Սեյրան Օհանյանն այցելել է ուսումնական զորամաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ: Ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում և գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ու կրտսեր հրամանատարների ու մասնագետների որակավորում ստացած կուրսանտները համալրում են զինված ուժերի ստորաբաժանումները:

Ձևավորված ավանդույթի համաձայն` ՀՀ ՊՆ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում հունիսի 19-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում: Ուսումնական գործընթացն ավարտած կուրսանտներին շնորհավորելու և ողջունելու նպատակով զորամաս են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզում տեղակայված զորամասերի հրամանատարներ, վետերաններ:

Մասնագիտական որակավորում ստացած զինծառայողներին ուղղված իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ուսումնական զորամասի դերակատարությունը կրտսեր հրամանատարների պատրաստման, զինծառայողների դաստիարակության և մարտական պատրաստության կատարելագործման հարցում, ընդգծել, որ զինված ուժերի ստորաբաժանումները համալրող կրտսեր հրամանատարներն ուսումնական զորամասում ստացած իրենց գիտելիքներով և հմտություններով նպաստում են զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատվոգրեր, արժեքավոր նվերներ գերատեսչական մեդալներ է հանձնել ուսումնառության ընթացքում լավագույնս աչքի ընկած կուրսանտներին և զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչներին:




Լրահոս