Քաղաքացին դիմում է Արման Մկրտումյանին. «Արմավիրի դատարանում ապօրինի քայլեր են կատարում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Լիլիա Զավենի Արսենյանը բաց նամակով դիմում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին: Նամակում ասվում է.

«Հարգելի պարոն Մկրտումյան, խնդրում եմ Ձեր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ որպեսզի իմ գործերի քննությունը իրականացվի անաչառ դատավորի կողմից: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես չեմ կարող ազատվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմոնյանից: Իմ տան վերաբերյալ բոլոր գործերը քննվում են նրա կողմից:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Սիմոնյանը թիվ ԱՐԴ 0562/02/11 քաղաքացիական գործով 22.09.2011 թ. կայացված վճռով Արմավիրի մարզի Արմավիր գյուղում գտնվող բնակելի տան նկատմամբ 18.03.2011թ. կնքված և նոտարական կարգով վավերացված, պայմանագիր վերտառությամբ պարտավորագիրը կրկին վավեր է ճանաչել: Հարգելի Մկրտումյան, ինչ եք կարծում արդյոք կարող էր դատարանը արդեն իսկ նոտարական վավերացում ստացած պարտավորագիրը կրկին վավեր ճանաչել:

Ավելին, նշված գործով բնակելի տան մյուս սեփականատերը՝ Ստեփան Ստեփանյանը գործին մասնակից չի դարձվել և նրանից թաքուն վավեր է ճանաչվել նշված բնակելի տան կես մասի առուվաճառքի վերաբերյալ պարտավորագիրը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից իրականացվող արդարադատությունից կարելի է հանգել այն հետևության, որ բնակելի տան նկատմամբ գրանցված իրավունք ունեցող համասեփականատերերից մեկի կողմից օրենքի պահանջների խախտմամբ կնքված գործարքը՝ բնակելի տան կես մասը երրորդ անձի վաճառելու մասին պարտավորագիրը, կարող է դատական կարգով վավեր ճանաչվել առանց մյուս համասեփականատիրոջը գործին մասնակից դարձնելու:

Այդ դեպքում հարց է առաջանում, թե որ դեպքերի համար է նախատեսվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը: Այժմ դատավոր Սիմոնյանի վարույթում է գտնվում մեկ այլ քաղաքացիական գործ, որը վերաբերում է նույն բնակելի տանը: Ստեփան Ստեփանյանը հանդիանում է իմ հորեղբայրը, որն իրեն պատկանող ամբողջ գույքը կտակել է ինձ: Նրա մահից հետո ստացել եմ ըստ կտակի ժառանգության իրավունքի գրանցման վկայագիր: Ժառանգության վկայագիրը ստանալուց հետո դիմել եմ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ բնակելի տանից ժառանգություն ստացած իմ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջով, որի քննությունը կրկին հանձնվել է դատավոր Սիմոնյանին:

Նշված գործով դատական քննության ընթացքում միջնորդել եմ նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն և փորձաքննության կատարումը հանձնարարել իմ կողմից նշված մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, սակայն դատավոր Սիմոնյանը առանց պատճառաբանության փորձաքննության կատարումը հանձնարարեց մեկ այլ ՍՊԸ-ի: Դատավոր Սիմոնյանի նման վարքագիծը հիմքեր են տալիս կասկածելու, որ նա անաչառ չէ և ունի կանխակալ վերաբերմունք մյուս կողմի՝ Հրաչյա Պապիկյանի նկատմամբ:

Նշված բնակելի տան նկատմամբ առկա է նաև մեկ այլ կտակ, որի մասին ես տեղեկացել եմ մի քանի օր առաջ և պատրաստվում եմ դիմել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու պահանջով, սակայն չեմ համարձակվում դիմել, քանի որ դրա քննությունը ևս կարող է հանձնվել դատովոր Սիմոնյանին, իսկ այդ դեպքում դժվար թե իմ օգտին դատական ակտ կայացվի, քանի որ ըստ ինձ դատավոր Սիմոնյանը ունի կանխակալ վերաբերմունք մյուս կողմի՝ Հրաչյա Պապիկյանի նկատմամբ»:




Լրահոս