ՖՈՏՈ. «Ծանր վիրահատություն է սպասվում, վախենում եմ Հովոս էլի կոմայի մեջ ընկնի». ապրիլյան պատերազմի մասնակիցը գլխի պլաստիկ վիրահատության կենթարկվի

ՖՈՏՈ. «Ծանր վիրահատություն է սպասվում, վախենում եմ Հովոս էլի կոմայի մեջ ընկնի». ապրիլյան պատերազմի մասնակիցը գլխի պլաստիկ վիրահատության կենթարկվի

ArmLur.am-ը շարունակում է իր «Հիշողության թարմացում» շարքը` անդրադարձ կատարելով ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակին:

Ինչպես արդեն  ArmLur.am-ը հայտնել էր,  2016թ. ապրիլի 4-ին՝ Թալիշում՝ ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Պողոսյանը ստացել էր ոտքի բեկորային վնասվածք, ապա մայիսի 13-ին գլխի հրազենային ծանր վիրավորում:

Հիշեցնենք, որ Հովհաննես Պողոսյանն  առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 91 հազար հաշմանդամության կրթաթոշակ:

ArmLur.am-ի  հետ զրույցում Հովհաննես Պողոսյանի մայրը՝ տիկին Գայանեն տեղեկացրեց, որ ամռան շոգ եղանակի պատճառով Հովհաննեսը վերականգնողական կենտրոն չի կարողանում գնալ:

Տեղեկացնենք, որ Առողջապահության նախարարությունը փոխանցել է Հովհաննեսի գլխի պլաստիկ վիրահատության գումարը, որը կազմում է  75 հազար դոլար: Վիրահատությունը կկատարվի սեպտեմբեր ամսին «Նաիրի» Բժշկական կենտրոնում:

«Ահավոր ծանր վիրահատություն է սպասվում, չեմ համբերում, թե երբ պետք է այդ օրը գա ու անցնի գնա: Մտածում եմ կարող է Հովոս էլի ընկնի կոմայի մեջ, հազար բան է մտքովս անցնում: Հովոս օրերն է հաշվում, թե երբ պետք է գա այդ օրը, ասում է գլխարկներից արդեն հոգնել եմ: Դե աջ ձեռքը էլի չի աշխատում, բայց քայլվածքը փոխվել է, խոսքը բացվել է, ուղղակի դեռ տառերից խեղճանում է,  չի հիշում»,-ասաց մայրը:

Հավելենք, որ Հովհաննեսն իր ընտանիքի հետ ապրում է Երևանում վարձակալված բնակարանում:

Լիդա Եղիազարյան