ՖՈՏՈ. Ժամանակն անցնում է, իսկ տաղանդը, որը մատնվում է անգործության` մարում. Նարինե Դելլալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է ջութակարուհի Նարինե Դելլալյանի հետ, որը մոտ 20 տարի է՝ բնակվում է Լիսաբոնում (Պորտուգալիա): Նա Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է։ Այս օրերին երաժիշտը Երեւանում է։

-Տիկի՛ն Դելլալյան, գործնական այցո՞վ եք Հայաստանում։ Մի փոքր պատմեք, խնդրեմ, առաջիկա ծրագրերի մասին:

-Անկեղծ ասած՝ չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ այցելել Հայաստան՝ ոչ գործնական նպատակով։ Այս այցս բազմանպատակ է։ Այս տարի նշվում է հայրիկիս՝ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 80-ամյակը, եւ այդ առիթով կազմակերպվելու են մի քանի միջոցառումներ։ Ապրիլի 28-ին եւ մայիսի 1-ին կայանալու են համերգներ՝ նվիրված նրա հիշատակին։ Նաեւ տպագրման ենք պատրաստում կոմպոզիտորի կամերային ժանրի հինգ ստեղծագործությունները, որոնք, հուրախություն շատերիս, մի քանի օր հետո պատրաստ կլինեն, եւ երաժիշտները հնարավորություն կունենան այսուհետ իրենց ձեռքի տակ ունենալու նրա նոտաները։ Շատ կարեւորում եմ այն փաստը, որ այս գործում իր աջակցությունն է ցուցաբերել մշակույթի նախարարությունը։ Հաջորդ կարեւոր իրադարձությունը համահայկական նվագախմբի երեւանյան առաջին ելույթն էր, որտեղ հրավիրված երաժիշտների թվում էինք ես եւ որդիս, որը եւս երաժիշտ է։ Ըստ իս, սա բացառիկ իրադարձություն է, որը միավորելով տարբեր երկրներից եկած հայ երաժիշտների՝ մաշկի վրա զգացնել տվեց մեր միասնության ուժը։

-Հայաստան-սփյուռք մշակութային հարաբերություններում կա՞ մտահոգիչ հանգամանք, որի մասին կցանկանաք խոսել։

-Աշխատելով Լիսաբոնում՝ փորձում եմ իմ նպաստը բերել Հայաստան-սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանը՝ դրանով նաեւ տեղացիներին ի ցույց դնելով մեր մշակույթը։ Անշուշտ, ունենք շատ մտահոգիչ հարցեր, որոնցից կարեւորագույնը, թերեւս, միմյանցից լավատեղյակ չլինելն է։ Խորհրդային տարիներն ավելի խորացրեցին հայերի միջեւ անջրպետը։ Մենք գրեթե անտեղյակ ենք այն մշակույթից, որը ստեղծվել եւ ստեղծվում է սփյուռքում, եւ կարծում եմ՝ նույնն էլ հակառակն է։ Դեռ որեւէ հայտարարի չենք եկել նաեւ լեզվական խնդիրների շուրջ։ Սա նույնպես չի նպաստում երկու տարբեր մշակույթներ կրող մեր հայրենակիցների մերձեցմանը։ Ցանկալի կլիներ, որ սփյուռքը ազատորեն մասնակցեր հայրենիքի հզորացմանը՝ ոչ միայն ֆինանսական օժանդակությամբ, այլեւ մարդկային ներուժի, մասնագետների օգտակարությամբ։ Ինքս շատ կցանկանայի տեսնել սփյուռքահայության գործունեությունը նաեւ երկրի կառավարման գործում։

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ մեզ անհապաղ անհրաժեշտ է հնարավորություն տալ մեր լավագույն ուժերին՝ ստեղծելու ամենատարբեր օպերաներից ու բալետներից բաղկացած, համաշխարհային նորմերով հագեցած խաղացանկ, որը կհրապուրի եւ կկանչի հանդիսատեսին։ Իսկ ի՞նչ փոփոխություններ կցանկանաք տեսնել դասական երաժշտարվեստի ոլորտում։

-Կուզենայի, որ մեր տաղանդավոր երաժիշտները, որոնք թվով շատ են, մեր երկրում կայանալու եւ իրենց ունակությունները ճիշտ ժամանակին օգտագործելու հնարավորություն ունենային։ Այլապես ժամանակն անցնում է, իսկ տաղանդը, որը մատնվում է անգործության, մարում։

-«Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահն եք: Ձեր կարծիքով՝ Հայրիկ Մուրադյանի վաստակն ըստ արժանվույն գնահատվե՞լ է մեր իշխանությունների կողմից:

-Կարծում եմ՝ շատերի համար Հայրիկ Մուրադյան անունը խորհրդանիշ է սերունդների մեջ ազգային ինքնության արթնացման հարցում։ Նա այն կերպարն է, որը նախ եւ առաջ գոյություն ունի եւ ապրում է ժողովրդի սրտում։ Վստահաբար կարող եմ փաստել, որ ամեն անգամ, երբ որեւէ դուռ եմ թակել Հայրիկ Մուրադյանի կամ իր գործունեությանը վերաբերող ինչ-որ հարցով, միշտ հանդիպել եմ հարգանքի եւ բարյացակամ վերաբերմունքի։ Կազմակերպության նպատակը մշակութային ժառանգության պահպանման եւ փոխանցման հարցում մեր անմիջական դերակատարությունն ունենալն է։ Տարբեր ծրագրեր ենք իրականացրել եւ պետք է շարունակենք անել այն ամենը, ինչ գտնում ենք անհրաժեշտ։

Աննա Բաբաջանյան




Լրահոս