Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը` Եռատոնի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը` Եռատոնի առթիվ.

«Քրիստոսապաշտ Հայե՛ր,

հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան մայիսյան փառավոր հերոսամարտերն ու հաղթանակները:
Մայիսյան պատմական հաղթանակները՝ «Վասն՝ հավատո, վասն՝ հայրենյաց», ճակատագրական են եղել հայերիս համար: Ավարայրի ճակատամարտ, Առաջին Հանրապետության կազմավորում, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ, Շուշիի անառիկ բերդի փառավոր ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի ստեղծում, որի ոգին իր բռնազավթված հայրենիքի ազատագրության ուժն էր ու հայ ժողովրդի հավաքական պայքարի անդրդվելի կամքը:

Մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ դարավոր աղետների ու փառապսակ հաղթանակների միջով անցած հայրենատեր հայ ժողովրդին` անչափ նշանակալից Եռատոնի կապակցությամբ:

Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի արժանավոր զավակների, ովքեր պատերազմի գողգոթայով անցան և իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին հայրենիքին:

Մենք հպարտ ենք ու անպարտ, որ չնայած թշնամու զինվորների ու զինտեխնիկայի ահռելի կուտակումներին, 1992 թվականի մայիսի 8-ի՝ լույս 9-ի առավոտյան նվիրյալ հայորդիները ազատագրեցին անառիկ բերդաքաղաք Շուշին:

Խոնարհում ու փառք՝ Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցներին ու մարտում հերոսաբար ընկած մարտիրոսվածներին:

Փառք ու պատիվ՝ մայիսի 9-ին ստեղծված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակին ու նրա քաջարի հրամանատարներին՝ թվացյալ խաղաղության այս օրերին Արցախն անխոցելի պահելու, դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը հպարտությամբ սերունդներին փոխանցելու համար:

Փառք ու պատիվ՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ փառավոր հաղթանակ տարած Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի մեր հերոսներին:
Կրկին շնորհավորելով դժվար փորձություն անցած հպարտ և անկոտրում հայոց ժողովրդին՝ կոչ ենք անում բոլորին համախմբվել հայոց պետականության զինանշանի և դրոշի, հայոց նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ, անխոցելի ու հզոր պահպանել մեր հայրենիքը, մշտապես հովանի լինել և ամրագրել հայոց բանակի ոգին՝ որպես հայոց անկախ պետականության պաշտպանության ռահվիրայի, քանզի կա ազգային բանակ, կա հզոր ազգային պետականություն:

Շնորհավոր Եռատոնդ, հայրենի՛ք Հայաստան:
Կեցցե՛ հայոց հայրենիքը,
Կեցցե՛ հայոց ազգը,
Կեցցե՛ հայոց անկախ պետականությունը:

Խորին հարգանքներով`«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան




Լրահոս