեղինակություններ: Ասում են, որ այդ ժամանակ տեղի «օրենքով գողերի» համար ևս հնարավորություն է ընձեռվել հրաժեշտ տալ իրենց «գործընկերոջը» և մասնակցել հուղարկավորությանը, որն անց է կացվել իրավապահ մարմինների խիստ հսկողության ներքո:

Տարածված լուրերի համաձայն՝ դեկտեմբերի 20-ի ուշ երեկոյան՝ Արմեն Կանևսկոյի հոգեհանգստին, ներկա են գտնվել նաև այնպիսի բարձրաստիճան զինվորականներ, ինչպիսիք են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և այդ ժամանակ վերջինիս տեղակալ Արշալույս Փայտյանը:

Սակայն ավելի ուշ տեղեկությունը՝ կապված ոստիկանապետի մասնակցության հետ, պաշտոնապես հերքվել էր, և դա պարզաբանվել էր նրանով, թե արարողության ժամանակ այնտեղ է գտնվել նաև ոստիկանապետին պատկանող մեքենաներից մեկը՝ առանց տիրոջ:

Armen_Kanevskoy_criminalnaya.ruvorvzakone

Արմեն Կանևսկոյ

Նշենք, որ հուղարկավորությունից հետո Հայաստանի իրավապահ մարմինները քրեական հեղինակություններին և «օրենքով գողերին» «դուրս են հրավիրել» երկրից: Նրանց թվում են եղել Կամո Թբիլիսկին և Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, ում խիստ հրահանգ էր տրվել լքել Հայաստանի տարածքը մինչև հունվարի 15-ը: Իսկ լուսահոգի Արմեն Հարությունյանը 2009 թվականին դատապարտվել էր ազատազրկման 11 տարի ժամկետով, ապա շաքարային դիաբետով տառապելու պատճառով նա պատիժը պետք է կրեր դատապարտյալների հիվանդանոցում:

Ո՞վ է Արմեն Հարությունյանը՝ Արմեն Կանևսկոյը

Կանևսկոյը ծնվել է 1970 թվականին Երևանում: «Օրենքով գող» է կարգվել 1997-ին, և այս «բարձր կոչումը» նրան շնորհել էր հենց ինքը՝ Դեդ Հասանը: Շատերը կարծում էին, որ Կանևսկոյն այս տիտղոսը Ասլան Ուսոյանին գնել է: Լքելով Հայաստանը՝ Արմեն Հարություննյանն առաջին հերթին հաստատվում է Կրասնոդարի մարզի Կանևսկի շրջանում, ինչից էլ առաջացել է նրա մականունը՝ Կանևսկի:

Նա մի շարք շրջաններում պարագլուխ էր համարվում՝ հետևելով, որ տեղի տնտեսվարողները պարտաճանաչորեն ճիշտ ժամանակին «օրենքով գողերի բյուջե» ներդնեն պահանջվող գումարները: Սրանից հետո նա սկսել է զբաղվել նավթային բիզնեսով, շորթմամբ, մարդկանց առևանգում, զենք-զինամթերքի առքուվաճառքով: Նրա ազդեցությունն աստիճանաբար սկսեց տարածվել ողջ հարավային Ռուսաստանում: Նա նաև մի քանի անգամ դատապարտված է եղել: Նա վախճանվել է 40 տարեկան հասակում Աստրախանում: 2010 թվականից ի վեր Արմեն Հարությունյանը թվով 6-րդ «օրենքով գողն» է, ով կյանքից հեռացել է ազատազրկման վայրում:




Լրահոս