Չբավարարված ակնկալիքներ. Հայաստանի տնտեսությունը գնալով մեծ կախվածության մեջ է ընկնում ռուսականից. խմբագրական

Չբավարարված ակնկալիքներ. Հայաստանի տնտեսությունը գնալով մեծ կախվածության մեջ է ընկնում ռուսականից. խմբագրական

Սերժ Սարգսյանը, որ հարցազրույցներ տալու հարցում առանձնապես ակտիվ չէ, արդեն մի քանի օր է՝ չի իջնում ռուսական կայքերի ու թերթերի էջերից: Գաղտնիք չէ, որ նա միշտ էլ խտրականություն է դրել հայաստանյան ու օտարերկրյա լրատվամիջոցների միջեւ՝ գերադասելով «արտասահմանյանը»: Բայց վերջին օրերի այս ակտիվությունը մի տեսակ շատ ցայտուն է: Ճիշտ է՝ այդ հարցազրույցներում նա առանձնապես նորություն չէր հայտնել. բազմիցս արտահայտած մտքերը ներկայացրել է մի փոքր այլ ձեւակերպմամբ:

Բայց հետաքրքիրն այն է, որ Ս. Սարգսյանն ավելի շատ խոսել է հայ-ռուսական հարաբերություններից, ԵԱՏՄ-ում Հայաստանի հնարավորություններից, տնտեսական հեռանկարներից, անգամ՝ Իրանի հետ համագործակցությունից, բայց մի տեսակ ստվերում է մնացել Ղարաբաղյան հարցը: Ու սա այն դեպքում, երբ բանակցային գործընթացում վերջերս մի փոքր ակտիվություն էր նկատվել:

Նրա հարցազրույցներում միակ նորությունը, թերեւս, ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության այս տարիների վերաբերյալ գնահատականն էր: Սերժ Սարգսյանը նշել է, որ սպասելիքները մեծ էին, ու այն իրավիճակը, որ ձեւավորվեց համաշխարհային տնտեսության մեջ, ռուսաստանյան տնտեսությունում, նվազեցրեց ԵԱՏՄ-ի անդամակցության կանխատեսվող արդյունքը:

Փաստորեն առաջին անգամն է, որ Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով խոստովանում են՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո իրենց ակնկալիքները չեն բավարարվել: Ճիշտ է՝ Ս. Սարգայանը սա պատճառաբանել է համաշխարհային շուկայում տեղի ունեցող երեւույթներով: Բայց այս իրավիճակը միանգամայն սպասելի էր: Ի վերջո, Հայաստանը ցամաքային ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ որեւէ երկրի հետ, ինչի հետեւանքով բարձրանում է ԵԱՏՄ արտահանվող ապրանքի ինքնարժեքը, ու այն դառնում է ոչ մրցունակ:

Եվ հետո՝ տարվա մի մասը փակ է ռուս-վրացական Վերին Լարսի անցակետը, ինչի պատճառով հայկական մեքենաները չեն կարող ժամանակին բեռը հասցնել ՌԴ ու հակառակը: Դեռ ավելին՝ Հայաստանն այս տարիներին գնալով էլ ավելի մեծ կախվածության մեջ է ընկել ռուսական տնտեսությունից. Ս. Սարգսյանն ինքն է խոստովանել, թե ռուսական ռուբլու արժեզրկումը նվազեցրեց Հայաստանի եկամուտները, իսկ ռուբլու կայունությունն ամենակարեւոր գործոնն է. «Այն հանդիսանում է մեր գյուղատնտեսական արտադրանքի սպառման երաշխիքը, քանզի պայմանագրերը միշտ չէ, որ ռուբլով են կնքվում, այլ նաեւ դրամով: Ե՛ւ ռուբլին, ե՛ւ դրամը կապված են դոլարի հետ»:

Փաստորեն, այսպես Ս. Սարգսյանը հերթական անգամ սեր է խոստովանել առ ՌԴ՝ հասկացնելով, թե ինչպիսի անքակտելի կապերով ենք կապված այդ երկրի հետ, գոնե իր պաշտոնավարման ընթացքում: