ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ամիսներ ի վեր իշխանությունների կողմից հնչող հավաստիացումներին, թե այս անգամ ընտրական գործընթացը լինելու է մաքսիմալ թափանցիկ՝ ներդրվող տեխնիկական նորամուծությունների շնորհիվ, ապրիլի 2-ին կայացած ընտրությունները ընթացան «ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ» տարբերակով:

Ընտրությունների ողջ ընթացքում թե՛ դիտորդները եւ թե՛ շատ քաղաքական ուժերի վստահված անձինք ահազանգում էին, որ ընտրությունները հսկող տեսանկարահանող սարքերը բավական ժամանակ անջատված են եղել, ընթացքում տեխնիկական սարքերի անսարքություն է եղել, նկատելի է եղել նաեւ մարդկանց ուղղորդված հոսք դեպի ընտրատեղամասեր: Ո՞վ եւ ինչպես է պատասխանատվություն կրելու տեխնիկական սարքերի խափանման համար. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
-Պարո՛ն Մուկուչյան, ընտրությունների ընթացքում եղան ահազանգեր, որ տեսանկարահանող սարքերն անջատված են եղել, մատնահետք վերցնող սարքերն են հաճախ փչացել եւ այլն: Ո՞վ եւ ինչպե՞ս է պատասխանատվություն կրելու այս անսարքությունների համար:
-Տեխնիկական սարքավորումներն աշխատել են նորմալ, եւ որեւէ պատասխանատվության խնդիր չկա: Նույնը վերաբերում է նաեւ այն տեսախցիկներին, որոնք տեղադրված են եղել ընտրատեղամասերում, տեսախցիկների մասով պարզաբանվեց բազմիցս, որ այն հղումը, որը դրված էր հանձնաժողովի կայքէջում, ընդամենն այցերի գերծանրաբեռնվածությամբ էր պայմանավորված, որ չէր լինում անմիջապես միանալ: Իսկ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին տրամադրված էր համապատասխան հնարավորություն, այդ թվում նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի դիտարկվեին այդ տեղամասերը:
-Իսկ ի՞նչ կասեք մատնահետք վերցնող սարքերի մասին, դրանց ոչ սահուն աշխատանքի արդյունքում կուտակումներ էին առաջանում: Դա նորմա՞լ է:
-Ինչ վերաբերում է մատնահետք վերցնող սարքերին, բոլոր խափանումները միասին մեկ տոկոսից քիչ էին կազմում, հետեւաբար որեւէ պատասխանատվության խնդիր չի կարող լինել:
-ԵԱՀԿ դիտորդները լրագրողների հետ զրույցում նշել են, որ ընտրակաշառք բաժանելու դեպքեր են արձանագրել, ճիշտ է՝ հրաժարվել են կոնկրետ քաղաքական ուժերի անուններ նշել, բայց խոստացել են, որ այդ մասին ողջ տեղեկատվությունը կլինի իրենց առաջիկա համապարփակ զեկույցում: Դրանք հաշվի առե՞լ եք:
-Ես ծանոթ չեմ զեկույցին: Ծանոթանամ, կասեմ:
-Իսկ ի՞նչ կասեք ընտրողների՝ դեպի ընտրատեղամասեր ուղղորդված հոսքի մասին, դա ընտրախախտում չէ՞, արդյո՞ք այդպիսով ճնշում չի գործադրվել ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա:
-Յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է քննարկվի իր ամբողջության մեջ: Այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք քվեարկության օրվա ընթացքում արձանագրվել են, դրանց մի մասին արդեն արձագանքները տրվել են քվեարկության օրվա ընթացքում, մյուս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովը կանդրադառնա, մինչեւ հայտնի կդառնան վերջնական արդյունքները:
-Պարո՛ն Մուկուչյան, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ մտահոգություն հայտնեցին, որ ոստիկանության կողմից ներկայացված ընտրողների թիվը ուռճացված է: Դա արդեն դիտվեց որպես կասկածահարույց գործոն, որը էական ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքի վրա…
-Որեւէ կասկածամտություն այդտեղ լինել չի կարող:
-Կարծես մոռացության է մատնվել տնօրենների մասնակցությամբ ձայնագրությունների միջադեպը: ԿԸՀ-ն դա վարույթ էր ընդունել, բայց այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ ճակատագիր ունեցավ այդ վարույթը: Կպարզաբանե՞ք:
-Երկու դիմումով էլ ներկայացվել է որոշում, դիմումը մերժվել է:

 

 

 
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-Ը ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ԵՎ ԿՈՏՐՎԱԾ

Նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, հավաքելով քվեների 3.72 տոկոսը, չկարողացավ հաղթահարել սահմանված շեմը եւ կրկին հայտնվել խորհրդարանում: Եթե նախորդ խորհրդարանական ընտրություններին այնժամ «Օրիանց երկիր»-ը կարողացավ մի կերպ հաղթահարել անցողիկ շեմն ու անցնել խորհրդարան, ապա այս անգամ այդ նիշը անցողիկից բավական հեռու էր, ըստ երեւույթին, տարիների ընթացքում կա՛մ մարել է այս ուժի համակիրների վստահությունը, կա՛մ էլ նրանք պարզապես դավաճանել են իրենց կուսակցությանը:

Համենայն դեպս, «Հայկական վերածնունդ»-ի այս պարտությունը սպասելի չէր շատերի համար: Մշտապես համարվում էր, որ ՀՎԿ-ն՝ նախկին օեկականները, ՀՅԴ-ի նման ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, սակայն փաստը մնում է փաստ. Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում խորհրդարանում ներկայացված չի լինի:
Երեկ «Հայկական վերածնունդ»-ը լռության օր էր հայտարարել, կամ էլ գրանցած պարտության պատճառով՝ «սգո օր». կուսակցությունից որեւէ ձայն չէր հնչում: «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց այցելել կուսակցության գլխավոր շտաբ եւ այնտեղ փորձել հանդիպել կուսակցության ղեկավարներից որեւէ մեկին՝ հասկանալու համար նրանց տեսակետն ու հետագա քայլերը: Կուսակցության շտաբում, սակայն, քար լռություն էր, կարծես թե հանգստյան օր հայտարարված լիներ, կուսակցության ղեկավարներից որեւէ մեկի հետ զրուցել չհաջողվեց: «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ քիչ հետո հայտարարություն են տարածելու, եւ պետք է բավարարվենք այդ հայտարարությամբ, իրենք ավելացնելու ոչինչ չունեն:
«Քիչ հետո»-ն չուշացավ, եւ հայտարարությունն էլ սպասված բովանդակությամբ էր. ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը երախտագիտություն է հայտնում իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության 58.000 քաղաքացիներին սկզբունքային դիրքորոշման եւ անկաշառ վերաբերմունքի համար: Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների եւ օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները՝ ներառյալ ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա»,- մասնավորապես նշված էր հայտարարության մեջ: Այսինքն՝ ՀՎԿ-ն եւս այս հայտարարությամբ իր պարտությունը փորձեց կապել ընտրակաշառքի եւ օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավման հետ, այնպես, ինչպես եւ պարտություն կրած մնացած քաղաքական ուժերը: Նախկին օեկականները նշել են նաեւ, որ չեն վիճարկելու ընտրությունների արդյունքները եւ չեն մասնակցելու որեւիցե հետընտրական հանրային միջոցառումների եւ հանրահավաքների: Թե ի՞նչ է անելու Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը առաջիկայում, հայտարարությունում ասված չէ:
Այսպիսով՝ «աչքերը հանելու», «կաշիները քերթելու» սպառնալիքները չունեցան ցանկալի արդյունքը, եւ ՀՎԿ-ն զրկվեց իր ներկայացրած 30 ծրագրային կետերը կյանքի կոչելու հնարավորությունից:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԱՌՈՒՆ ԱՆՑԻ՝ ՀՈՊ ԱՍԱ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ՝ ողջ օրվա ընթացքում, նախնական տվյալներով՝ Հայաստանի խորհրդարան մուտք գործող պատգամավորության թեկնածուները մեկմեկու շնորհավորում էին՝ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Մինչդեռ նրանք դեռ չգիտեն` կստանա՞ն այդ մանդատը, թե՞ ստիպված կլինեն հրաժարականի դիմում ներկայացնել: Բանն այն է, որ ե՛ւ ՀՀԿ-ում, ե՛ւ «Ծառուկյան» դաշինքում դեռ չեն կայացրել որոշումներ, թե ում ինչ ապագա է սպասվում:
Առաջիկա 2 օրերի ընթացքում պետք է որոշվեն այդ հարցերը, քանի որ ԱԺ ընտրություններից հետո՝ 6 օրվա ընթացքում, խորհրդարան անցած ուժերը պետք է հայտարարեն իշխող կոալիցիայի ձեւավորման մասին: Ըստ ԸՕ 97 հոդվածի. «6 օրվա ընթացքում ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ՝ առավելագույնը երկու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ»:

 

 

5 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Ռեյտինգային հիմնական թեկնածուներն այս ընտրություններում ահռելի գումարներ են ծախսել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միայն ՍԱՍ-ի Արտակը` նույն ինքը՝ Արտակ Սարգսյանը, 5 մլն դոլար է ներդրել ընտրական գործընթացի համար: Այդ գումարը ծախսվել է ե՛ւ ընտրական շտաբներ բացելու, աշխատավարձեր տալու, քարոզարշավի համար ե՛ւ որպես ընտրակաշառք: Նկատենք, որ չնայած այս ամենին, նա 12 հազար 27 ձայն է ստացել` զիջելով Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանին, որը հավաքել է 18 հազար 532 քվե:

 

 

ՍԻՐՏ ՉՈՒՆԻ
Ազգային ժողովի ընտրությունների ինտրիգներից մեկն էլ այն էր, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, ռեյտինգային կարգով բավարար ձայներ չի հավաքել, ու հնարավոր է` հաջորդ խորհրդարանում չլինի: Հիշեցնենք` թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուներից առավել մեծ թվով ձայներ ստացել են Սեյրան Սարոյանը, Նահապետ Գեւորգյանը, Ալեքսան Պետրոսյանը: ՀՀԿ-ից այս ընտրատարածքում ռեյտնիգային ընտրակարգով առաջադրված Առաքել Մովսիսյանը՝ նույն ինքը՝ Շմայսը, բավականին ետ է մնացել իր կուսակցական ընկերներից՝ հավաքելով ընդամենը 6 հազար 564 ձայն: «Ժողովուրդ» օրաթերթը Մովսիսյանից փորձեց պարզել, թե ի՞նչն է եղել այդքան քիչ քվե ստանալու պատճառը, եւ արդյո՞ք դեռեւս պատգամավորի կոչում ունեցող Շմայսը կկատարի իր նախընտրական խոստումները եւ ասֆալտապատում կիրականացնի Ծաղկալանջ համայնքում: Սակայն պատգամավորը, լսելով այդ հարցը, արձագանքեց, որ պատասխանել է եւ անջատեց հեռախոսը: Թերեւս Մովսիսյանը ենթադրում էր հարցերի բովանդակությունը եւ շտապեց կանխել դրանք՝ վատ վիճակի մեջ չընկնելու համար:




Լրահոս