ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՊԱՅԹԵՑՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակցի կողմից մեկ տարի առաջ միկրոավտոբուս առեւանգելու միջադեպը նոր երանգներ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաղաքապետարանի աշխատակիցը հիմա էլ սպառնացել է գազալցակայանը պայթեցնել: Սա եւս անպատժելիության հետեւանք է, քանի որ նախորդ հանցանքի համար աշխատակիցը չի պատժվել:

Գազելի առեւանգման հետքերով
2016 թվականի հունիսի 17-ին գրել էինք, որ Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրեն Վաչե Կամավոսյանի տեղակալ Արամ Բեյբությանը հարբած վիճակում գնացել էր Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի վերջնականգառ եւ սպառնացել է վարորդներին, որ դադարեցնեն երթեւեկությունը եւ փակեն «գիծը», սակայն վարորդները չէին ենթարկվել նրա հորդորներին, ինչի արդյունքում Բեյբությանը դանակի սպառնալիքով առեւանգել էր Էջմիածին-Երեւան «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը եւ ջարդուփշուր արել այն:
Ի դեպ, միջադեպի ժամանակ քաղաքացիներ էին գտնվել միկրոավտոբուսում, որոնք խնդրել էին նրան հանգստանալ, սակայն նա դանակը պահել էր վարորդի կոկորդին: Իսկ ինչո՞ւ էր Արամ Բեյբությանը նման քայլի գնացել: Բանն այն է, որ Էջմիածին-Երեւան երթուղային «գիծը« պատկանում է «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ին, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանն Է, իսկ նույն երթուղով տաքսիները պատկանում են ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն՝ էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Նշենք, որ հորեղբոր՝ գեներալ Մանվելի եւ եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի հարաբերությունները 2008-ի նախագահական ընտրություննեից հետո լարված են: Մանվել Գրիգորյանն այն ժամանակ պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ Հրանտ Գրիգորյանը՝ Սերժ Սարգսյանին:
Ինչեւէ: Գործին խառնվել էին իրավապահները, եւ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվել: Ավելի ուշ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Արամ Բեյբությանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
Երբ դատավորը տեղում չէ
ՀՀ քննչական կոմիտեն 4 ամիս տեւած քննությունից հետո գործը ուղարկեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանում Արամ Բեյբությանը, օգտվելով իրեն ընձեռնված իրավունքներից, հրաժարվել էր ցուցմունք տալ, սակայն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր էր ճանաչել: Ավելին՝ Արամ Բեյբությանը դատարանին հայտնել էր, որ ինքը մասամբ զղջում է կատարած հանցանքի համար, ընդունում է, որ վնասել է ավտոմեքենան, սակայն ինքը չի պատրաստվում վերականգնել հանցագործությամբ ավտոմեքենային պատճառված վնասը, քանի որ Էջմիածնի «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի՝ Էջմիածին-Երեւան երթուղայինի տերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հետ ունի անձնական խնդիրներ, եւ խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:
Արդյունքում՝ 2016 թվականի նոյեմբերի 18-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը՝ լսելով, որ ամբաստանյալը չի պատրաստվում փոխհատուցել ընկերության հասցված վնասը, նրան, այնուամենայնիվ, տուգանել է 180 հազար դրամով: Եւ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցը ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը պետք է վճարի 180 հազար դրամ:
ԴԱՀԿ-ն մատը մատին չի տվել
Տպավորությունն այնպիսին էր, որ այս ամենը ամբաստանյալ Արամ Բեյբությանի համար դաս պետք է լիներ, բայց ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արամ Բեյբությանը զանգահարել էր «ԲՈՒԱՏ» ԲԲԸ աշխատակից Հովիկ Բադալյանին եւ ասել է, որ չի պատրաստվում վճարել գումարը՝ պահանջելով, որ Հովիկն անձամբ վճարի: Ու այս իրավիճակում ուշագրավ է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պահվածքը: Նրանք փաստորեն մատը մատին չեն տվել, որ գանձեն տուգանքը: Բայց եթե այսպիսի արարք թույլ տված լիներ շարքային քաղաքացի, այլ ոչ թե ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալը, ապա ԴԱՀԿ-ն անգամ նրա տունը ձեռքից կվերցներ: Բայց փաստ է, որ դատարանի որոշումից 10 ամիս անց ԴԱՀԿ-ն անգործություն է ցուցաբերել:
Սպառնացել է պայթեցնել
Եվ ահա խոսակցությունները այն աստիճան են թեժացել, որ Արամ Բեյբությանը սեպտեմբերի 10-ին գինովցած գնացել է Էջմիածնի «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տարածք, որտեղ նաեւ բենզալցակայան կա, բղավել է, հայհոյել, պահանջել կրկին, որ Հովիկ Բադալյանը գա ու իր տուգանքի հարցերը լուծի: Այնուհետեւ, ըստ ականատեսների, նա վերցրել է բենզալցակայանի բենզինի ռետինե խողովակը, բենզինը լցրել հատակին, պատրաստել կրակայրիչը՝ սպառնալով պայթեցնել այնտեղ գտնվող անձանց: Տարածքում հավաքվածները փորձել են հանգստացնել նրան, սակայն նա ոչ մեկին չի ենթարկվել: Մեծ դժվարությամբ հաջողվել է վնասազերծել գեներալ Մանվելի հովանավորյալին, որը փախել է իրեն քիչ հեռու սպասող անհայտ ավտոմեքենայով:
Ավելի ուշ «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի աշխատակիցները ահազանգել են իրավապահներին, որոնք Արամ Բեյբությանին բերման են ենթարկել ոստիկանություն, սակայն կարճ ժամանակ անց կրկին ազատ են արձակել: Հավանաբար էլի գեներալի զանգի արդյունքում: Մեր բոլոր փորձերը՝ գտնելու Արամ Բեյբությանին, անցան ապարդյուն:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ դեպքի առթիվ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն:
Հերթական զանգն ու
անպատժելիությունը
Ահա այսպես, հայրենի իրավապահ համակարգը դարձել է ազդեցիկ հեռախոսազանգերի զոհը. հեռախոսազանգն է որոշում՝ ինչպես քննություն վարել, ում ինչպես պատժել կամ չպատժել: Եթե Արմավիր մարզի ոստիկանությունը, քննչական կոմիտեի ներկայացուցիչները եւ վերջապես մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը անտեսեին գեներալի զանգերը, չվախենային նրանից եւ հանցագործություն կատարած անձին պատժեին, կիրակի օրվա հարձակումը չէր լինի: Ու դժվար է ասել, թե Արամ Բեյբությանը այս միջադեպից էլ չոր դուրս գալուց հետո էլ ինչ անակնկալներ է պատրաստել նախկին պատգամավորի աշխատակիցների համար: Ակնհայտ է, որ Հրանտ Գրիգորյանի թիմակիցների կյանքը ուղղակի վտանգված է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՏՈՒՊԻԿ ԿԱՐԵՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Այս տարվա մայիսի 24-ին, երբ ՀՀ ոստիկանությունը վնասազերծեց մի խմբի, որոնք Էջմիածնում բնակարան էին վարձել, ապրում էին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տան հարեւանությամբ, որպեսզի սպանեին Դոն Պիպոյին եւ այդ օրը նրա հետ եղած Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին: Նկատենք, որ խմբի մասին ոչ թե իրավապահներն էին պարզել, այլ Դոն Պիպոյի «հետախույզները»: Եւ Արթուր Ասատրյանը, պահելով պետական կառույցների հետ սուբորդինացիան, դիմել էր պետական ատյաններին՝ տեղեկացնելով, որ ցանկանում են իրեն սպանել: Ինչի արդյունքում խումբը վնասազերծվեց: Սակայն հետագայում տարվող քննությունը ոչինչ չպարզեց:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ այն տունը, որը վարձակալել էին սպանություն նախապատրաստողները, կապվում է Կարեն Դավթյանի՝ Արտյոմ Հարությունյանի թիմակցի, թիկնազորի անդամի անվան հետ: Այս տեղեկությունը հասել է նաեւ Դոն Պիպոյի մարդկանց, որին հետեւեց սեպտեմբերի 12-ի դաժան սպանությունը: 3 կողմից արձակված կրակոցներով սպանվեցին Կարեն Դավթյանը եւ նրա վարորդ Լեւոն Ավետիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Դոն Պիպոն այս օրերին Հայաստանում չէ: Նա հիմնականում լինում է կա՛մ Մոսկվայում, կա՛մ սիրելի Իտալիայում:

 

 

ԹՈՇԱԿՆԵՐԸ ՊԱՀՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի թիվ 0015 փոստային բաժանմունքի փոստատար Գեղանուշ Խաչատրյանը յուրացրել է քաղաքացի Լեւոն Կարսյասնի՝ 2016թ. հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսների կենսաթոշակի 105 հազար 915 դրամ գումարը: Գեղանուշ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները անցնելով յուրացում կատարելը, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, գործով նախաքննությունը ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան:

 

 

ԵՐԵԽԱ Է ՎԱՃԱՌԵԼ
Երեկ ոստիկանության Աշտարակի բաժին է հրավիրվել Ապարան քաղաքում գրանցված, ժամանակավորապես Աշտարակ քաղաքում բնակվող 32-ամյա Ալվարդ Մ.-ն, որը կասկածվում է այն բանում, որ 2016թ. հոկտեմբերի 4-ին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տղա երեխա է ունեցել, ում 2 ամիս անց Երեւանի 15 թաղամասում վաճառել է Կարպի գյուղում գրանցված, սակայն Արագածոտնի մարզի Արագած գյուղում բնակվող ամուսիններ՝ 49-ամյա Օգսեն Տ.-ին եւ 36-ամյա Եփրաքսյա Բ.-ին:

 

 
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ՄԵՋ ԵՆ
Երեկ 184 փաստաբան դիմել է ծայրահեղ քայլի. գործադուլ են սկսել՝ բողոքելով իրենց նկատմամբ ապօրինի զննությունների եւ խուզարկությունների դեմ: Խնդիրն առաջացել է «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարության մեկնարկին: Տեւական ժամանակ է` որոշ փաստաբաններ չեն կարողանում մտնել նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվում են բացել իրենց պայուսակը: Փաստաբանները կարգադրիչներից պահանջում են ներկայացնել արգելված իրերի ցանկ, որը, սակայն, չի ներկայացվում: Գործադուլին մասնակցող փաստաբանները երեկ հավաք-քննարկում էին անցկացնում «Կոնգրես» հյուրանոցում, որին ներկա էր նաեւ Փաստաբանների պալատի վերընտրված նախագահ Արա Զոհրաբյանը։ Քննարկմանը մասնակցում էր նաեւ փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Ըստ նրա՝ եթե այս ապօրինի վերաբերմունքը շարունակվի փաստաբանների նկատմամբ, ապա գործադուլը կլինի ավելի երկար ու ծավալուն:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում 13-ամյա տղան փորձել է ինքնասպանություն գործել իրենց հողամասում կախվելու միջոցով. վերջինիս հայտնաբերել է ավագ եղբայրը: Երեխային տեղափոխել են «Արմավիր» ԲԿ, ապա՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղից հայտնել են, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծայրահեղ ծանր է, կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառությանը:




Լրահոս