Զինված հանցախումբ, դիմակներ, հատուկ ջոկատայիններ, ահաբեկված բնակիչներ. Ինչ կատարվեց Նորք-Մարաշում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտառոց չէ՞ր արդյոք այն հանգամանքը, որ երեկ ՀՀ ԱԺ անցագրային կետի անվտանգության աշխատակիցները ծառայությունն իրականացրին ինքնաձիգով զինված և ԱԺ մուտք գործող ավտոմեքենաները ևս սովորականից ավելի մանրամասն ստուգվեցին:

Ի՞նչ էր տեղի ունեցել, արդյո՞ք ԱԺ-ին ինչ-որ վտանգ էր սպառնում, ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը վերը բերված հարցին «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել է. «Ընդամենը մեր գործառույթներն ենք իրականացնում: Մի օր կարող է ինքնաձիգը տեսնեք, մի օր չտեսնեք, բայց դա ոչինչ չի նշանակում: Իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիրներ չունենք»: Պատասխանը համոզիչ էր, թեման փակվեց, ամեն բան, կարծես, մոռացվեց:

Սակայն տարօրինակ զուգադիպությամբ՝ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը հայտնի դարձավ, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկից, ինչպես Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարեց, կազմակերպված հանցավոր խմբավորում է հայտնաբերվել և վնասազերծվել: Ավելին, ըստ ԱԱԾ-ի՝ հանցավոր խմբավորումը նպատակ է հետապնդել Հայաստանի տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

Ինչևէ, մի պահ շեղվենք պաշտոնական հաղորդագրություններից՝ հասկանալու համար՝ ինչ հրապարակումներ են եղել լրատվամիջոցներում մինչ այս պահը: Նախ հրապարակումներ եղան այն մասին, որ հանցավոր խմբի անդամները արտասահմանցիներ են, ապա պարզվեց, որ 10 անդամները՝ ոմն Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հայեր են, որոնցից մեկը, ի դեպ, Մարինե Կաթոյանը, Երևանի Նուբարաշեն համայնքի բնակիչ է:

Ապա լուրեր շրջանառվեցին այն մասին, որ թաքստոց հանդիսացող առանձնատանը հայտնաբերված լուսանկարներից մեկում հանրությունը ճանաչել է ակտիվիստ Նելլի Մինասյանին, ով, իբր Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամ է: Նոր Հայաստանի անդամները սակայն ոչ հերքեցին ոչ հաստատեցին այս լուրը, օրվա վերջում միայն հայտարարություն տարածեցին այն մասին, որ իրենց անունը շահարկվում է ժողովրդի մոտ ապակողմնորոշում տարածելու մասին:

Այս ինֆորմացիան դեռ չմարսած՝ համացանցում բուռն քննարկման նոր թեմա բացվեց. Պարզվում է այսպես կոչված հանցավոր խմբավորման պարագլուխ և խումբը հավաքագրած Արթուր Վարդանյանը «Հայոց վահան» կազմակերպության հիմնադիրն է: Նա «Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված է «Վարդանանց Իշխան» անվանումով և «Հայոց վահան»-ի անվան ներքո Youtube ցանցի միջոցով տարածել է տեսանյութեր, որտեղ խոսել է Քեսաբի ազատագրության գործում իբր իր մասնակցության մասին:

Իսկ Նելլի Մինասյանը տարածել է «Հայոց վահանի», այսպես կոչված, զինանշանի նկարը: Առանձնատանը գտնվել են Հայաստանի պետական դրոշի վրա «Հայոց վահանի» զինանշանով բազմաթիվ նկարներ` կասկածի տեղիք չտալով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ հիշատակվող Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ով ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, նույն «Հայոց վահան» կազմակերպության ներկայացուցիչն է: «Արմենպրեսս»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված է «Հայոց վահան մեկ մարզամշակութային» ՀԿ, որի գրանցման ամսաթիվը նշված է 2015թ. հուլիսի 24-ը:

Ի դեպ, ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում մուխա տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ բնակիչները հայտնել են միայն, որ գիշերը ուշ ժամի պայթյունի ձայներ են լսել, ահաբեկվել, այլ մանրամասներ բնակիչները վախից կամ պարզպաես ավելորդ քաշքշուկից խուսափելու համար չեն հայտնել: Ինչպես են իրենց պահել մի ամսվա տնվորները, ինչ քանակությամբ իրեր են տուն տեղափոխել կամ քանի հոգեվ են եղել: Հիշում են միայն որ խոսել են հայերեն:

Իսկ ահա տանտիրուհու դուստրն ասել է, որ իրենց բնակարանը խմբի անդամները վարձակալել էին մեկ ամսով, եւ ժամկետն էլ լրացել էր երեկ: Պայմանագիրը կնքել են ձերբակալված երեք կանանցից մեկի՝ Մարինե Կաթոյանի անձնագրային տվյալներով, միջնորդն էլ եղել է ոմն բրոքեր Վահրամ, ումից տեղեկություն չունեն: Ավելի ուշ երեք օր ևս խնդրել են ավել մնալու համար:

Ըստ տանտիրոջ դստեր՝ պարագլուխ Արթուր Վարդանյանը սիրիայի բարբառով էր խոսում, ահաբեկչի տեսք ուներ. «Այսինքն՝ սենց էն մորուքով, որ լինում են, մի տեսակ աչքերով, թուխ մաշկով, իսկական արաբի էր նման։»

Թե ինչ էր իրականում մայրքաղաքում տեղիունեցածը, ինչ նպատակ էր հետապնդում, և ի վերջո, ովքեր են վնասազերծվածները, պարզ կդառնա առաջիկայում: Սպասենք զարգացումներին:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս