Հայաստանում քաղաքական դաշտը բաժանվել է խորհրդարան անցած և խորհրդարանից դուրս մնացած ուժերի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանում քաղաքական դաշտը տարված էր ընտրական գործընթացներով՝ նախ՝ խորհրդարանական, ապա եւ՝ Երեւանի ավագանու, մեր շուրջը տեղի էին ունենում զարգացումներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ազգային անվտանգության հիմնախնդիրներին: Ավելին՝ արվեցին հայտարարություններ, որոնք պետք է որ արժանանային հստակ քաղաքական գնահատականի առնվազն ընդդիմադիր ուժերի կողմից: Մասնավորապես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունը՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի՝ Իսլամական պետության դեմ պայքարում ներգրավվելու հնարավորության մասին: Ասել, որ դա մեզ համար վտանգավոր հայտարարություն էր, կնշանակի՝ ոչինչ չասել: Հայաստանը անհարկի ձեւով թիրախավորող ռուս պաշտոնյայի այս հայտարարությունից հետո, սակայն, տպավորություն էր, որ մեր ընդդիմադիր դաշտում բացառապես խուլուհամրեր են:

Եթե Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի դեպքում միգուցե եւ կարելի էր որպես արդարցում /թեեւ, միեւնույն է, անընդունելի/ նշել, թե վերջիններս զբաղված են ընտրական գործընթացով եւ ռեսուրս ու ժամանակ չունեն այլ բաների մասին մտածելու, ապա փողոցային պայքար սկսելու մասին խոսող եւ ընդդիմության տիտղոսը զիջել չցանկացող ուժերի լռությունն առնվազն տարակուսելի է: Այս եւ նմանատիպ այլ կարեւորագույն հարցերում դրսեւորելով բացահայտ անտարբերություն՝ խորհրդարանից դուրս մնացած ընդդիմադիրները, փաստորեն, ցույց են տալիս, որ իրենց ողջ կռիվն ու մտահոգությունը մանդատ ստանալն էր, եւ եթե դա չստացվեց, այլեւս կարիք չկա բարձրաձայնելու անգամ երկրի անվտանգությանն առնչվող մարտահրավերների դեպքում:
Այս առումով առավել նկատելի է ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչների քար լռությունն ու իրենց ընտրազանգվածին պատերազմի հեռանկարով մոտիվացնող ՀԱԿ անդամների պասիվությունը:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում քաղաքական դաշտն այլեւս բաժանված է ոչ թե ընդդիմադիր եւ իշխանական ճամբարների, այլ խորհրդարան անցած եւ խորհրդարանից դուրս մնացած ուժերի: Ընդ որում, վերջիններս այսպես շարունակելու դեպքում իրենց խորին քաղաքական դեպրեսիայից կարող են առհասարակ դուրս չգալ՝ ի վերջո, հասնելով քաղաքական վախճանի:
Ամենատխուրը, սակայն, այն է, որ այս իրավիճակում արդարացված են հնչում հանրապետականների այն պնդումները, թե իրենք միակ ուժն են, որ չեն խուսափում պատասխանատվութունից, մինչդեռ ընդդիմությունը մշտապես առիթ է գտնում՝ սեփական ձախողումների մեղքը իշխանության կամ ժողովրդի վրա բարդելու եւ նոր քաղաքական դեպրեսիան արդարացնելու համար: Ցավոք, գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերը գործում են հովհարային անջատումներով:




Լրահոս