ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԹԱԼԱՆԵՑ, ՆԵՐՎԵՑ ՈՒ ԴԱՐՁԱՎ ՀՀԿ-Ի ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում ընդգրկվել են այնպիսի անձինք, որոնք նախկինում հայտնվել էին աղմկալի քրեական պատմությունների կիզակետում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նրանցից մեկն էլ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանն է:

«Ժողովուրդ»-ն օրերս անդրադարձել էր 2016 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանին, որն հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2013 թվականների ընթացքում չի իրականացրել վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ նախարարության տեսչության պետի որոշումների նախապատրաստման, հաշվառման եւ տեղեկանքների կազմման աշխատանքները, ինչի արդյունքում պետությանը հասցվել է 8 միլիոն 320 հազար դրամի վնաս: 2015թ. հուլիսին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրահանգով որոշում էր կայացվել Արծրուն Նաջարյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Սակայն ինչ-ինչ հանգամանքներում Գեւորգ Կոստանյանի կողմից հարուցված քրեական գործի հոդվածը փոխվել էր, եւ Նաջարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):
Ահա այս հոդվածի փոփոխությունը հիմք է տվել դատարանին, որ Արծրուն Նաջարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճեն վաղեմության ժամկետը անցնելու հիմքով:
Չի բացառվում, որ իշխանական վերնախավից ներքին հրահանգ է եղել, որ Արծրուն Նաջարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով հոդվածը փոխեն, քանի որ ապագայում նրա հետ կապված պլաններ ունեն: Այսինքն՝ Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով նրան պետք է առաջադրեն Երեւան քաղաքի թիվ 4 ընտրատարածքում՝ որպես պատգամավորի թեկնածու: Ընտրատարածքն իր մեջ ներառում է Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները:
«Ժողովուրդ»-ը փորձեց Արծրուն Նաջարյանից պարզել, թե ինչպես ստացվեց, որ իր դեմ հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի անցնելու հիմքով կարճվեց: «Չգիտեմ, Ձեզ թյուր տեղեկատվությունը ով է տվել, ինձ չեն ձերբակալել, քանի որ գործ էր հարուցվել, ստորագրությամբ ազատ էին արձակել, որ հանրապետությունից չբացայակեմ: Գործը քննվել է առաջին ատյանի դատարանում, դատարանը որոշում է կայացրել վաղեմության ժամկետը անցնելու հիմքով կարճել: Եթե դատախազությունը գտներ ինչ-որ բան, ինքը կպահանջեր, որ գործը ոչ թե վաղեմության ժամկետով կարճվի, այլ քննությունը մինչեւ վերջ տարվեր: Իրենք 315 հոդվածի 2-րդ մասը առաջադրել էին, բայց դա իմ նկատմամբ չէին կարող կիրառել, դրա համար քննիչը համապատասխան գործողությունները կատարելուց հետո հասկացել էր, որ սա քննելու գործ չէ: Եթե մարդու նկատմամբ վճիռ չկա, դուք չեք կարող մարդուն որեւէ բանում մեղադրել: Ես հայտարարում եմ, որ այն գործառույթը, ինչի համար ինձ կանչել են պատասխանատվության, ես ի պաշտոնե ինձ ինչ հասնում է, իմ գործառույթները իրականացրել եմ եւ ես դա դատարանում կապացուցեմ»,- բացատրեց պատգամավորի թեկնածուն:
Արծրուն Նաջարյանից հետաքրքրվեցինք՝ եթե գործը կարճվել է, ո՞վ պետք է վերականգնի պետությանը հասցված 8 միլիոնի վնասը, վերջինս ասաց. «Կարճվելուց հետո դատախազությունը քաղհայց է ներկայացրել առաջին ատյանի դատարան, որպեսզի գումարի հատուցում պահանջի, եւ մենք ներկայացնելու ենք մեր ապացույցները, որ մեր գործառույթները նորմալ կատարել ենք, կարող է պատահի՝ թերություններ եղել են, բոլոր աշխատող մարդկանց մոտ էլ լինում են: Հետո որոշում կկայացվի, թե ինձանից կբռնագանձվի, թե այլ..: Եթե ես վատ աշխատող լինեի, եւ ինչպես Ձեզ են ներկայացրել, կալանավորված լինեի, ապա ինձ աշխատանքից ազատած կլինեին, իսկ քանի որ դատարանը որոշել է, որ դեռ ես անմեղ եմ, իմ նկատմամբ որեւէ վճիռ չի հրապարակվել, ես աշխատել եմ, աշխատում եմ եւ նույն գործառույթներն էլ իրականացնում եմ»:
Ահա թե ինչպես է գծվում պատգամավորի թեկնածու դառնալու ուղին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԻՆՉՈՒ ՉԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻՆ
ՀՀ պաշտպանության նախարարության գնդապետների մասնակցությամբ գրանցված աղմկահարույց կոռուպցիոն դրսեւորումների առիթով հարուցված քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում: ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանին չեն կարողանում գտնել, չի բացառվում, որ առաջիկայում նրա նկատմամբ հետախուզում հայտարարվի:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2016 թվականի մարտին կալանավորվել էին ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ, փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանը, իսկ ահա ավելի ուշ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը:Պատճառը եղել էր այն, որ «Էլ թեք Քոմփ» ՍՊ-ն ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքած ծառայությունների գնման պայմանագրով գերշահույթ էր ստացել, եւ վերոնշյալ պաշտոնյաները այդ հանգամանքը թաքցնելու համար ընկերության տնօրենից 5 մլն դրամի կաշառք էին պահանջել:
Արդյունքում, գնդապետ Սամվել Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառակերություն):
Պարզել էինք, որ այս գործը 2017 թվականի հունվարի 20-ին ուղարկվել է Ավան եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովի կողմից ծեծի ենթարկված փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանը, ով ծեծի ազդեցության տակ սուտ ցուցմունքներ էր գրել, որ ընկերության տնօրեն Սուրեն Ավագյանից գումարը վերցրել է գնդապետ Սամվել Խաչատրյանին փոխանցելու համար, որպեսզի այդպես կոծկվեր ընկերության տնօրենի կողմից կատարված հանցագործությունը: Արդյունքում նրան գրավի դիմաց ազատ էին արձակել: Այս որոշումը մեղադրող դատախազը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարանում, որը բավարարվել է: Եւ հիմա իրավապահները պետք է կալանքի տակ վերցնեին փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանին:
Փետրվարի 17-ին Ավան եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստի ժամանակ դատավոր Արմեն Վարդապետյանը տարակուսած հետաձգել է նիստը, քանի որ փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանը կալանքի տակ չէ եւ դատական նիստին էլ չի ներկայացել:
Տեղեկացնենք, որ այս գործով դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ինչպես Սամվել Խաչատրյանի հարազատները, այնպես էլ վերջինիս փաստաբան Էդգար Բադեմյանը հայտնեցին, որ չնայած դատարանի որոշումը կա, որ Արսենը պետք է կալանքի տակ լինի, այնուամենայնիվ, նրան չեն կալանավորել:
Ըստ էության, եթե մարտի 10-ին Արսեն Ղարիբջանյանը չներկայանա դատարան, ապա նրա նկատմամբ կհայտարարվի հետախուզում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ
Երեկվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան (Ակնա) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ: ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների եւ ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը:

 

 

ԱՐԱՄ Ա-Ի ՀԵՏ
Վատիկանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Լիբանանում այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն: Արամ Առաջին կաթողիկոսի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո դեսպան Մինասյանն ու Վեհափառը միասին շրջել են Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում եւ Անթիլիասի Կիլիկիա թանգարանում, այցելել են Անթիլիասի Մայրավանքում տեղակայված Հայոց ցեղասպանության հուշարձան, որն առաջինն է աշխարհում:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամներ, առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնին եւ իրավական վերլուծաբան Քսենիա Դաշուտինային: Հանդիպմանը քննարկվել են ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի եւ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները ուսումնասիրելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի գործառույթները, նույն դեպքերով հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող մարմինների գործունեության նկատմամբ դատախազական հսկողության իրականացմանն առնչվող հարցեր:

 

 

ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության բաժին մարտի 2-ին` ժամը 14:30-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գաջագործների 40 հասցեում գողացել են ապրիլյան պատերազմում զոհված Գ. Հ.-ի հիշատակին տեղադրված հուշաքարը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ոստիկանությունից, ձեռնակվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն:

 

 

ՆՈՐ ՌԵԿՏՈՐ
ՀՀ կառավարությունը հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ ընտրությունն անցկացվել է փետրվարի 25-ին:

 

 

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է
Ադրբեջանի ՊՆ՝ երեկ տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներթափանցման փորձը, հորինվածքներ են եւ իրականությանը չեն համապատասխանում: Արցախի ՊՆ-ն հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս եւ պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը եւս ապատեղեկատվություն էր որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:




Լրահոս