Նոր խնդիրներ հայ տնտեսվարողների համար. Վերին Լարսով բեռնափոխադրումները դժվարացել են. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը կրկին հայտնվել է կոտրված տաշտակի առաջ. եղանակային պայմանների վատթարացման հետեւանքով փակվել է Վերին Լարսի անցակետը: Երեկ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայկական կողմին տեղեկացրել են, որ ձյան պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար, եւ անցնել կարող են միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաները: Ու քանի որ ձյան տեսքով տեղումներն առաջիկայում էլի են շարունակվելու, նշանակվում է՝ Վերին Լարսի անցակետը դեռ երկար կմնա փակ:

Հետեւանքները դժվար չէ գուշակել. Հայաստանը տեւական ժամանակ զրկվելու է ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ ցամաքային կապով հաղորդակցվելու հնարավորությունից եւ պարզապես չի կարողանալու արտահանել ապրանքները ԵԱՏՄ երկրներ, կամ այնտեղից ՀՀ ներկրումներն իրականացնել: Իսկ եթե նկատի ունենանք փաստը, որ այս տարվա երրորդ վիճակագրական եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 27,8 տոկոսն ԱՊՀ երկրների հետ է, որից 24,6 տոկոսը՝ ՌԴ-ի հետ, դժվար չէ կռահել՝ տնտեսությանն ինչպիսի հարված է սպասվում: Առավել եւս, երբ առանց այն էլ սկսել էին դանդաղել արտաքին առեւտրաշրջանառության, մասնավորապես արտահանման տեմպերը: ԱՎԾ օրերս հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին արտահանման ծավալների աճը 19,4 տոկոս է եղել, բայց հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արտահանումը նվազել է 0,7 տոկոսով:

Վերին Լարսն իհարկե առաջին անգամը չէ, որ փակվում է: Տարվա այս եղանակներին եւ, ընդհանրապես, արտակարգ իրավիճակների պատճառով անցակետը հաճախ է փակվում, իսկ հայ գործարարները հայտնվում են փաստի առաջ: Չնայած ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ պնդում են, թե փորձում են Լարսին այլընտրանքային ուղիներ գտնել, միեւնույն է՝ ապարդյուն: Եթե անկեղծ, ապա այդ ամենը ՀՀ իշխանություններից կախված չէ, այլ պայմանավորված է ռուս-վրացական հարաբերություններով: Վրաստանով դեպի ՌԴ բեռնափոխադրումներ իրականացնելու ուղիներից մեկն էլ աբխազական երկաթգիծն է, որը, սակայն, ավելի քան 20 տարի է՝ չի գործում ռուս-վրացական կոնֆլիկտի պատճառով, եւ դժվար է ասել՝ երբ այն կգործարկվի, ու արդյո՞ք կողմերը թույլ կտան, որ այն դառնա տարանցիկ փոխադրումների ուղի: Հայաստանը դեպի ՌԴ կարող էր ցամաքային կապ ունենալ նաեւ Ադրբեջանի տարածքով, բայց այստեղ էլ խանգարում է Ղարաբաղյան հակամարտությունը, դրա պատճառով՝ հարեւան երկրի հետ հարաբերությունների իսպառ բացակայությունը /մեղմ ասած/: Այնպես որ, համաձայնեք, տարածաշրջանային կոնֆլիկտները լուրջ խոչընդոտ են երկրների զարգացման համար:




Լրահոս