«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» VS «7-Ի ԳՈՐԾ». ՍՑԵՆԱՐԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն որերորդ անգամ «Սասնա ծռեր» զինված խմբավորման եւ Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական նիստերը դեռ չսկսված հետաձգվում են: Իսկ հիմնական պատճառն այն է, որ մեղադրյալները «Ոտքի՛, դատարանն է գալիս» կոչի ժամանակ շարունակում են նստած մնալ: Մինչ այդ էլ դատական նիստերի անցկացումը պատշաճ չէր կազմակերպվում. արհեստական կերպով փորձում են խուզարկել փաստաբաններին, նրանք էլ ընդվզում են:

Այս դատական նիստերը հիշեցնում են հայտնի «7-ի գործով» նիստերը, որոնք ամեն անգամ հետաձգվում էին նույն պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո Ալեքսանդր Արզումանյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին սպանություններով զուգորդված անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներ էին առաջադրվել, իսկ դատական նիստերն էլ անցնում էին զինված խմբավորման գործով նիստերի պես: Այն ժամանակ եւս դատավոր Մնացական Մարտիրոսյանի` Մացոյի դահլիճ մտնելուն պես կալանավորվածները սկսում էին հայրենասիրական երգեր երգել եւ ոչ մի պարագայում չէին համաձայնում ոտքի կանգնել: Բանը հասնում էր նրան, որ 7 ընդդիմադիր գործիչներին հեռացնում էին դատարանի դահլիճից` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ:
Ստացվում է` 9 տարի անց իշխանությունների գործելաոճում, դատական նիստերի անցկացման, իշխանության նկատմամբ ընդդիմադիր կեցվածք ունեցողների հանդեպ վերաբերմունքի եւ այլ գործընթացներում ոչինչ չի փոխվել, շատերի բնորոշմամբ` ավելի վատն է դարձել:
«Ժողովուրդ»-ը ընթացող դատական նիստերի եւ իշխանությունների գործողությունների շուրջ զրուցել է «7-ի գործով» կալանավորված, ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանի հետ:
-Պարո՛ն Մալխասյան, «Սասնա ծռեր» զինված խմբավորման 18 անդամների գործով դատական նիստերը հիշեցնում են «7-ի գործով» դատավարությունը: Կրկին նույն սցենարն է: Սա նշանակո՞ւմ է, որ այս 9 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել:
-Մեզ մոտ արդարադատությունը երբեւիցե առաջընթաց չարձանագրեց: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր այն մի կետից է ղեկավարվում, եւ ես առաջընթաց չեմ տեսնում: Մանավանդ դատավարությունների ժամանակ փաստաբանների խուզարկությունները հուշում են, որ ամեն ինչ գնում է ավելի վատը, քանի որ այն ժամանակ գոնե նման բաներ չկային: Վստահություն չկա արդարադատության նկատմամբ, եւ միգուցե հենց դա է պատճառը, որ նիստերն այդպիսի ընթացք են ունենում: Դատարանները ղեկավարվում են «պոլիտ բյուրոյի» կողմից:
-Բայց իսկապես նմանություն առկա՞ է «7-ի գործով» եւ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերի միջեւ:
-Նմանությունն այն է, որ այն ժամանակ արհամարհում էինք, ոտքի չէինք կանգնում: Որոշ բաներ կան, որոնք կրկնվում են: Բայց ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, քանի որ «7-ի գործը» շինծու գործ եւ դատավարություն էր, քաղաքական էր: Փորձում էին գործ շինել, եւ չէր ստացվել: Իրենք հետագայում օրենսգրքից հեռացրեցին պետական հեղաշրջման մասին հոդվածները, փորձում էին փրկվել խայտառակությունից: «7-ի գործով» այն ժամանակ մենք ընտրել էինք, որ պետք է քաղաքակիրթ ճանապարհով իշխանափոխություն տեղի ունենա, այս դեպքում մոտեցումն այլ է, որ պետք է զինված ապստամբության միջոցով կատարվի իշխանափոխություն: Բնականաբար, մոտեցումները տարբեր են, եւ այստեղ նաեւ իշխանությունը մեղք ունի, քանի որ իրենք այլ ճանապարհ չեն թողել այդ մարդկանց: Իսկ դատավարությունների, դատարանների վերաբերմունքի հետ կապված, որ փորձում են ձգձգել եւ սանկցիաներ կիրառել, կան նմանություններ: Նրանք ժամանակ են ձգձգում, նպատակ չունեն շարունակելու, այլապես պետք է ելք գտնեն դատավարությունը շարունակելու:
-Օրեր առաջ խմբավորման անդամների փաստաբանները հայտարարեցին, թե իրենց պաշտպանյալներին ծեծի են ենթարկել հենց դատարանի խցում: «7-ի գործով» կալանավորվածներին այն ժամանակ ինչպե՞ս էին վերաբերվում:
-Բնականաբար, «7-ի գործով» էլ եղել են նման դեպքեր: Կոնկրետ իմ նկատմամբ նման դեպքեր չեն եղել: Բայց, ընդհանուր առմամբ, մարտի 1-ի ժամանակ էլ նույն ձեւով իրենք կալանավորված անձանց բռնության են ենթարկել, սակայն կոնկրետ «7-ի գործով» չեմ կարող ասել: Այդ գործով նման դեպք միայն Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ է եղել, երբ բռնության են ենթարկել: Ինձ համար դատապարտելի է Արայիկ Խանդոյանի նկատմամբ վերաբերմունքը, ինքն ազնվագույն տղա է, հայրենիքի համար առողջությունն ու ամեն ինչ ներդրել է, եւ ոչ ոք բարոյական իրավունք չունի ձեռք բարձրացնել նրա եւ այն տղաների վրա, ովքեր մասնակցել են պատերազմին:

 

 

 
ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՄԵՆՈՒՐ ԻՆՏՐԻԳ Է ՏԵՍՆՈՒՄ

Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը Արարատի մարզպետ դառնալուց հետո, ավանդույթի համաձայն, սկսեց կադրային փոփոխությունները` աշխատանքից հեռացնելով նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի օրոք մարզպետարանում աշխատած անձանց: Ինչպես հայտնի է` նախկինում Արարատի մարզն ու Արտաշատ քաղաքը տարիներ շարունակ եղել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տիրապետության տակ:

Իսկ Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները մշտապեսս եղել են Հովիկ Աբրահամյանի հովանավորյալները, նրա հլու-հնազանդները, սակայն հիմա նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը փորձում է մարզին տիրանալ՝ ազատվելով Աբրահամյանի կադրերից:
Կադրային փոփոխությունները նա սկսել էր դեռ վաղուց: Փետրվարի 10-ին Գրիգորյանն աշխատանքից ազատել էր մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանին, փետրվարի 13-ին՝ խորհրդական Աշոտ Մուրադյանին, իսկ փետրվարի 9-ին էլ ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Ջիվան Գասպարյանին: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նա սկսեց կադրային փոփոխությունները նաեւ դպրոցներում` աշխատանքից ազատելով տնօրեններին:
Ի վերջո, ո՞րն է այս փոփոխությունների պատճառը. «Ժողովուրդը» այս առիթով զրուցեց Արամայիս Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, մարզպետի պաշտոնը ստանձնելուն պես ձեռնամուխ եղաք կադրային փոփոխությունների: Ո՞րն է պատճառը, արդյո՞ք ցանկանում եք մարզն ազատել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունից:
-Դուք գիտեք, որ դպրոցի տնօրեններն ընտրովի պաշտոններ են, եւ դպրոցի տնօրեններին հենց այնպես նշանակել ու ազատել չես կարող: Խորհուրդն է նշանակում, խորհուրդն էլ ազատում:
-Խորհրդարանական ընտրությունները Ձեր որոշման վրա ազդեցություն չե՞ն ունեցել: Միգուցե այդ տնօրենները չեն կարողացել անհրաժեշտ թվով ձայներ հավաքել:
-Բացարձակապես նման բան չկա: Դրանք լրագրողների ինտրիգներն են, որոնք ինձ համար ընդունելի չեն: Դրանք նաեւ ընդունելի չեն յուրաքանչյուր նորմալ մարդու համար, եթե հասկանում եւ գիտակցում է, թե ինչ որորտի հետ գործ ունի: Հարցը տեղին չէ, դա ընտրովի պաշտոն է:
-Հարցն այն է, որ մարզը երկար ժամանակ եղել է Հովիկ Աբրահամյանի ազդեցության տակ, եւ Դուք գալով՝ սկսեցիք փոփոխություններ կատարել:
-Բացարձակ որեւէ գլոբալ փոփոխություն չենք արել, եւ մարզը, որպես մնացած մարզերին համահունչ մարզ, մեր գործունեությունն ենք իրականացնում, եւ որեւէ արտառոց բան ես չեմ տեսնում այդտեղ:
-Առջեւում Արտաշատի քաղաքապետի ընտրություններն են, որը եւս համարվում է Աբրահամյաններին ենթակա քաղաք: Ո՞վ է լինելու Ձեր թեկնածուն, եւ ինչպես եք փորձելու քաղաքը Ձեր ազդեցության տակ վերցնել:
-Արտաշատի քաղաքապետի հետ կապված բացարձակապես խոսակցություններ չկան: Դեռեւս աշխատանքներ չի էլ տարվել, չի էլ կարող տարվել, որովհետեւ ընտրությունները նոյեմբերի 5-ին են նշանակված, եւ դեռ շատ ժամանակ ունենք: Կունենա՞նք թեկնածու, ես անպայման Ձեզ կներկայացնեմ:

Նյութերը` ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ԱՆՏԵՍՎԱԾ ՆԱԽԱՐԱՐԸ
Երեկ խորհրդարանում շարունակվեցին «2016 թվականի պետական բյուջեի» կատարողականի քննարկումները: Քննարկումները ծավալվեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտներին հատկացված ծախսերի շուրջ: Տեւեցին 3 ժամից ավելի: Ու այդ ընթացքում ԱԺ պատգամավորներն ակտիվ հարցեր էին տալիս բոլոր ներկայացուցիչներին: Սակայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին նույնիսկ 1 հոգի ձեւական հարց չտվեց: Նա թվային տվյալներ ներկայացրեց ու հեռացավ: Այդպես էլ անհասկանալի էր, թե ինչով էր պայմանավորված այդ անտարբերությունը. սպորտի ոլո՞րտն էր անթերի, թե՞ նախարար Հրաչյա Ռոստոմյանն էր անհետաքրքիր: Իսկ գուցե պատգամավորնե՞րն են ոլորտից անտեղյակ, հակառակ դեպքում գոնե մի օրակարգային հարց նրանց մոտ կծագեր:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Արմավիրի մարզում հունիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտը շուրջ 4 մլրդ դրամի վնաս է հասցրել գյուղացիներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտնեց, որ պարտադիր կլինի ջրի եւ հողի փոխհատուցումը: «Այժմ հավաքում ենք տվյալները՝ վարկերի հետ կապված, որ տեսնենք՝ ինչ կարգով կատարենք, նաեւ սոցապնախարարության կողմից 31 մլն-ից մի քիչ ավելի աշխատանքի դիմաց վարձատրության ծրագիր է լինելու: Այդ տարածքի սոցիալական խմբերին համապատասխան գումարներ կտրվեն` հողատարածքների վրա աշխատանքներ տանելու», – նշեց մարզպետը: Նկատենք` առաջին անգամը չէ, որ կարկուտի վնասներից հետո փոխհատուցման շռայլ խոսքեր են լինում, սակայն շատ հաճախ դրանք այդպես էլ խոստումներ են մնում:

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ
Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է ունեցվածք կուտակել: Նրա դրամական միջոցները կարծես կախարդական փայտիկի օգնությամբ տարեցտարի ավելանում են: «Ժողովուրդ»-ը դատավորների ունեցվածքի մասին հրապարակումների շարքի շրջանակում Զարգարյանի հայտարարագրերը ուսումնասիրելիս հայտնաբերեց, որ 29-ամյա դատավորը 2014թ. պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու հողամաս, կիսակառույց շինություններ, Mitsubishi Colt 1300 GLI մակնիշի ավտոմեքենա եւ 3 մլն դրամական միջոց: Բայց, չգիտես ինչպես, երիտասարդ դատավորի՝ 3 միլիոնի չափով դրամական միջոցը 2015թ. վերածվել է 7 մլն դրամի: Իսկ մեկ տարի անց` 2016թ., այն հրաշքով դարձել է 9.5 մլն դրամ: Եւ սա այն դեպքում, երբ նա որպես եկամուտ հայտարարագրել է միայն իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 510 հազար դրամ: Ստացվում է, որ ոչ միայն աշխատավարձը չի ծախսել, կուտակել է, այլեւ «կողքից» եկամուտ է ունեցել: Հուսանք՝ երիտասարդ դատավորը առաջիկայում կկիսվի իր այդ գաղտնիքով, առավել եւս, երբ նրա վարույթում գտնվում են բավականին հետաքրքիր գործեր:




Լրահոս