«Հայաստանը Ռուսաստանից գնել է մեծ քանակությամբ «Վերբա» զենիթահրթիռային համալիրներ»

«Հայաստանը Ռուսաստանից գնել է մեծ քանակությամբ «Վերբա» զենիթահրթիռային համալիրներ»

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը «Հայ զինվոր»-ին տված հարցազրույցում բավական ուշագրավ տեղեկություններ է հայտնել ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Ստորեւ հարցազրույցը ներկայացվում է ամբողջությամբ:

– Պարո′ն Պողոսյան, քառօրյա մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգը գործել է կազմակերպված: Այս մասին փաստում է այն, որ հակառակորդը, կորցնելով երկու ուղղաթիռ եւ տասնյակ անօդաչու թռչող սարքեր, հրաժարվեց ավիացիայի հետագա կիրառումից: Այնուամենայնիվ, ի՞նչ է արվել մեկ տարվա ընթացքում ՀՕՊ զորքերի մարտական կարողությունները կատարելագործելու համար:

– Նախ՝ նշեմ, որ ՀՕՊ համակարգը միշտ եղել է մեր պետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մինչ ապրիլն էլ այն համակարգված եւ ուղղորդված է զարգացել: Հակառակորդը միլիարդներ էր ծախսում ուժեղացնելու իր ռազմաօդային ուժերը, իսկ մենք, բնականաբար, ձեռք էինք բերում հակազդելու, ասիմետրիկ պատասխան տալու արդյունավետ միջոցներ: Մեր համալիրները տասնապատիկ էժան են, բայց կարող են չեզոքացնել նրանց ձեռքբերումները: Օրինակ` Ս-300 զենիթահրթիռային համալիրները, որոնք ունակ են մեծ հեռավորությունների վրա տասնյակ թիրախներ խոցելու, «Բուկ», «Կուբ» համակարգերը, «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները եւս կարելի է արդյունավետ կիրառել:

Ապրիլյան գործողություններից հետո, իհարկե, համապատասխան հետեւություններ են արվել: Կտրուկ քայլեր են ձեռնարկվել վերազինման գործընթացը արագացնելու եւ հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից միջոցներով համալրելու ուղղությամբ: Ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Չափազանցություն չլինի` Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ: Մեկ տարվա ընթացքում ստեղծել ենք ամուր հակաուղղաթիռային համակարգ: Գաղտնիք չէ, որ հակառակորդը առաջնագծում ճեղքում իրականացնելու կամ ինչ-որ գործողություն կատարելու համար անպայման փորձելու է կիրառել մարտական ուղղաթիռներ` յուրային զորքին կրակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս վտանգը չեզոքացնելու համար հակաուղղաթիռային համակարգում զգալիորեն ավելացել են նշանուղիները: Եթե հակառակորդը եւս մեկ փորձ նախաձեռնի, կունենա ոչ թե մեկ-երկու ուղղաթիռի կորուստ, այլ հաշված րոպեներում կոչնչացվեն նրա մի քանի տասնյակ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ:

– Մինչեւ ապրիլ կարծես թե անօդաչու սարքերի կիրառման մարտավարությունը և դրանց դեմ պայքարի եղանակները այդքան էլ մեր ուշադրության կենտրոնում չէին:

– Այո՛: Սակայն մարտական գործողությունների վերջին փորձից ելնելով` ԱԹՍ-ի դեմ պայքարը դարձավ մեր առաջնային ուղղություններից մեկը: Այդ նպատակով ամբողջությամբ վերազինել եւ արդիականացրել ենք մեր զինանոցում առկա զենիթահրթիռային համալիրները` մեծացնելով դրանց հուսալիությունը: Այժմ այդ համակարգերը կարող են զանգվածային կրակ արձակել փոքր նշանակետերի ուղղությամբ եւ արդյունավետ խոցում իրականացնել: Խոսքը ԶՈւ-23-2, Ս-60, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանների մասին է, որոնք լրահամալրվել են տարբեր նշանոցներով, ջերմատեսիլ սարքերով: Կարելի է ասել` երկրորդ կյանք են ստացել:

– Խոցում իրականացնելուց առաջ, սակայն, պետք է հետախուզել եւ հայտնաբերել օդային նշանակետը: Ի՞նչ է արվել ՀՕՊ համակարգի հետախուզական հնարավորությունները ընդլայնելու համար:

-Արդիականացվել են առկա ռադիոլոկացիոն միջոցները: Նախկին ռադիոլոկատորները նախատեսված չէին փոքր չափերի սարքերի համար: Ապրիլից հետո հայկական ռազմաարդյունաբերական համալիրի ուժերով մշակվել է նոր սերնդի արդյունավետ գործող ռադիոլոկացիոն կայան, որը հաջողությամբ անցել է պետական փորձարկումները, եւ արդեն մի քանի ամիս է, ինչ մարտական հերթապահություն է կատարում ՀՕՊ զորքերում: Հավատացնում եմ, որ ամբողջ Ադրբեջանը, ներառյալ մայրաքաղաք Բաքուն, առցանց ռեժիմով մեր անմիջական հսկողության տակ է: Նոր լոկատորը թվայնացված է նոր սկզբունքով եւ հնարավորություն ունի հայտնաբերելու ամենափոքր չափի նշանակետը եւ կրակային միջոցին փոխանցելու կոորդինատները: Այնպես որ, ԱԹՍ-ի հայտնաբերման խնդիր չունենք: Հարցը փակված է:

– Մարտի 4-ին Արցախի հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի «ORBITER» տեսակի անօդաչու սարք խոցեցին: Այն խոշոր ԱԹՍ է եւ հետեւաբար կարող է գործել մեծ բարձրության վրա: Իսկ Ձեր նշած զենիթային կայաններն արդյունավետ են ցածր բարձրություններում: Ինչպե՞ս հնարավոր եղավ ոչնչացնել իսրայելական արտադրության անօդաչուն:

– Սարքը հատել էր սահմանագիծը՝ հետախուզական խնդիր կատարելու նպատակով: Այն 4 կմ բարձրության վրա էր: Հայտնաբերվել էր վերոնշյալ ռադիոլոկատորի միջոցով: «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրով կատարվել էր ուղեկցումը, ապա խոցվել հրթիռով: Ճիշտ եք, մինչ այդ ԱԹՍ-ի խոցումը իրականացնում էինք ցածր բարձրություններում, իսկ այժմ հակառակորդի խոշոր հետախուզական անօդաչուները, որոնք աշխատում են մեծ բարձրության վրա, հնարավոր է ոչնչացնել վերազինված «Օսա-ԱԿ»-ով:

Մեր սպառազինությունը համալրող նոր սերնդի մարտական մեքենաներն էլ այս հարցն ընդհանրապես կհանեն օրակարգից, քանի որ նախատեսված են ավելի բարձր թռչող ցանկացած տիպի օդային սարքեր ոչնչացնելու համար: Ներկայումս կատարում ենք դրանցով աշխատող անձնակազմի ընտրություն` համապատասխան վերապատրաստում անցնելու համար:

– ՀՕՊ համակարգի արդյունավետության մեծացման հարցը սերտորեն կապված է նաեւ կադրերի պատրաստման, ռազմական կրթության հետ: Ժամանակակից կառավարման համակարգերը, ինչպես նաեւ զենիթահրթիռային եւ ռադիոտեխնիկական նորագույն միջոցները նոր պահանջներ են թելադրում:

-Օդային հարձակման միջոցները ամենաարագ շարժվող նշանակետերն են, ուստի ՀՕՊ համակարգի զինծառայողները պետք է ունակ լինեն մյուս բոլոր զորատեսակների զինծառայողներից ավելի արագ կողմնորոշվելու, գնահատելու իրադրությունը եւ որոշում ընդունելու: Մեր հիմնական կռվանը մեր անձնակազմն է, որը գերազանցել է հակառակորդին թե՛ 90-ականներին, թե՛ ապրիլյան կռիվների ժամանակ:

Ինքս Արցախյան պատերազմի ժամանակ եղել եմ «Օսա-ԱԿ» մարտական մեքենայի հրամանատար, սակայն չէի էլ կարող պատկերացնել, որ այդ համալիրով կարելի է այնպիսի գործողություններ կատարել, որի ականատեսը եղա: Օրինակ` ապրիլի 4-ին «Օսա-ԱԿ» մարտական մեքենայով խոցվեց «ORBITER» տեսակի անօդաչու երկու սարք: Հաշվարկի հրամանատարը, որ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտ է, պարգեւատրվեց «Մարտական խաչ» շքանշանով:

Այնպես որ, ներկայիս սերունդը բոլոր առումներով գերազանց է: Թեպետ, ինչ խոսք, համապատասխան հետեւություններ այնուամենայնիվ արել ենք պատրաստության, ուսուցման ոլորտը կատարելագործելու առումով: Ապրիլյան գործողությունների մանրամասն վերլուծությունը, որպես ուղեցույց, ուղարկվել է զորքեր անմիջական կիրառման: Փոփոխել ենք դյուրակիր զենիթային միջոցների վարժասարքերի ծրագրերը` բարդացնելով հրաձիգների խնդիրները: Վերանայվել է ՀՕՊ մարտավարությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկություններից: Մեր հակաօդային պաշտպանությունը ուժեղացվել է թե՛ որակապես, թե՛ քանակապես: