Թուրք դատավորները դատի են տվել նախագահ Էրդողանին և վարչապետ Յըլդըրըմին

Անկարայի Դատավորների և դատախազների միության (YARSAV) հիմնադիր նախագահ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի գլխավորած խումբը դատի է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և վերջերս հրաժարական տված քաղաքապետերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Դատախազություն ներկայացրած դիմումում նշվում է, որ Էրդողանը, Յըլդըրըմը և քաղաքապետերը «խախտել են սահմանադրական կարգն» ու «խոչընդոտել են քաղաքական իրավունքի իրացմանը»:

Էմինաղաօղլուն մասնավորապես ընդգծել է, որ քաղաքապետերը հրաժարական են ներկայացրել ոչ թե սեփական կամքով, այլ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարների պահանջով և ճնշումների ներքո:

Հիշեցնենք, որ Էրդողանի պահանջով հրաժարականներ են տվել Ստամբուլի, Դյուզջեի, Նիղդեի, Բուրսայի, Անկարայի և Բալըքեսիրի քաղաքապետերը: Ուշագրավ է, որ Բալըքեսիրի քաղաքապետ Ահմեթ Էդիփ Ուղուրը հրաժարականից հետո հայտարարել էր նաև կուսակցության շարքերից դուրս գալու մասին: Նա հայտնել էր նաև, որ քաղաքապետի պաշտոնից հեռանում է`տեղի տալով իր և ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքներին: