Երիտասարդ բժիշկները համագործակցության պատրաստակամություն են հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի շարք բժշկական կազմակերպությունների երիտասարդ մասնագետները ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ ողջունել են նախարարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնց հետ առնչվում են իրենց առօրյա աշխատանքի ընթացքում։ Մասնավորապես, կարևորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումն ու դրանից ակնկալվող հետագա արդյունքները։

Անդրադարձ է կատարվել կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի մշակմանը և ներդրմանը վերաբերող հարցերին։

«Առողջապահության գրեթե բոլոր ոլորտներում այժմ բարեփոխումներ են իրականացվում։ Այդ կապակցությամբ մենք երիտասարդ, բժշկությամբ զբաղվող մասնագետների մոտեցումների և առաջարկների կարիքն ենք զգում։ Ձեզ համար առավել տեսանելի են թե՛ կարիքները, թե ընթացող ծրագրերի արդյունավետությունը»,- ասել է Լևոն Ալթունյանը` հավելելով, որ այս հանդիպումներն ու քննարկումները շարունակական բնույթ են կրելու նոր հարթակում` նախարարին կից երիտասարդ մասնագետների խորհրդում։

Երիտասարդ մասնագետների հետ քննարկվել են նաև ոչ վարակիչ հիվանդություննների կանխարգելմանը, առանձին ծրագրերի ընդլայնմանը վերաբերող և այլ հարցեր։ Ողջունելով ներկաների հետաքրքրվածության շրջանակն ու նորարարական մտքերը` նախարարը բարձրացված բոլոր հարցերի կապակցությամբ ներկայացրել է թե՛ դրանց լուծման ուղղությամբ արդեն իսկբ մեկնարկած կամ կառավարության հնգամյա ծրագրով նախանշված ծրագրերը, թե՛ համատեղ նոր միջոցառումներ մշակելու և իրականացնելու առաջարկներ կատարել։

Ներկա բժիշկները համագործակցության մեծ պատրաստակամություն են հայտնել։




Լրահոս