Խոստումներ ֆանտաստիկայի ժանրից. Կառավարության ծրագրի հետքերով

Խոստումներ ֆանտաստիկայի ժանրից. Կառավարության ծրագրի հետքերով

Կառավարության 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում անդրադարձ կա նաեւ արտաքին առեւտրաշրջանառությանը, մասնավորապես, արտահանման ոլորտում իրականացվելիք քայլերին: Ըստ այդմ, կառավարությունը կանխատեսել է. «Միջնաժամկետ հորիզոնում ակնկալվում է արտահանման առաջանցիկ աճ: 2017 թվականին կանխատեսվում է արտահանման 5.9% իրական աճ: Տնօրինվող եկամտի աճի պայմաններում՝ ներմուծումը նույնպես կաճի 5.9%-ով: 2018-2020 թվականներին, պայմանավորված արտահանելի հատվածում ներդրումների ավելացմամբ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ, համաշխարհային տնտեսության զարգացումներով (ինչը կարտահայտվի հայրենական արտադրանքի նկատմամբ արտաքին պահանջարկի աստիճանական մեծացմամբ), կանխատեսվում է արտահանման ծավալների միջինում 8.6% իրական աճ, իսկ տնօրինվող եկամտի աճի պայմաններում՝ ներմուծման ծավալների միջինում 8.3% իրական աճ»:

Աճի մասին խոստումներն, իհարկե, բավական լավ են հնչում: Բայց կառավարության նախանշած ցուցանիշն ապահովելու դեպքում անգամ շարունակելու է պահպանվել արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը, այսինքն՝ իրական արտահայտությամբ ներկրման ծավալները գերազանցելու են արտահանման ծավալներին: Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտահանվել է 1,7 մլրդ դոլարի, եւ ներկրվել 3,2 մլրդ դոլարի ապրանք, այսինքն՝ առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1,5 մլրդ դոլար:

Ու հիմա եթե անգամ արտահանման ծավալներն ավելանան 8,6, իսկ ներկրմանը՝ 8,3 տոկոսով միեւնույն է, բացարձակ թվերով այս աճը դեռ զարգացում չի խոստանում: Մեկ փաստ էլ՝ կառավարությունն իր հնգամյա գործունեության ծրագրում խոստացել է. «արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների եւ ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի»: Բայց ներկայիս տեմպերով նախանշված ցուցանիշին հասնելը նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից կարելի է համարել: