Վաչեն կփախչի ոստիկաններից և խաբեության միջոցով կփորձի տիրանալ ոսկիներին. նոր սիթքոմ՝ հոլիվուդյան սյուժեով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը առաջիկայում հանդես կգա նոր սիթքոմում՝ որպես պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ Վաչեն։ Սիթքոմը կոչվում է «Ոսկե դպրոց» (ռեժիսոր՝ Կարեն Ադամյան), այն կհեռարձակվի «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում, հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:

«Ի դեպ, սիթքոմի սյուժեով կա հոլիվուդյան ֆիլմ։ Այն պատմում է մի հանցագործի մասին, որը ոսկի է գողացել, փախչում է ոստիկաններից, սակայն գիտակցելով, որ շուտով պետք է բռնվի, փոս է փորում եւ գողոնը պահում է մեջը։ Եվ երբ հերոսը հինգ տարի անց ազատվում է բանտից, գնում է տվյալ տարածք եւ տեսնում է, որ այդ տեղում դպրոց է կառուցվել։

Հետո նա խաբեության միջոցով ընդունվում է այդ դպրոց, փորձում մոտ լինել ոսկիներին։ Այդ ընթացքում շատ զվարճալի զարգացումներ են լինում հերոսի եւ ուսմասվարի, պահակի, ուսուցիչների ու աշակերտների հետ հարաբերություններում»,-պատմեց Վաչեն։

Նա նշեց, որ սիթքոմի առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի 24 սերիայից, այն եթերում կլինի մինչեւ Ամանոր. «Թե որքան երկար կձգվի նախագիծը, ցույց կտա ժամանակը»,-ասաց Վաչեն։

Նա հավելեց, որ սիթքոմի կերպարները, դրանում ծավալվող հարաբերությունները, այսպես ասած, հայաֆիկացված են եւ ադապտացված են հումորային ժանրի լոգիկային։ Հարցին, թե արդյո՞ք սիթքոմում կնկարահանվեն այլ հայտնի դեմքեր, Վաչեն տվեց դրական պատասխան, սակայն դեռեւս չցանկացավ անուններ տալ։

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ «Վիտամին» հումորային ակումբի անդամները առաջիկայում միավորվելու եւ մեկ համատեղ նախագծում հանդես գալու մտադրություն ունե՞ն. «Մտածում ենք այդ ուղղությամբ, բայց առայժմ կոնկրետ ծրագիր չկա»։ Դիտարկմանը, թե ակումբի անդամները, կարծես, անվերադարձ պառակտվեցին, Վաչեն պատասխանեց. «Մենք շարունակում ենք պահել ընկերական ջերմ հարաբերությունները, պարզապես ամեն մեկս մեր զբաղվածությունն ունենք, եւ ժամանակի սղության հարցը կա, այդ է պատճառը, որ միավորվելու ծրագրեր չենք կազմում»։

Շարունակելով գործնական ծրագրերի թեման՝ Վաչեն նաեւ նշեց, որ սթենդ-ափ շոուներով հանդես գալու ծրագրեր ունի. «Նպատակ ունեմ այդ ֆորմատում հանդես գալ ե՛ւ որպես սցենարիստ, ե՛ւ որպես դերասան։ Պարզապես այս պահին ամբողջությամբ զբաղված եմ սիթքոմով, ուստի շոուի համար ժամանակ դեռ չի մնում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Անի Անտոնյան




Լրահոս