Ինչպե՞ս և ինչո՞ւ են հնդկական սերիալները գրոհել մեր եթերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հնդկական սերիալները պարզապես զավթել են հայկական եթերը: Հայ հանրության մի ստվար հատված սոցիալական ցանցերում պարբերաբար իր դժգոհությունն է հայտնում այդ առթիվ: «Որ ալիքի վրա կանգ ես առնում, հնդկական սերիալ է ցուցադրվում»,-նկատում են օգտատերերը: Բանը հասել է նույնիսկ նրան, որ հայկական սերիալային ոլորտի գործիչները սկսել են անհանգստանալ` գուցե հայկական արտադրանքը այս ամենի հետեւանքով պարզապես մղվի երկրորդ պլան եւ դուրս մնա հայ հեռուստադիտողի հետաքրքրության շրջանակից:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի հետ, որը նկարահանվում է նաեւ սերիալներում:

«Հնդկական արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրությունը մեզանում նոր երեւույթ չէ: Երբ մտովի գնում եմ ետ, հիշում եմ, որ դեռեւս խորհրդային տարիներին կինոթատրոններում մեծ հերթեր էին գոյանում, եւ դռներ էին ջարդվում` հնդկական ֆիլմերի ցուցադրությանը ներկա գտնվելու համար: Այսօր արդեն հնդկական արտադրանքը ինտենսիվորեն հրամցնում են եթերով: Այնինչ՝ պետք էր հայկական սերիալային պրոդուկտի որակը բարձրացնել: Բայց չէ՞ որ դա ծախսատար եւ աշխատատար գործընթաց է: Մերոնք էլ հասկանում են, որ չեն կարող դրա «տակից դուրս գալ», ասում են` լավ, մենք էլ չունենանք լավ սերիալ: Չցանկանալով զարգացնել մերը` գնում, առնում են ուրիշինը:

Ընդ որում, ես համոզված եմ, որ լավագույն հնդկական սերիալները չէ, որ ցուցադրում են մեր հեռուստաընկերութունները. նրանք գնում են ամենաէժան եւ մատչելի սերիալները ցուցադրելու իրավունքը: Դե, այդպես ձեռնտու է. քիչ ծախսերով ունենում են շատ եկամուտ եւ հայկական սերիալային ինդուստրիան զարգացնելու համար մեծ գումարներ ծախսելու նպատակ էլ չունեն»,-մեկնաբանեց դերասանը:

Իսկ ահա կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայկական սերիալները հնդկականներից ավելի ցածր որակ ունեն. «Ինչո՞ւ եք սեւեռվում հենց հնդկական սերիալների վրա. հայկականներն ավելի վատն են` խայտառակ դերասանական խաղով, սիթքոմները` հումորի ի սպառ բացակայությամբ: Պետք է հենց հայկական արտադրանքը փնովել, որովհետեւ դրա որակի բարձրացման վրա կարող եք ազդեցություն ունենալ, իսկ հնդկականի վրա` ոչ»,-ասաց նա:

Մի շարք հայկական սերիալների ռեժիսոր Ելենա Արշակյանն էլ հիշեցրեց` օտար սերիալները նոր չեն ցուցադրվում հայկական հեռուստաեթերում. «Բոլորս էլ հիշում ենք մեքսիկական, բրազիլական սերիալները, որոնցից շատերը մեծ վարկանիշ ունեցան ինչպես մեր երկրում, այնպես էլ տարածաշրջանում: Պարզապես հիմա հնդկական սերիալների «շրջանն» է: Կարծում եմ` հայ հեռուստադիտողի համար հնդկական կինոն դեռ 90-ականներից ունի իր ուրույն տեղը: Այդ ժամանակահատվածում մեր հեռուստադիտողը անուն առ անուն գիտեր իր սիրելի դերասաններին եւ ուշադրությամբ հետեւում էր նրանց թե՛ էկրանին, թե՛ դրանից դուրս: Ու հիմա հնդկական նոր հեռուստասերիալները շատերի մոտ նոստալգիա են առաջացնում»,-նշեց նա:

Հայկական մի շարք սերիալների սցենարիստ Անահիտ Մխիթարյանն էլ հայտնեց, որ հնդկական սերիալների` հայկական եթերը գրավելու հանգամանքն իրեն վտանգավոր չի թվում. «Ասեմ ավելին` այդ պարագայում շատ ավելի հետաքրքիր է աշխատել մրցակցային դաշտում»,-նկատեց նա:

Մեզ հաջողվեց թեմայի շուրջ ստանալ նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբանությունը: «Ժողովուրդ»-ը հարցրել էր` ինչը ստիպեց ՀԸ ղեկավարությանը հնդկական սերիալներ հեռարձակելու որոշում կայացնել, որքան գումար է պահանջվել տվյալ հեռուստաընկերությամբ հեռարձակվող հնդկական սերիալի հայկական հեռարձակողը դառնալու համար: Մենք խնդրել էինք տրամադրել տվյալներ հնդկական սերիալների վարկանիշի վերաբերյալ եւ հարցրել էինք` մտավախություն չունեն արդյոք, որ հնդկական սերիալները կարող են ավելի գրավիչ դառնալ հեռուստադիտողների համար, եւ վերջիններիս շրջանում կարող է նվազել հետաքրքրությունը հայկական արտադրանքի նկատմամբ:

Ի պատասխան մեր հարցմանը` հեռուստաընկերությունից մանրամասն ներկայացրել էին իրենց ծրագրերի, դրանց վարկանիշի մասին տեղեկություններ, որոնք ոչ մի կապ չունեին թեմայի հետ: Ակնհայտ էր, որ ղեկավարությունը խուսափել էր հարցերից: Հնդկական սերիալների մասով պատասխանը ընդամենը հետեւյալն էր. «…Հնդակական հեռուստասերիալներն էլ բացառություն չեն, դրանք բարձր վարկանիշ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում: «Արմենիա թի-վի»-ի եթերում այժմ ցուցադրվում է երկու հնդկական հեռուստանովել՝ «Ի՞նչ կոչել այս սերը» եւ «Թռիչք»»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս