Հերթական ոչինչ չասող հայտարարությունը. կրճատում են ու անիրական խոստումներ տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում շարունակվել են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնք բուռն ընթացք ունեցան: Նախ պարզվեց, որ 2018 թվականի բյուջեով նախատեսվում է առողջապահության նախարարությանը տրամադրել 80.1 մլրդ դրամ գումար, որը շուրջ 5.8 մլրդ դրամով ավելի պակաս է այս՝ 2017 թվականի ցուցանիշից:

Չնայած ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկաներին վստահեցրեց, որ շահառուներին մատուցվող ծառայությունները չեն վատթարացվի, եւ փոքր բյուջեով հնարավոր է մեծ հաջողությունների հասնել, սակայն ոչ բոլորն էին համաձայն:

Օրինակ՝ ԱԺ առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց այդ մտքի հետ՝ ընդգծելով, թե առողջապահության ոլորտում լուծում պահանջող այնքան խնդիր կա, որ լուծելու համար բյուջեն չպետք է կրճատվի: «Ցանկացած ոլորտի պարագայում կարիքն ավելի մեծ է, քան հնարավորությունները, որոնք հատկացվում են այդ կարիքները բավարարելու համար»,- փորձեց համոզել Ջանջուղազյանը։

Ֆինանսավորման կրճատումից դժգոհեց նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: «Դեղորայքների ձեռքբերման համար նախատեսված է 3 մլրդ 330 մլն դրամ, իսկ սարքավորումների ձեռքբերման համար՝ ընդհամենը 10 մլն։ Արդյո՞ք ճիշտ է բժշկական սարքավորումների համար նման քիչ գումար նախատեսել»,- հետաքրքրվեց պատգամավորը։ Ջանջուղազյանի խոսքով՝ դա չպետք է արտացոլվի բյուջեի նախագծում:

Հետաքրքիր է, որ Հայաստանում առաջիկա տարիներին նախատեսված է նաեւ կրթության ֆինանսավորման կրճատում: Չնայած օրենքով սահմանվել էր, որ մինչեւ 2018 թվականը կրթությանը տրամադրվող գումարը պետք է հասներ ՀՆԱ-ի 4 տոկոսին, սակայն ոչ միայն չի բարձրանալու, այլ նվազելու է: 2018-2020 թթ. միջնաժամկետ ծախսերով կառավարությունը ծրագրում է այն ՀՆԱ-ի 2.34 տոկոսից հասցնել 1.85 տոկոսի:

Իհարկե, սա մտահոգիչ է, հատկապես, երբ մշտապես ոլորտի մասնագետների կողմից բարձրաձայնվում են կրթության ոլորտում առկա խնդիրների մասին: Եվ հիմա էլ, բացի այդ խնդիրներից, առաջանում է նաեւ ֆինանսավորման կրճատման հարցը: Հետաքրքիրն այն է, որ կրթությանը տրամադրվող գումարների ցուցանիշով ՀՀ-ն ամենացածրն է տարածաշրջանում, իսկ ըստ «Յունեսկօ»-ի վիճակագրության ինստիտուտի հրապարակած աղյուսակի՝ ՀՀ-ն ներկայիս ցուցանիշով 158 երկրների շարքում գտնվում է 136-րդ տեղում:

Չնայած առողջապահության, կրթության ոլորտի հատկացումները նվազում են, իսկ հաջորդ տարի չեն բարձրանալու նաեւ կենսաթոշակներն ու աշխատավարձերը, սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են՝ քաղաքացիների կյանքը բարելավելու համար: Հերթական ոչինչ չասող հայտարարությունը…

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս