Հնդկական նոր սերիալ՝ ՀՀԿ-ականների կատարմամբ. ովքե՞ր են նշանակվելու առանցքային պաշտոններում

Հնդկական նոր սերիալ՝ ՀՀԿ-ականների կատարմամբ. ովքե՞ր են նշանակվելու առանցքային պաշտոններում

ՀՀԿ գործադիր մարմնի հետընտրական նիստերն արդեն նմանվում են հնդկական սերիալների. ՀՀԿ-ն, որ այս ընտրություններից հետո եւս շարունակելու է մնալ իշխանության ղեկին, չի շտապում հստակեցնել, թե ովքե՞ր են նշանակվելու առանցքային պաշտոններում. ո՞վ է լինելու ԱԺ նախագահը, ՀՀԿ ցուցակից ովքե՞ր են դառնալու պատգամավոր, ովքե՞ր են մաս կազմելու կառավարության, ի՞նչ տեսք է ունենալու ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, եւ գործընկեր կուսակցությանը նախարարական քանի պորտֆել է բաժին հասնելու:
Հայտնի է միայն մեկ փաստ. վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել գոնե մինչեւ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտը: Իսկ մյուս պաշտոնյաների դեպքում խորը անորոշություն է, եւ ինչպես սերիալներում է լինում՝ ՀՀԿ վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փորձում է անորոշության ինտրիգը հնարավորինս երկար ձգել՝ այդպես կախվածության մեջ գցելով «հեռուստադիտողներին» ու նրանց գամելով քաղաքական էկրանին:

Դրա համար էլ ՀՀԿ՝ շաբաթը մեկ գումարվող ԳՄ նիստերից հետո ինֆորմացիաները տրվում են «փոքր չափաքանակներով». մինչեւ հիմա հայտարարվել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում պատգամավորներ Արտակ Զաքարյանի եւ Արտակ Դավթյանի նշանակման մասին: Հաջորդ նիստում կհրապարակվի եւս մեկ-երկու անուն՝ հավանաբար մեկ-երկու փոխնախարարի կամ նախարարի, հետո կրկին եւս մեկ-երկու անուն, եւ այսպես՝ մինչեւ խորհրդարանի ու կառավարության վերջնական կազմավորումը:
Հանրապետականներն, իհարկե, կարող են արդարանալ, թե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը բողոքարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները, եւ իրենք սպասում են ՍԴ որոշմանը, առավել եւս, որ այդ պատճառով հետաձգվեց խորհրդարանի անդրանիկ նիստը, հետեւաբար հետաձգվում է նոր կառավարության կազմավորումը, եւ իրենք շտապելու ոչինչ չունեն, վերջնական որոշում կայացնելու համար բավարար ժամանակ կա:
Միայն թե, արձանագրենք, որ այս գործելաոճն ամենեւին էլ նոր չէ. ՀՀԿ-ն միշտ էլ այդպես է վարվել եւ դա՝ որոշակի նպատակներով:

ՀՀԿ-ն մաս-մաս ներկայացնում էր իր որոշումները ԱԺ ընտրություններից առաջ, երբ քննարկում էին, թե ո՞վ որ ընտրատարածքում է առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով, ո՞ր տեղն է զբաղեցնելու ՀՀԿ ցուցակում: Այն ժամանակ էլ բոլորը սպասում էին Սերժ Սարգսյանի վերջնական որոշմանը, եւ ինտրիգը տեւական ժամանակ ձգվեց: ՀՀԿ-ն այդպես է վարվել նաեւ նախորդ ընտրություններից հետո. 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՕԵԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն էին ձեւավորում, միանգամից չհայտարարվեց որոշումների մասին /չնայած՝ այն ժամանակ պարզ էր, որ վարչապետը մնալու է Տիգրան Սարգսյանը, իսկ ԱԺ նախագահ լինելու է Հովիկ Աբրահամյանը/, եւ բացի այդ՝ նախարարների նշանակումներն արվում էին հերթով. սկզբում նշանակվեցին պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, մեկ-երկու օր անց՝ ուրիշը, հետո՝ ուրիշը, եւ այսպես մինչեւ կառավարության վերջնական ձեւավորումը: 2013թ. նախագահական ընտրություններից հետո եւս, երբ կառավարությունը սահմանված կարգով հրաժարական էր տվել, ու նոր կառավարություն պետք է ձեւավորվեր, կրկին միանգամից չհայտարարվեց կառավարության ողջ կազմի մասին: Այդպես եղավ նաեւ Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականից հետո՝ նախորդ տարվա սեպտեմբերին:

Այս գործելաոճն, իհարկե, ունի իր նպատակը: Մի կողմից՝ կուսակցության ներսում այսպես սակարկությունների եւ տարբեր հարցեր լուծելու հնարավորություն է ստեղծվում: Մյուս կողմից՝ իշխանության նոր կազմի վերաբերյալ ինտրիգը պահելով՝ ՀՀԿ-ն գտնվում է անընդմեջ ուշադրության կենտրոնում, երբ մամուլում, հասարական-քաղաքական շերտերում խոսվում, քննարկվում է իշխանության կազմի, հնարավոր պաշտոնավարումների եւ պաշտոնանկությունների հարցը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ