ՌԴ-ն ԼՂ հարցում չի զիջում դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարությունը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրին, ընդգծելով, որ իրենք միշտ աջակցել են հակամարտության լարվածության նվազեցման միջոցառումներին: Բացի այդ, Զախարովան տեղեկացրել է, որ այժմ համանախագահներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ նոր գագաթնաժողով նախապատրաստելու ուղղությամբ։

Նա հիշեցրել է՝ այս տարվա հուլիսին Բրյուսելում համանախագահները բանակցություններ են վարել Հայաստանի ե Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ու հիմա խորհրդակցություները կշարունակվեն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակում՝ սեպտեմբերի երկրորդ կեսին։ «Կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել այն, ինչի մասին մենք մշտապես ասում են բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանում ղարաբաղյան հարցին առանձնահատուկ ուշադրություն են հատկացնում, այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է եւ ՌԴ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգում է»,-նշել է Զախարովան:

Հատկանշական է փաստը, որ չնայած ռուս-ամերիկյան հարաբերություններում վերջին շրջանի լարվածության աճին, այնուամենայնիվ, ԼՂ հակամարտության կարգավորման թեման դուրս չի գալիս պաշտոնական Մոսկվայի օրակարգից: Դեռ ավելին, ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ համանախագահը ԼՂ խնդրում ակտիվորեն համագործակցում է ամերիկացի եւ եվրոպացի համանախագահների հետ համաժողով կազմակերպելու ուղղությամբ: Սա, բնականաբար, պատահական չէ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը մայիսին հայարարել էր, թե ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ սերտ համագործակցել են անգամ ռուս-ամերիկյան հարաբերությունները սուր վատթարացման պայմաններում: Ու հիմա էլ, փաստորեն, անկախ հարաբերությունների վատթարացումից, համանախագահներն Արցախյան խնդրում համագործակցում եւ առաջ գնալու ուղիներ են փնտրում:

Արման Գալոյան




Լրահոս