Պետական դավաճանության փորձ. հակառակորդի թիրախում Մատաղիսի ու Մարտունու զորամասերն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Ադրբեջանական հատուկ ծառայություններն առանձնապես հետաքրքրվել են ԼՂՀ ՊԲ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ազգային անվտանգության ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ չորս քաղաքացիների, որոնք ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիք են հաղորդել:

Դեռեւս 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից կալանավորվել էր պահեստազորի մայոր Գարիկ Մարությանը, ով երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ՝ համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Պարզվում է, որ սա միակ աղմկահարույց գործը չէ, որ բացահայտվել է ազգային անվտանգության ծառայության կողմից:

Տեղեկացանք, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական դավաճանության եւս մեկ գործ է ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության` Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում՝ հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալող Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից:

Բանն այն է, որ Սեյրան անունով մի անձնավորություն, որը աշխատել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունում, ծանոթացել է Ռաֆիկ Պապոյանի հետ եւ նրան համագործակցության առաջարկ արել, ապա հստակ առաջադրանքներ տվել: Պարզեցինք, որ Ռաֆիկ Պապոյանին ցուցում է տրվել, որպեսզի Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրի այնպիսի անձանց, որոնք կարող են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն իրականացնել եւ արժեքավոր տեղեկություններ տրամադրել:

Եվ, ահա, Ռաֆիկ Պապոյանը, որպեսզի կարողանա գործը գլուխ բերել, այս պատմության մեջ է ներքաշել իր որդուն` 26-ամյա Սերգեյ Պապոյանին: Տեղեկացանք, որ Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից ներկայացած Սեյրանի հետ եւ հավաքագրվել վերջինիս կողմից:

Արդյունքում Սերգեյը Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակից Սեյրանին է տրամադրել ԼՂՀ Մարտունու շրջանում ժամկետային զինծառայության ընթացքում իր ձեռք բերած տեղեկությունները: Բացի այդ՝ Սերգեյը 750 ԱՄՆ դոլլարի դիմաց եւս մեկ առաջադրանք է ստացել Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակկց կողմից: Սերգեյին ցուցում է տրվել, որպեսզի վերջինս ընդունվի պայմանագրային զինծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ տեղեկություններ հայտնի այդ զորամասի մասին համացանցի, սկայպի կամ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:

Բայց սա դեռ վերջը չէ. գործին է խառնվել նաեւ Կապան քաղաքի բնակչուհի Կարինե Ղումաշյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում՝ հայտնվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում: Արդյունքում, 2013թ. հավաքագրվել է այդ ծառայությունների աշխատակից Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Կարինեն համագործակցութան համար Ադրբեջանի ծառայության կողմից ստացել է մոտ 1500 ԱՄՆ դոլլար գումար: Եվ, ահա, գալով Հայաստան` Կարինեն ՀՀ տարածքից զանգահարել է Ադրբեջանի ծառայության աշխատակից Արմանին ու, ըստ երեույթին, տեղեկություններ տրամադրել:

Նա իր այդ ծանոթության ու գործունեության մասին ոչ մեկին չի հայտնել, բացի իր հորաքրոջ աղջկանից` Դիանա Գորոյանից, որը եւս իրավապահների աչքից չի վրիպել: Վերջինիս եւս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորաքրոջ աղջկա եւ Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակիցների գործունեության մասին իմացել է, սակայն պետական դավաճանության մասին ոչինչ չի հայտնել իրավապահներին: Ի դեպ, հավելենք, որ Թուրքիայում բնակվող Կարինեն պատրաստվում էր իր որդուն եւս հավաքագրել Ադրբեջանի հետախուզական ծառայության կազմում:

Նկատենք, որ Ադրբեջանի հետախուզական ծառայության հետաքրքրությունների հիմնական թիրախը եղել են Մատաղիսի եւ Մարտունու զորամասերը: Հուսանք, որ վերոնշյալ խմբին չի հաջողվել այնպիսի տեղեկություններ տրամադրել հակառակորդին, որոնք կարող էին վնաս հասցնել սահմանը պահող մեր զինվորներին:

Քնար Մանուկյան




Լրահոս