Գյուղացիների պարտքն առաջիկայում կմարվի. Ռոբերտ Մակարյան

ՀՀ կառավարության՝ անցած շաբաթվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց վերահսկել խաղողի մթերման գործընթացը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարչապետի հանձնարարականից հետո գրեթե բոլոր վերամշակող ընկերություններում սկսել են խաղողի մթերման ակտիվ աշխատանքներ:

Խաղողի մթերման գործընթացի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ:

-Պարո՛ն Մակարյան, ինչպե՞ս են ընթանում խաղողի մթերման աշխատանքները:

-Խաղողի մթերման գործընթացը իր բնականոն հունով ընթանում է: Ի դեպ, մենք մեր ձեռքի տակ ունենք գրաֆիկ, թե որ վերամշակող գործարանները պետք է բացվեն առաջիկայում: Իսկ այսօրվա (երեկվա- Ս.Հ.) դրությամբ ՀՀ վերամշակող գործարանների կողմից արդեն մթերվել է 42 հազար տոննա խաղող:

-Ո՞ր ընկերություններն են խաղող մթերում եւ ո՞ր մարզերից:

-Երեւանի կոնյակի եւ գինու գործարանը մթերում է Արմավիրի եւ Արարատի մարզերի բնակիչներից: «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատը նույնպես մթերումներ իրականացնում է Արմավիրի եւ Արարատի մարզերի խաղողագործներից: «Արարատ»-ի, «Ավշար»-ի գինու, կոնյակի գործարանները խաղող մթերում են միայն Արարատի մարզի խաղողագործներից: «Վան 777» վերամշակող գործարանը Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներից է խաղող մթերում: Պռոշյանի գինու, կոնյակի գործարանը արդեն սկսել է մթերումը վերը նշված երկու մարզերի բնակիչներից: Երասխի գինու գործարանը արդեն մեկ ամիս է, ինչ սկսել է մթերումները: «Արտաշատ Վինկոն»-ը Արարատի մարզի խաղողագործներից է խաղող մթերում, իսկ Իջեւանի գինու գործարանը՝ Արմավիրի մարզից: Եղվարդի գինու գործարանը Կոտայքի մարզի բնակիչներից է խաղողի մթերումներ անում: «Արմենիա վայն»-ը Արագածոտնի մարզի խաղողագործներից է մթերում իրականացնում եւ այլն: Առաջիկայում այլ ընկերություններ եւս կսկսեն խաղող մթերել՝ ըստ իրենց պլանավորած ծավալների:

-Պարո՛ն Մակարյան, Ձեր կողմից նշված ընկերությունները նախապես կնքած պայմանագրեր ունե՞ն գյուղացիների հետ, թե՞ վարչապետի հանձնարարականով են մթերում:

-Կան վերամշակող գործարաններ, որոնք գյուղացիների հետ ունեն նախապես կնքված պայմանագրեր: Կան նաեւ գործարաններ, որոնց տնօրինությունը բանավոր պայմանավորվածություն ունի խաղողագործների հետ եւ նրանց պայմանագրերը կնքվում են տեղում:

-Իսկ վերամշակող ընկերութունները խաղողը մթերելու դեպքում վճարումները կանխի՞կ տարբերակով են կատարում, թե՞ ապառիկ:

-Տարբեր վերամշակող գործարաններում մոտեցումները տարբեր են. կան որ ունեն պայմանագիր եւ ըստ դրա էլ կազմում են մարման գրաֆիկ եւ ինչ-որ ժամանակահատվածում կմարեն: Իսկ կանխիկ տարբերակով աշխատում է միայն Երեւանի գինու եւ կոնյակի գործարանն ու «Արարատ» գինու, կոնյակի եւ օղու կոմբինատը:

-Իսկ աղավնաձորցիների եւ «Վեդի Ալկո»-ի խնդրի լուծումը ո՞ր փուլում է: Ընկերությունը դեռ չի՞ վճարել Վայոց ձորի մարզի Աղավնաձորի բնակիչների հանդեպ ունեցած 145 մլն դրամ պարտքը:

-Այս մասով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը գտնվում է գյուղնախարար Իգնատի Առաքելյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Կոնկրետ օր չեմ կարող նշել, բայց առաջիկայում կմարվի գյուղացիների պարտքը: Քանի որ կոնկրետ գործնական քայլեր են կատարվում այս խնդրի լուծման ուղղությամբ:

-Նախորդ տարի գինի, կոնյակ արտադրողները մեծ քանակությամբ խաղող մթերեցին, որոշ ժամանակ անց նույն ընկերությունները դժգոհում էին, որ չեն կարողանում արտադրած գինին, կոնյակը իրացնել: Եւ հիմա նրանք նորից մթերում են…

-Մթերումների հետ կապված երկարաժամկետ ժամանակահատվածի համար ծրագիր է մշակվում, որպեսզի անկախ արտաքին գործոններից վերամշակողները խնդիրներ չունենան: Քանի որ նրանց մոտ առկա խնդիրները անդրադառնում են նաեւ գյուղացիների վրա:

-Վերամշակող ընկերությունները գյուղացուն մեկ կիլոգրամ խաղողի դիմաց ի՞նչ գին են առաջարկում:

-Գները կարգավորվում են ըստ խաղողի տեսակների եւ որակի: Այն գյուղացիները, որոնք չունեն վերամշակող ընկերությունների հետ կնքած պայմանագրեր, իրենց գինն առաջարկում են ըստ տեսակի եւ որակի: Բայց գները տարբեր են:

Հ.Գ. Ի դեպ, ՀՀ վարչապետի հանձնարարականից հետո խաղողի մթերման գործընթացին լծվել են նաեւ ՀՀ մարզպետները: Վերջիններս նույնիսկ սկսել են այցելել վերամշակող գործարաններ: Ստացվում է, որ եթե վարչապետի հանձնարարականը չլիներ, մարզպետները «էշի ականջում քնած» կմնային:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ