ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Դիլիջանում

Դիլիջանի Գոշ լիճը գտնվում է վտանգավոի գոտում: «Վենդոռ» ՍՊԸ-ն ծանր տեխնիկա է մտցրել Գոշ լիճ՝ վնասելով լճի էկոհամակարգը, հատելով բազմաթիվ ծառեր: Ըստ բողոքողների՝ լճի տարածքում տեղի ունեցող վայրագությունները նպատակ են հետապնդում իրականացնել հանգստի գոտու կառուցապատման աշխատանքներ: Անհանգստացնում է այն փաստը, որ կառուցապատողը, հնարավոր է, հսկիչ անցակետ կառուցի շահադիտական նպատակներով:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ խորհուրդ ունի մկրտությունը: Ընդհանրապես ի՞նչ է անհրաժեշտ մկրտության համար:

Լիաննա Գեւրոգյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մկրտության համար նախ պետք է հավատք ունենալ, հրաժարվել չարից ու նրա գործերից: Պետք է գիտենալ հավատքի դավանությունը, ունենալ համապատասխան գիտելիքներ քրիստոնեության եւ Եկեղեցու վերաբերյալ: Եվ ամենից առաջ պետք է հավատալ Սուրբ Երրորդությանը, քանի որ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով ենք մկրտվում: Կնքահայրը պետք է լինի մկրտված, չափահաս, ցանկալի է՝ ոչ մոտ ազգական (ցանկալի չէ, որ հորեղբայրը, քեռին, հորեղբոր, քեռու, մորաքրոջ կամ հորաքրոջ զավակները լինեն կնքահայր), ուղղափառ դավանանք ունեցող:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ մկրտվողը, եթե չափահաս է, պետք է լինի սոված՝ հաղոդություն վերցնելու համար, չափահաս աղջիկները պետք է չշպարվեն, զարդեր չկրեն, զուգագուլպաներ չհագնեն, որպեսզի ծնկները բաց լինեն լվանալու համար: Մկրտվողի ծնողները պետք է մկրտված լինեն, հակառակ դեպքում պետք է մկրտվեն երեխայի հետ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղափոխվել ծերանոց: Ոչ ոք չկա, որ ինձ օգնի: Խնդրում եմ ասեք՝ ես ո՞ւր կարող եմ դիմել, ի՞նչ թղթեր պետք է ներկայացնեմ, որպեսզի տեղափոխվեմ եւ ապրեմ ծերանոցում: Նշեմ, որ ունեմ մեկ տղա:

Մանուկ Հայրապետյան (75 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները (տուն-ինտերնատները) շուրջօրյա լրիվ խնամքով ապահովում են տարեց (65 տարին լրացած) եւ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց:
Տուն-ինտերնատ ընդունվելու համար քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմին՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.
1. անձնագիր կամ նույնականացման քարտ.
2. հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը՝ տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ.
3. անձի բժշկական քարտը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով հաստատված ձեւին համապատասխան (բլանկը տրամադրվում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի կողմից):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անհրաժեշտ ձեւերը լրացվելուց հետո քաղաքացին այդ փաստաթղթերը պետք է ներկայացնի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն հաշվառման եւ ապա տուն-ինտերնատում տեղավորման համար: Ի դեպ, բնակարանի առկայությունը տուն-ինտերնատ ընդունվելու համար խոչընդոտ չէ: Տուն-ինտերնատում խնամվողները ստանում են իրենց կենսաթոշակի ապահովագրական մասը:




Լրահոս