Ռոբերտ Քոչարյանը հե՞տ է վերցնում ԲՀԿ-ում ունեցած իր բաժնեմասը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` այսօր կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարով կփակվի ՀՀ քաղաքական կյանքի «այլընտրանքային» էջը: Անկախ այն բանից, թե քանի մարդ կմնա ԱԺ ԲՀԿ խմբակցությունում, ով կլինի նոր նախագահը, եւ ինչպիսին կլինի Գագիկ Ծառուկյանի կարգավիճակը, ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստանն» այսուհետ չի կարողանալու ներկայանալ որպես ՀՀ իշխանություններին այլընտրանք: Ընդ որում, խոսքը ոչ միայն այդ բառի` մինչ 2012 թվականը քաղաքագիտությանն անհայտ նշանակության մասին է, այլեւ զուտ որպես իշխանության ձգտող ցանկացած քաղաքական ուժի նպատակադրության:

Բանն այն է, որ «Բարգավաճ Հայաստանն» ի սկզբանե ստեղծվել էր որպես բաժնետիրական ընկերություն, որտեղ հսկիչ փաթեթը պատկանում էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ժամանակի ընթացքում այս կուսակցությունում բաժնետիրական համամասնությունը փոփոխվեց, եւ թեեւ 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցությունը համալրած գործիչների խումբը` Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, վերստին ուժեղացրեց Քոչարյանի դիրքերը, սակայն դրան զուգահեռ կուսակցություն ներմուծված գործարարների բանակի եւ Գագիկ Ծառուկյանի անհատական նախագահական ամբիցիաների արդյունքում այդպես էլ չհաջողվեց հաստատել Քոչարյանի անվերապահ ազդեցությունը:

Փետրվարի 18-ից հետո, սակայն, երբ ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը կարողացել է վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկել ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլեւ խաղից դուրս թողնել նաեւ Ռոբերտ Քոչարյանին, ով դրանից ընդամենը երկու օր առաջ Ս. Սարգսյանին խորհուրդ էր տալիս կանգ առնել, հակառակ պարագայում զգուշացնելով «ընդդիմության համախմբման, ռադիկալացման» եւ «մասսայական գործողությունների» հետեւանքների մասին, առաջ եկավ ԲՀԿ-ի` քոչարյանական թեւի ճակատագրի հարցը:

Եվ այն, որ ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ժամանակին իր «անձնական կարծիքներով» ողջ կուսակցության քաղաքական գիծը կանխորոշող Վարդան Օսկանյանը, չսպասելով այսօրվա համագումարին, մեկնեց ԱՄՆ, մինչ այդ դիմում գրելով ԲՀԿ-ից դուրս գալու մասին, ցույց է տալիս, որ Քոչարյանը ԲՀԿ-ում ունեցած իր բաժնեմասը հետ է վերցնում` այդպիսով ԲՀԿ-ն վերջնականապես հանձնելով Սերժ Սարգսյանի կողմից որպես ԲՀԿ-ի «կոնցեսիոն կառավարիչ» նշանակված Հովիկ Աբրահամյանին:

Կհետեւեն արդյոք Օսկանյանի օրինակին նաեւ մնացած քոչարյանական կադրերը` ի դեմս Վահե Հովհաննիսյանի, Ստեփան Մարգարյանի, Էլինար Վարդանյանի եվ այլոց, արդեն էական չէ: Հատկապես Օսկանյանի հեռացմամբ ԲՀԿ-ի` իշխանություններից քիչ թե շատ անկախ գործելու հնարավորությունը իսպառ վերացավ:




Լրահոս