ՊԱՇՏՈՆԻ ԻՋԵՑՈՒՄ ՉԵՄ ՀԱՄԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով իր՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնին նշանակման հնարավորության թեմային, ասաց. «Նոր ժամանակները նոր խնդիրներ են դնում»։

Ինչպես հայտնի է` նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որ ԱԺ ընտրություններում զբաղեցնում էր ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը, հրաժեշտ տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնին՝ ընտրվելով ԱԺ փոխնախագահ: Ու տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է արդարադատության նախարարի հնարավոր թեկնածուների անունները, որոնցից մեկը Սերժ Սարգսյանի օգնական Հրայր Ղուկասյանն է:
Սակայն այսօրվա դրությամբ առավել հավանական է Դավիթ Հարությունյանին նախարար նշանակելու տարբերակը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ մայիսի 30-ին Ազգային ժողովում քննարկվելու է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը, որով նախատեսվում է կրճատել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը՝ թողնելով միայն ղեկավարի հաստիքը: Այսինքն՝ Դավիթ Հարությունյանի պաշտոնը «կիսվում է», կորցնում իր իմաստը։ Այնպես որ, նրա նախարար դառնալը տեխնիկայի հարց է։ Ու նախարարությունում արդեն սպասում են Հարությունյանի վերադարձին։
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարար եղել է 1998 թվականից մինչեւ 2007 թվականը։
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի հետ բլից զրույց ունեցավ՝ հասկանալու համար, թե արդյոք պաշտոնի իջեցում չէ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի պաշտոնից ՀՀ արդարադատության նախարար նշանակվելը:
-Պարո՛ն Հարությունյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է այն հարցը, որ Դուք եք լինելու ՀՀ արդարադատության նախարար: Առաջարկ ստացե՞լ եք Սերժ Սարգսյանից:
-Երբ անհրաժեշտ լինի, ես դրա մասին հրապարակավ կասեմ:
-Դուք 1998 թվականից մինչեւ 2007 թվականը եղել եք ՀՀ արդարադատության նախարար, նորի՞ց կպատրաստվեք հետ գնալ, չե՞ք հոգնել:
-Երբ նման որոշում լինի, այդ ժամանակ դրա մասին նոր կարող եմ խոսել:
-Դուք ներկայումս զբաղեցնում եք ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը: Եթե Ձեզ նշանակեն ՀՀ արդարադատության նախարար, Դուք դա պաշտոնի իջեցում չե՞ք համարի։
-Հմ…, ամենեւին, տարբեր գործունեության ոլորտներ են:
-Իհարկե, տարբեր են, բայց կա պաշտոնի բարձր, ցածր լինելու հանգամանք: Այսինքն՝ Դուք պաշտոնի իջեցում չե՞ք համարում:
-Ընդհանրապես, եթե ինձ նման առաջարկ լինի, չեմ համարի իջեցում:
-Իսկ Դուք ցանկություն ունե՞ք արդարադատության նախարար նշանակվելու:
-Ես քաղաքական թիմի անդամ եմ, չեմ հասկանում հարցը:
-Քաղաքական թիմը կարող է՝ այլ ցանկություն ունի, իսկ Ձեր ցանկությունը միգուցե այլ է: Օրինակ՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանից մեկ անգամ հետաքրքրվեցին, թե նա կցանկանա նշանակվել ՀՀ արդարադատության նախարար, նա ասել էր երբեք: Նախկին նախարարները հրաժարվում են:
-Նոր ժամանակները նոր խնդիրներ են դնում: Ցանկությունն ու առաջարկը տարբեր են: Ես ցանկություն ունեմ ծառայելու երկրին:
-Լինելով արդարադատության նախկին նախարար՝ ոնց կգնահատեք Ձեզանից հետո արդարադատության նախարարի պաշտոնում նշանակված անձանց գործունեությունը:
-Յուրաքանչյուր նախարար ունեցել է իր ներդրումը:
-Միգուցե նրանք ներդրում ունեցել են, բայց իրավիճակը միանգամայն այլ է: Բանը հասել է այնտեղ, որ քրեակատարողական հիմնարկներից դատապարտյալները հանցագործություններ են իրականացնում, ավելին՝ զոն նայողի ինստիտուտ ասվածի դեմ որեւէ նախարար այդպես էլ չի կարողանում պայքարել, կալանավորվածների հարազատները ամեն ինչ վաճառում են, որ ՔԿՀ-ում իրենց հարազատների կյանքը փրկեն: Եթե որոշումը լինի, Դուք կկարողանա՞ք պայքարել այս երեւույթների դեմ:
-Ձեր հարցերը վերացական են, որին այս պահին չեմ կարող պատասխանել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 
ՄԱՀԱՓՈՐՁ
Newsbook.am-ը երեկ տեղեկություն հրապարակեց այն մասին, որ մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ: Հրապարակման համաձայն՝ այս անգամ թիրախում են եղել Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, եւ Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: ArmLur.am-ին դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով՝ թիրախում եղել է ոչ այնքան Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն, այլ Արամ Վարդանյանը` Վստրեչի Ապերը:
Ըստ ամենայնի, այսօր տեղի ունեցած մահափորձն իրականում խորն արմատներ ունի, որը գալիս է դեռ 2007 թվականից: Ըստ այդ ժամանակ շրջանառվող տեղեկությունների՝ Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել է, որ պայթուցիկ է նետվում, եւ փորձել են ատրճանակով պաշտպանվել:
Եվս մեկ մահափորձ էլ ծրագրված է եղել Արամ Վարդանյանի հոր քառասունքի արարողության օրը: Այս իրադարձությունը հանցավոր աշխարհում սրբապղծություն էր որակվել։ Բանն այն է, որ Արամ Վարդանյանի հոր հոգեհացի արարողությունն իրականացվել էր «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ռեստորանի հարեւանությամբ դարանակալվել են «քիլլերների» ջոկատները: Սակայն նրանք չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել վարձու մարդասպանների 7-8 հոգանոց խումբը: Երրորդ դեպքն էլ տեղի ունեցավ արդեն այսօր:
ArmLur.am-ը նաեւ տեղեկացավ, որ իրավապահները դուրս են եկել մահափորձն իրականացողների հետքի վրա: Ըստ տեղեկությունների՝ այդ մարդիկ գտնվում են Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի վերահսկողության տակ: Վերջինս 2010 թվականին մահացած հայտնի «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի եղբայրն է:
Այժմ լուրեր են պտտվում նաեւ այն մասին, որ Արտյոմ Կանեւսկոյի մերձավորները ապրիլյան ընտրությունների շրջանում բավականին ակտիվ գործել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության ներքո, եւ այդ առումով դժվար է ասել, թե այս գործն ինչ ընթացք կունենա: Մեզ մնում է սպասել հետագա զարգացումներին:

Ք. Մ.

 

 
ԲԻԶՆԵՍ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ քննարկվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017թ. միջոցառումների ծրագրի նախագիծը: Վարչապետը հանձնարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին Doing Business-2017 միջոցառումների ծրագրի նախագիծը քննարկել բիզնես հանրության ներկայացուցիչների եւ միջազգային գործընկերների հետ, սեղմ ժամկետում լրամշակել նրանց, ինչպես նաեւ շահագրգիռ գերատեսչությունների առաջարկություններով եւ վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն:

 

 

ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը վարչական դատարանում բողոքարկում է Երեւանի ավագանու ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած արդյունքները: Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն անձամբ է դիմումը տարել դատարան: «Դիմումը ներառում է պահանջ, համաձայն որի՝ մենք ցանկանում ենք, որ անվավեր ճանաչվեն այդ արդյունքները, որովհետեւ արդյունքները, որ հրապարակվել են, իրականությանը չեն համապատասխանում, այլ կեղծված պատկեր է ներկայացված: Հետեւաբար պետք է կայանան նոր ընտրություններ»,-«Ազատությանն» ասել է Փոստանջյանը: «Եթե այս դատարանը չբավարարի մեր պահանջները, հասնելու եմ մինչեւ միջազգային ատյաններ: Մենք հետամուտ ենք լինելու իրավական ընթացակարգի միջոցով մեր իրավունքի վերականգնմանը, նաեւ այլ միջոցներով: Բոլոր գործընթացները, միջոցները սպառվելու են, եւ մենք հասնելու ենք մեր իրավունքի վերականգնմանը»,-վստահեցրել է Զարուհի Փոստանջյանը:

 

 

ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԻ ՈՒՂԵԳԻՐ
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, տեղեկացրել է, որ զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու վերաբերյալ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ մանրամասներին տեղեկանալու համար կապ են հաստատել Շահեն Հարությունյանի հետ: Զորակոչային հանձնաժողովի կողմից Շահեն Հարությունյանին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով հոգեբուժարան ուղարկելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն:

 

 

ՊԱՅԹՅՈՒՆԻ ԳՈՐԾՈՎ
Մայիսի 24-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով վնասվել են բակում կայանված «BMW 525» մակնիշի ավտոմեքենան, կոտրվել են պատուհանների ապակիները, վնասվել դուռը, ինչի հետեւանքով քաղաքացուն պատճառվել է զգալի չափերի գույքային վնաս: ՔԿ տեղեկացմամբ՝ գրանցված պայթյունի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:




Լրահոս