Արտագաղթի արդյունքում ուղևորափոխադրումները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանի ուղեւորափոխադրումների ոլորտում անկում է արձանագրվել: Իսկ ահա ընդհանուր բեռնափոխադրումներն անցած տարվա համեմատ 95.7 տոկոսով աճել են:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բեռնափոխադրումների ծավալները աճել են 95.7 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորված է օդային բեռնափոխադրումների ծավալների աճով, որը կազմել է 47.1 տոկոս:

Ի դեպ, բեռների արտահանումը եւ ներկրումը օդային ճանապարհով նույնպես աճել է, համապատասխանաբար՝ 58.3 եւ 20 տոկոսներով: ԱՎԾ տվյալներով՝ երկաթուղային ճանապարհով ներհանրապետական բեռնափոխադրումները նույնպես աճել են՝ 25.2 տոկոսով: Փոխարենը 1.6 տոկոսով նվազել են երկաթուղային բեռնափոխադրումները, որից բեռների արտահանումը նվազել է 53.3 տոկոսով, իսկ ներմուծումը, հակառակը, աճել է 16.7 տոկոսով:

Եթե բեռնափոխադրումների ծավալն արտացոլում է ընդհանուր տնտեսության պատկերը, ապա ուղեւորափոխադրումներն անմիջականորեն արտացոլում են հանրապատության ժողովրդագրական վիճակը:

Այսպես՝ Հայաստանում ընդհանուր ուղեւորափոխադրումները այս տարվա հունվար-փետրվարին նվազել են 6.4 տոկոսով: Ուշագրավն այն է, որ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը անցած տարվա համեմատ կտրուկ աճել է՝ 21.7 տոկոսով:

Փոխարենը երկաթուղով ուղեւորափոխադրումներն են նվազել՝ 6.9 տոկոսով, իսկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները՝ 6.8 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 12.7 տոկոսով: Նկատենք, որ տաքսիների ուղեւորափոխադրումների ծավալները վերջին մի քանի տարիներին շարունակ նվազում են: Իսկ ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը թերեւս մեկն է՝ ուղեւորների նվազումը: Այլ կերպ ասած՝ արտագաղթը չի կարող իրեն զգացնել չտալ: Պաշտոնական տվյալներով՝ յուրաքանչյուր տարի Հայաստանից մոտ 40-50 հազար մարդ է արտագաղթում: Բնական է, որ նրանց բացակայությունը պետք է ազդի ուղեւորափոխադրումների ծավալների վրա:

Մշտական բնակչության թվաքանակի նվազման արդյունքում անցած տարվա համեմատ 5.4 տոկոսով նվազել է նաեւ էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալը: Էլեկտրատրանսպորտ ասելով՝ տվյալ դեպքում խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Մետրոյից բացի՝ մի քանի հատ տրոլեյբուս է մնացել Երեւանում, որոնց մեկ-մեկ կարելի է մայրաքաղաքի փողոցներում հանդիպել: Մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների նվազումը նույնպես կարելի է պայմանավորել բնակչության թվաքանակի նվազմամբ: Մինչդեռ անցած տարվա ընթացքում երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերը ավելի շատ էին օգտվում մետրոյից: Չէ որ այն եղել եւ դեռեւս մնում է ամենահաստատուն գործող հասարակական տրանսպորտը:

Հատուկ ուշադրության են արժանի մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալները: Այս դեպքում աճը կազմել է 28.9 տոկոս: Նշենք, որ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ խոսքը միայն ներկրման մասին է եւ այն էլ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի՝ գազի: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա առաջին երկու ամիսներին անցած տարվա համեմատ զգալիորեն ավելացել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս