Վահան գյուղի ֆերմաներից մեկում 30 գլուխ ոչխար է հոսանքահարվել

Վահան գյուղի ֆերմաներից մեկում 30 գլուխ ոչխար է հոսանքահարվել

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի` Մովսես Բալյանին պատկանող ոչխարաբուծական ֆերմայում անցած գիշեր հոսանքահարման հետեւանքով սատկել են 30 գլուխ մայր ոչխար և գառներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, ոչխարաբուծական ֆերմայի տանիքը ունի երկաթե ծածկ, ինչի վրա էլ ընկել է քամու կտրած էլեկտրական լարը՝ անմիջական լարման տակ թողնելով ոչխարներին:

«Առավոտյան հովիվը գնացել է գոմի դուռը բացելու և հոտն արոտի հանելու: Նա ևս հոսանքահարվել է, ինչը, բարեբախտաբար, չի վերջացել մահացու ելքով: Նրա ահազանգով էլեկտրիկը մեկուսացրել է էլեկտրական հոսանքի հաղորդալարը: Դրանից հետո միայն անասնատերերը մտել են ֆերմա: Սատկած անասունները պատկանում են մի քանի տնտեսությունների: Ընդհանուր վնասը կազմում է ավելի քան մեկ միլիոն դրամ: Անասնաբույժի տված եզրակացության համաձայն՝ սատկած կենդանիների միսը պիտանի չի եղել օգտագործման»,-ասել է Գուրգեն Բալյանը: