ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՌԵՎԱՆԳԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Պապի այցից առաջ հոգեւոր քաղաքում տոնական կրքերին զուգահեռ աղմկալի միջադեպ է արձանագրվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրեն Վաչե Կամավոսյանի տեղակալ Արամ Բեյբությանը դանակի սպառնալիքով առեւանգել է Էջմիածին-Երեւան «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը եւ ջարդուփշուր արել այն:

Սկզբում զգուշացրեց
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան առ այն, որ հունիսի 15-ին Էջմիածին քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում գնացել է Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի վերջնականգառ եւ սպառնացել է վարորդներին, որ դադարեցնեն երթեւեկությունը եւ փակեն «գիծը»: Վարորդները Բեյբությանին հորդորել են հանգստանալ եւ հեռանալ, քանի որ անկախ սպառնալիքներից, իրենք շարունակելու են աշխատանքը: Բեյբությանն ասել է իր ասելիքը, մեքենայով հարվածել է «Գազել» մակնիշի ավտոմեքենաներին եւ հեռացել: Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի վարորդները շարունակել են իրենց աշխատանքը՝ տուրք չտալով Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանի սպառնալիքներին:

Դանակի սպառնալիքով
ահաբեկել է
Ըստ էության, Արամ Բեյբությանին դուր չի եկել այդ փաստը, եւ նա դանակը ձեռքին կանգնել է «Երկրապահ» կամավորականների միության եւ Էջմիածնի քաղաքապետարանի շենքի մոտ՝ կանգնեցնելով քաղաքային տրանսպորտը: ՀՀ ոստիկանության հասարակայության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արամ Բեյբությանը «փողոցում կանգնեցրել է թիվ 3266 L մակնիշի միկրոավտոբուսը եւ դանակը դրել մեքենայի ուղեւորներից մեկի վզին` հորդորելով վարորդին, որ դադարեցնի երթեւեկությունը»: Այդ ընթացքում երթուղայինում մեծ աղմուկ է բարձրացել, անհանգստացած ուղեւորները փորձել են հանգստացնել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող փոխտնօրեն Բեյբությանին, վարորդը խնդրելով, բղավելով՝ փորձել է հանգստացնել եւ ուղեւորներին հանգիստ թողնել, սակայն Բեյբությանը այն աստիճան անկառավարելի վիճակում է եղել, որ դանակը պահել է նաեւ վարորդի կոկորդին՝ նրան ստիպելով քշել այն ուղղությամբ, որն ինքը կասի:

Ուղեւորները՝ պատանդ
Ռուբեն անունով վարորդը այլ ելք չունենալով՝ մոտ 6 ուղեւորներով միկրոավտոբուսը քշել է այն ուղղությամբ, որ իրենից դանակի սպառնալիքով պահանջել է Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը: Վախից քարացած ուղեւորները օգնություն են կանչել, բղավել, սակայն նրանց աղերսանքներին որեւէ մեկը չի արձագանքել: Այդպես երթուղային միկրոավտոբուսը, շեղվելով իր ուղուց, մտել է քաղաքապետարանի եւ ԵԿՄ շենքի կողքի ճանապարհով, շարժվել դեպի Արամ Բեյբությանի տան ուղղությամբ (այս ընթացքում ուղեւորներից մեկը հասցրել է զանգահարել ոստիկանություն): Ու երբ աղաղակների «ներքո» Արամ Բեյբությանը միկրոավտոբուսը ստիպել է վարել դեպի իրենց բակ, բացել է դուռը, ինչպես մեծահոգի ահաբեկիչներն են անում, «գերի մնացած» ուղեւորներին առաջարկել է դուրս գալ մեքենայից, ապա իր ձեռքի դանակի բռնակին ամրացված երկաթե սուր ձողիկներով կոտրել է «Գազելի» ապակիները, կողային հայելիները, պատռել անիվներն ու նստարանները: Եւ մինչ ոստիկանների գալը, արդեն «օպերացիան» ավարտված է եղել:

Ինչպես հասան ոստիկանները
Ոստիկանության Էջմիածնի բաժնի աշխատակիցները հեռախոսային ահազանգի հետքերով գնացել են Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի վերջնականգառ, որտեղ ասել են, որ լուրջ բան չկա, առավոտյան է փոքրիկ միջադեպ եղել, սակայն ամեն ինչ հանդարտվել, գնացել է: Ու երբ իրավապահները պնդել են, որ քիչ առաջ են ահազանգ ստացել, Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի դիսպետչերական կետի պատասխանատուն կապ է հաստատել երթուղի դուրս եկած վարորդի հետ, որն էլ ասել է, որ առավոտյան «կռիվ անող Արամիկն է մեքենան տարել իրենց բակ»:
Ահա, այսպես ոստիկանության Էջմիածնի բաժնի աշխատակիցներին հաջողվել է գտնել Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի առեւանգված ուղեւորներին եւ վարորդին, ինչպես նաեւ բերման են ենթարկել քաղաքապետարանի մարզադպրոցի հարբած փոխտնօրենին:
Մեզ հասած տեղեկություններով՝ ուղեւորներից մի քանիսը ոստիկանությունում պատմել են ողջ եղելությունը՝ նկարագրելով, թե ինչպես է մարզադպրոցի փոխտնօրենը մտել երթուղային միկրոավտոբուս, դանակը դրել նրանցից մեկի կոկորդին, հայհոյել եւ սպառնացել է ու հրամայել քշել իր ասած ուղղությամբ: ՀՀ ոստիկանությունը միջադեպի հետագա քննությունը հանձնել է ՀՀ քննչական կոմիտեին: Ջարդված «Գազելն» այս պահին կայանված է Էջմիածնի ոստիկանության բակում:

Կոմիտեն հանգամանք է
պարզում
Իսկ ի՞նչ են արել քննիչները: «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից տեղեկացավ, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաապրանքագիտական եւ քրեագիտական փորձաքննություն: Այսինքն՝ այսքան ակնայտ հանցագործության տարրեր պարունակող գործողությունը որպես ահաբեկչություն, առեւանգում եւ այլն, քննիչները հապաղում են որակել: Իսկ ո՞վ է կաշկանդել քննիչներին:
Փոխտնօրենը՝
միջադեպի մասին
«Ժողովուրդ»-ը Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանից անձամբ տեղեկացավ, որ քննիչները ստորագրությամբ բաց են թողել իրեն:
-Պարո՛ն Բեյբության, միկրոավտոբուսի մեջ գտնվող մարդիկ ահազանգել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ պատմել, որ Դուք միկրոավտոբուսը առեւանգել եք, դանակով սպառնացել ուղեւորներին, ջարդուփշուր արել «Գազելը»:
-Եղելությունը իմացել եք, էլ ինձնից ի՞նչ եք ուզում իմանալ:
-Ի՞նչն է եղել Ձեր այդ քայլի պատճառը:
-Դե, հիմա պատճառը իմ անձնականն է, ես հո չե՞մ հրապարակի:
-Խնդիրը գազելների վարորդնե՞րն են, պա՞րտք են Ձեզ, Ձեր բիզնեսի՞ն են հարվածում, թե այլ պրոբլեմ ու հրահանգ ունեք:
-Գազելների վարորդների հետ ընդհանրապես խնդիր չունեմ:
-Ուղեւորներից մեկի հետ խնդիր ունեի՞ք, որ առեւանգեցիք միկրոավտոբուսը:
-Քաղաքացիներին չեմ առեւանգել, քաղաքացիներին ասել եմ՝ ավտոբուսից իջեք:
-Բա ինչո՞ւ եք արել:
-Դե հիմա:
-Ինչպե՞ս եղավ, որ Ձեզ ազատ արձակեցին, համապատասխան զա՞նգ եղավ, թե այլ բան կա, ի վերջո, մարդկանց եք առեւանգել, դանակով սպառնացել, միկրոավտոբուսն ամբողջությամբ ջարդուփշուր արել:
-Ես մարդկանց չեմ առեւանգել, ինձ էլ ստորագրությամբ են ազատ արձակել, էլ չեմ ուզում խոսել:

Անարդարության հերթական
դրսեւորումը
Ահա այսպես, պետք է արձանագրենք, որ հայրենի իրավապահ համակարգը դարձել է «ազդեցիկ» հեռախոսազանգերի զոհը. հեռախոսազանգն է որոշում՝ ինչպես քննություն վարել, ում ինչպես պատժել կամ չպատժել: Իսկ ո՞վ կարող էր զանգ հնչեցնել:
Տեղեկացնենք, որ Էջմիածին-Երեւան երթուղային «գիծը» պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին (Ի դեպ, ՀՀ Սահմանադրությամբ պատգամավորին արգելվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել), իսկ նույն երթուղով տաքսիները պատկանում են ԱԺ մեկ այլ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն՝ էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Հորեղբոր եւ եղբորորդու հարաբերությունները մոտ տարի է արդեն, անասելի լարված են:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Շանթ Հարությունյանի եւ ընկերների դատավարության մեկնարկին դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակելու համար Հայկ Կյուրեղյանին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման, իսկ, ահա, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, որը 2015 թվականին Նոր տարվա գիշերը վիճաբանել էր ոստիկանների հետ, արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է: Բայց Հայաստանի սուրբ քաղաքում մարդկանց ուղղակի առեւանգելու, դանակով ահաբեկելու եւ միկրոավտոբուսի երթուղին շեղելու համար, պարզվում է, մեր երկրում պատիժ չի նախատեսվում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
10-ԻՑ ԱՎԵԼ ՆՈՐ ՎԿԱ
2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում հանցավոր խմբի գործով սայլը տեղից չի շարժվում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ տեւական ժամանակ է, ինչ նախաքննություն իրականացնող մարմինը, ի դեմս ազգային անվտանգության ծառայության, միայն երկարացնում է այս գործով կալանավորվածների կալանքի ժամկետը, բայց որպես այդպիսին որեւէ քննչական գործողություն չի իրականացվում: Կալանավորվածների հարազատների համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու է ԱԱԾ-ն ազատության մեջ պահում այն անձին, որը, ըստ էության, ֆինանսավորել է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված խմբին, իսկ, ահա, իրենց հարզատներին մեկ հեռախոսային խոսակցության կամ հանդիպման համար ամիսներով պահում է կալանքի տակ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «զինված հանցախմբի» գործով մոտ 10 հոգի նոր վկաներ են ներգրավվել, որոնք հարցաքննվել են: Թե ինչ են ասել նրանք, մեզ չհաջողվեց պարզել:

 

ՄԵՔԵՆԱՅՈՎ ՀԵՏԵՎԵԼ Է
Հունիսի 10-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով կալանավորված Գորիսի քաղաքապետի ընտրությունների նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորը՝ Արա Բուդաղյանին, ազատ արձակեցին: Մարզպետի մահափորձի գործով այժմ կալանքի տակ են միայն Հենրիկ Ավագյանը եւ Կապան քաղաքի բնակիչ Գարեն Աթաջանյանը:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Հենրիկ Ավագյանն ի սկզբանե ընդունում էր իր մեղքը եւ հայտնել էր, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ՝ նրան վախեցնելու նպատակով: Սակայն Գարեն Աթաջանյանը չի ընդունում իր մեղքը: Ու եթե այդպես է, ի՞նչ հիմքով են նրան ԱԱԾ քննիչները պահում կալանքի տակ:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ մարզպետի դեմ կատարված մահափորձի օրը Գարեն Աթաջանյանը մեքենայով հետեւել է մարզպետին: Չի բացառվում, որ այս հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ ԱԱԾ-ն Գարեն Աթաջանյանին պահի կալանքի տակ, մինչեւ ճշտի, թե ինչու է հետեւել մարզպետի ավտոմեքենային:

 

 

ԱՐԺԱՆԻ Է
Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվանմամբ նախաձեռնություն: «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած, Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը, Հռոմի պապի՝ Հայաստան այցելության առիթն օգտագործելով, ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։ Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք եւս՝ որպես սրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ, թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը։ 2016 թ. հունիսի 22-ին հանդիպում ենք «Զվարթնոց» օդանավակայանում, Ռ. Թ. Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար»,- հայտնել է նախաձեռնող խումբը:




Լրահոս