80 մլն դրամ` մեկ օրվա համար. պետությունը դիտարկում են որպես սոսկ հարստություն դիզելու հնարավորություն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարի կլրանա Երեւանի հիմնադրման 2800-ամյակը: Իշխանությունները որոշել են մայրաքաղաքի հիմնադրման օրը որքան հնարավոր է՝ ճոխ տոնեն. Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որն էլ այս մեկ տարվա մեջ զբաղվելու է միջոցառումների նախապատրաստմամբ ու կազմակերպմամբ: Իսկ թե որքան գումար է ծախսվելու, պարզ կդառնա հաջորդ տարի: Բայց ի սկզբանե դժվար չէ կռահել, որ ե՛ւ պետական, ե՛ւ համայնքային բյուջեից միջոցներ չեն խնայի այդ նպատակով: Մանավանդ, որ մայրաքաղաքի օրը որոշել են բավական ճոխ տոնել նաեւ այս տարի. արդեն հայտարարվել է, որ համայնքային բյուջեից այդ նպատակով ծախսվելու է 80 մլն դրամ կամ մոտ 165 հազար դոլար:

Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն երրորդ քաղաքացին պաշտոնապես համարվում է աղքատ, որտեղ իշխանությունները բանակի կարիքները հոգալու համար ստիպված են յուրաքանչյուրի աշխատավարձից 1000-ական դրամ վերցնել, մեկ օրվա միջոցառումների համար 80 մլն դրամ ծախսելը, համաձայնեք, ահավոր մեծ շռայլություն է: էլ չենք խոսում այն մասին, որ նույն Երեւանն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, որ Երեւանը միայն քաղաքի կենտրոնը չէ, այլ նաեւ արվարձաններ են, իսկ քաղաքի ծայրամասերը խնամքի լուրջ կարիք ունեն: Այնպես որ, այս գումարի մի մասը կարելի էր ծախսել հենց այդ նպատակով: Բայց քաղաքային իշխանություններն այդպես չեն մտածում, եւ, ընդհանրապես, նման բաների վրա նրանք ուշադրություն չեն դարձնում. նրանց ավելի շատ հետաքրքրում են տեսարանները, զվարճանքը, եւ հետո՝ նման միջոցառումները միշտ էլ «ատկատի» ու այդպես գումար վաստակելու լավագույն հնարավորությունն են, եւ ուրեմն ինչո՞ւ հրաժարվել դրանցից:

Մեկ փաստ էլ. «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Երեւանի փոխքաղաքապետերից Արամ Սուքիասյանն ասել է, թե նախորդ տարի մայրաքաղաքի տոնի համար նախատեսված է եղել ծախսել 130 մլն դրամ, սակայն ծախսվել է դրա կեսը. պատճառը ապրիլյան քառօրյա պատերազմն էր, եւ քաղաքապետարանը որոշել է գումարի մի մասն ուղղել ապրիլյան պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած զինվորների ու ազատամարտիկների ընտանիքներին, որպես սոցիալական աջակցություն։ Այսինքն՝ նախորդ տարիներին հնարավոր է եղել ավելի համեստ միջոցառումներ կազմակերպել, ավելի քիչ գումարներ ծախսել, բայց իշխանությունները չեն արել, ընդհակառակը՝ տարեցտարի միայն ավելացրել են տոնական միջոցառումների համար նշված գումարները: Չեն արել, որովհետեւ իրենց համար պետությունը դիտարկում են որպես սոսկ հարստություն դիզելու եւ սեփական հաճույքներին հագուրդ տալու հնարավորություն:




Լրահոս