Ինչո՞ւ 2002թ-ից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունների փորձեր չեն արվում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժը միջամտի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Երեկ երեկոյան նման հայտարարություն է արել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: «Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն, եւ երրորդ ուժը միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չի տա», – ասել է Դեհղանը:

Իրանի պաշտպանության նախարարի կողմից արված այս հայտարարությունը բավականին ուշագրավ է հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում: Թերեւս, կարելի է տարբեր ենթադրություններ անել, թե որ երկրին կամ երկրներին նկատի ունի իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ երրորդ ուժ ասելով՝ ԱՄՆ-ի՞ն, Ռուսաստանի՞ն, Ֆրանսիայի՞ն, թե՞ Թուրքիային: Իսկ գուցե բոլորին միասի՞ն: Բայց այդ դեպքում Իրանը եւս համարվում է երրորդ ուժ, որի նկրտումները՝ առավել ակտիվ դերակատարություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մշտապես եղել են եւ ասօր էլ չեն նվազել:

Իրանի ՊՆախարարի այս հայտարարությունը առիթ է՝ հարց բարձրացնելու, իսկապես, ինչու 2002թ-ից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ բանակցությունների փորձեր չեն արվում այլեւս: Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի ամենաակտիվ փուլում անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այն ժամանակ դեռեւս Նախիջեւանի ղեկավար Հեյդար Ալիեւի միջեւ եղել են երկկողմանի բանակցություններ, որոնց արդյունքում Նախիջեւանի կողմից Հայաստանի վրա կրակոցներ չեն եղել: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ունեցավ նման փորձեր, որոնցից վերջինը 2002թ. կայացած Սադարակի հանդիպումն էր:
Թե որքանով էին այդ երկկողմ գործընթացները արդյունավետ, հարցի մյուս կողմն է, ընդ որում՝ բավականին մեծ գաղտնիության քողի ներքո պահվող կողմը: Սակայն փաստ է, որ ինքնին այդ ձեւաչափի բացառումը վերջին տարիներին որեւէ լավ բանի չի հանգեցրել: Եվ հիմա, երբ շատ է խոսվում բանակցային նոր մեխանիզմների, նոր համարձակ լուծումների անհրաժեշտության մասին, հետաքրքիր է՝ արդյո՞ք հնարավոր է, առհասարակ, կազմակերպել Հայաստանի եւ Ադբեջանի նախագահների միջեւ երկկողմ՝ առանց որեւէ երրորդ ուժի մասնակցության գործընթաց:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ անգամ պատերազմական տարիներին եղել է ուղիղ կապ Բաքվի եւ Երեւանի միջեւ, եւ ակնարկեց, որ այսօր էլ ինքը կողմնակից է նման կապի ստեղծմանը: Սա շատ հստակ ուղերձ էր՝ երկկողմ շփման մեխանիզմի վերականգնման մասին, որը, սակայն, դատելով հետագա ընթացքից՝ չարժանացավ հավանության: Եվ ամենեւին փաստ չէ, որ Ադրբեջանի կողմից:




Լրահոս