ԱՅԴՔԱՆ ՄՈՏ ԵՎ ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում երեկ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ճեպազրույց: Հատկանշական է փաստը, որ «Կանխելով Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը. ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ-ի դերը» խորագիրը կրող միջոցառումն անցկացվել է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից երեք օր անց, իսկ բանախոսներն էլ եղել են ԵԱՀԿ ԽՄ ամերիկացի նախկին համանախագահներ Քերի Քավանոն եւ Ջեյմս Ուորլիքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանատների ներկայացուցիչները, բայց ոչ թե բանախոսի, այլ՝ պարզապես մասնակցի կարգավիճակով:

Եթե անկեղծ, ապա այնտեղ հնչած գնահատականներում որեւէ նորություն չկար. նույն մտքերը հնչել են նաեւ նախկինում՝ ամենատարբեր ձեւակերպումներով: Պարզապես, այստեղ էական էր Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հնչած գնահատականների վերահաստատումը:
Քերի Քավանոն ընդգծել է, որ ԼՂ խնդիրն այն սակավաթիվ հարցերից մեկն է, որի շուրջ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները շարունակում են ակտիվ համագործակցել՝ չնայած օր օրի խորացող տարաձայնություններին: Նկատենք՝ Քավանոն առաջին դիվանագետը չէ, որ նման հայտարարություն է անում. ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդն էր պնդել, թե ԼՂ խնդրի շուրջ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մոտեցումները նույնն են: Համարժեք արձագանք եղել էր նաեւ ռուսական կողմից, առայժմ փորձագիտական մակարդակով. քաղաքագետ Սերգեյ Մակեդոնովն իր հոդվածում նշել էր, թե ԼՂ խնդիրը հետխորհրդային տարածքում միակ հակամարտությունն է, որտեղ ՌԴ-ն ու Արեւմուտքը պատրաստ են միասին գործել, եւ երբեք դա չի համարվել աշխարհաքաղաքական դիմակայության մաս:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումներին, նախկին համանախագահն իր գնահատականներում այնքան էլ լավատես չի գտնվել. ըստ նրա՝ Ղարաբաղյան խնդիրը սառեցված չէ, ավելին՝ վերջին տասնամյակում կողմերի դիրքորոշումներն ավելի են կարծրացել, տարածաշրջանն ավելի ռազմականացված է դարձել՝ մեծացնելով պատերազմի վերսկսման հավանականությունը: «Ցավալին այն է, որ մենք այժմ կողմերի մոտ չենք տեսնում փոխզիջումների գնալու ավելի մեծ ցանկություն ու պատրաստակամություն», – ասել է նա՝ փաստելով, որ մինչ օրս դեռ չեն իրագործվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շփման գծում հրադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ մշակելու վերաբերյալ:
Փոխարենը, Ջեյմս Ուորլիքը Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո տպավորություն է ստացել, թե Ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումներն իրականում բավական մոտ են: «Կողմերը եկել են մի կետի, երբ առաջ շարժվելու հարցում նրանց դիրքորոշումներն այնքան էլ հեռու չեն իրարից՝ չնայած լրատվամիջոցների հաղորդումներին: Կողմերը մի քանի անգամ գրեթե հասել են համաձայնության, եւ վերջին անգամ դա 2011 թվականին է եղել»,- ասել է նա, բայց եւ հավելել, որ այնուամենայնիվ, կողմերն անվստահություն են տածում միմյանց նկատմամբ, մեծացել է երիտասարդ սերունդ, որը միմյանց անմիջականորեն ճանաչելու փորձ չունի: Նա նաեւ պնդել է՝ խաղաղության առավելությունները գերակշռում են փակուղային իրավիճակին եւ թույլ են տալիս խուսափել վերսկսված ռազմական գործողությունների աղետալի հետեւանքներից: Այս ճեպազրույցների ժամանակ եւս Ուորլիքը խոսել է հակամարտության կարգավորման վեց սկզբունքների մասին, որոնք նա հրապարակել էր նաեւ իր հրաժեշտի ասուլիսում՝ մի քանի ամիս առաջ:
Այս ամենի համատեքստում ուշագրավ էր նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա ելույթը՝ Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպայի հայկական չորրորդ համաժողովի ժամանակ: Նալբանդյանն Ադրբեջանին մեղադրել է ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց հրաժարվելու եւ խնդրի կարգավորումից խուսափելու մեջ՝ այդպես, ըստ էության, հաստատելով փաստը, որ չնայած միջազգային հանրության ջանքերին՝ կողմերը դեռ մոտ չեն հարցի կարգավորմանը. «Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են համանախագահ երկրների կողմից որպես կարգավորման հիմք: Մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն»,- հայտարարել է Նալբանդյանը:
Ավելին՝ նա Բաքվին մեղադրել է հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու, նաեւ՝ Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ: «Այո, Հայաստանը համոզված է, որ պետք է ինտենսիվ բանակցություններ վարել։ Խորապես համոզված է, որ եթե Բաքուն կատարի համանախագահների կոչերը՝ անվերապահորեն հարգի հրադադարը, կյանքի կոչի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքներին, կառուցողական մասնակցություն բերի բանակցություններին, ապա հնարավորություն կստեղծվի առաջ մղել խաղաղ գործընթացը»,- ասել է նա:
Հ.Գ. Մինչ այդ նկատենք՝ չնայած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում լարվածությունը մեղմելու, հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու մասին, երեկ ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից սպանվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Խաչատրյանը: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը՝ հակառակ բարձր մակարդակով տրված խոստումներին, այնուամենայնիվ, շարունակում է նույն գործելաոճը: Ու թերեւս հենց սա է պատճառը, որ հայկական կողմի մոտ չկա որեւէ վստահություն, ըստ այդմ՝ խնդրի կարգավորման ուղղությամբ քայլեր անելու ցանկություն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԿԴԱՌՆԱՆ
ՀՀ կառավարության հերթական որոշման արդյունքում առաջիկայում ավելի քան 11 մարդ գործազուրկ կդառնա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առողջապահության նախարարությունը նախատեսել է «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ»-ը միացնել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին: Հիմնավորումն այն է, որ վերջին տարիներին ընկերությունը անարդյունավետ է գործել, որը պայմանավորված է կադրերի տարիքային բարձր ցենզով, շենքային անհարմարավետ պայմաններով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության 2016 թվականի եկամուտը կազմել է 13.5 մլն դրամ, իսկ ծախսերը` 12 մլն 188 հազար դրամ: Այս տարվա եկամուտները կազմել են 13 մլն 270 հազար դրամ, իսկ ծախսերը` 13 մլն 250 հազար դրամ: ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Արտեմիս Տեր-Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ միացման արդյունքում նախատեսվում է ազգային ինստիտուտ տեղափոխել 4-6 աշխատողի: Նրա խոսքով, կկրճատվեն հիմնականում տեխնիկական եւ վարչական կազմերի աշխատողները: Միայն թե, նկատենք՝ պետական կառավարմանը բիզնեսմենի հոգեբանությամբ մոտեցող Կարեն Կարապետյանի համար այլեւս գործելաոճ է դարձել մեծ շահույթ չբերող հիմնարկություններն օպտիմալացնելը կամ լուծարելը՝ իբր այդպես մեծ գումարներ տնտեսելու նպատակով:

 

 

 

ՀՌՉԱԿԱԳԻՐ ԿԸՆԴՈՒՆՎԻ
Ժիրայր Սէֆիլյանի կոչից հետո հասարակական-քաղաքական գործիչների հանդիպումները շարունակվում են: Նախօրեին տեղի է ունեցել հերթական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են հետագա անելիքներն ու ընդունվելիք հռչակագրի հետ կապված հարցեր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, թե քննարկմանը մասնակից բոլոր կողմերը միաձայն համակարծիք են, որ պետք է ազատվել իշխանությունից, եւ քննարկումների հիմնական թեման դրան հասնելու ձեւերն ու հասարակությանը նախապատրաստելուն է ուղղված:

 

 

ՊԵՏՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի առեւտրի սպասարկման կանոնակարգման բաժնի պետ Մանվել Մովսիսյանի եւ իր ենթակաների գործով վճիռը հրապարակվեց: «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր այս պատմությանը՝ տեղեկացնելով, որ Մովսիսյանը բացօթյա առեւտրով զբաղվող անձանց համար արտոնյալ պայմաններ էր ստեղծել եւ պաշտոնական լիազորությունները անցել: Այս արարքի համար Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանը Մանվել Մովսիսյանի նկատմամբ պատիժ նշանակեց ազատազրկում 5 ամիս 11 օր ժամկետով:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՀԱՐԳՈՒՄ
Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները։ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Արցախի դիրքերից մեկում այսօր հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան դեպքին: «Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որն ընդամենը մի քանի օր առաջ ընդունել էր Ժնեւում: Այդ պարտավորությունների մասին գրավոր, հրապարակային հայտարարություն հնչեց համանախագահների եւ երկու բանակցող կողմերի առաջ»,-նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը սրանով ցույց է տալիս, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, որ սա կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմի, այլեւ ժնեւյան պայմանավորվածության նկատմամբ: «Կարծում եմ, որ գոնե հիմա միջազգային հանրության կողմից արձագանք պետք է լինի՝ ուղիղ եւ հստակ»,-հավելեց նա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի միջեւ շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները:

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Համաձայն նախագծի՝ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, առաջին խմբի հաշմանդամին եւ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաեւ այլ անձ: Ա. Ասատրյանը հայտնել է, որ նախատեսվում է ձեւավորել նաեւ էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման օրենսդրական հիմքերը: Նախագիծն ընդունվել է:

 

 

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏ
Հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի կունենա բարերար Լեւոն Հայրապետյանի հուղարկավորությունը: Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը ցանկություն էր հայտնել հուղարկավորվել Մոսկվայում՝ հոր եւ մոր կողքին:

 




Լրահոս