Սյունիքում ամբողջովին այրվել է 98-ամյա միայնակ ծերունու փայտե տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ նախօրեին Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում տուն է այրվել: Պարզվել է, որ այրվել է Շվանիձորի 98-ամյա բնակիչ Սավադ Առաքելյանին պատկանող փայտե տնակի երկրորդ հարկն ամբողջությամբ:

Armlur.am-ի հետ զրույցում Շվանիձոր համայնքի ղեկավար Հովհաննես Օհանյանը հայտնեց, որ միայնակ ծերունին ապրելու է տեղափոխվել արդեն այրված տանը կից կառույցում. «Որևէ կերպ նրան օգնել չենք կարող: Գյուղապետարանն այդքան միջոց չունի, որպեսզի նրան կացարան տա: Երեք որդի ունի, մեկը Ռուսաստանում է ապրում, մյուս երկուսը` Մեղրիում: Դեպքից հետո եկել էին իրենց հոր հետևից, խնդրում էին, որ գնա իրենց հետ ապրի, կտրականապես մերժում էր: Արդեն բավական երկար տարիներ է` միայնակ է ապրում»:

Մեր զրուցակիցը ներկայացրեց, որ հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ փայտե վառարանի թեժ կրակից կրակ է բռնկվել առաստաղին, ապա տարածվել ողջ բնակարանով մեկ: Հրդեհն առաջինը նկատած հարևանները շտապել են օգնության: Բարեբախտաբար, ծերունու կյանքը հաջողվել է փրկել, իսկ այրված փայտե տնից որևէ իր չի պահպանվել:




Լրահոս