Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսում է քաղաքական կոռուպցիայով իշխանության եկած ուժի ղեկավարը. Սերժ Սարգսյանի ելույթի հետքերով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններն առանձնահատուկ ջանասիրությամբ սկսել են խոսել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Պատճառները միանգամայն հասկանալի են. սա ԵՄ-ի հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի առաջնային պահանջներից է, որի դիմաց խոստացվել է ՀՀ-ին տրամադրվող ֆինանսավորման կտրուկ ավելացում:

Երեկ էլ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելու հերթը Սերժ Սարգսյանին էր: ՀՔԾ կազմավորման 10-ամյակի առիթվ հանդիսավոր նիստում նա հայտարարել է. «Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա: Մեր առաջնային խնդիրներից են շարունակում մնալ այս երեւույթին արդյունավետ հակազդելն ու դրանում շոշափելի արդյունքներ արձանագրելը»:

Սկսենք նրանից, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը շարունակում է իշխանության ղեկին մնալ հենց քաղաքական կոռուպցիայի արդյունքում: Հազիվ որեւէ մեկը մոռացած լինի ԱԺ վերջին ընտրություններում համատարած բաժանված ընտրակաշառքը: Դրանից հետո անգամ ՍԴ որոշման մեջ նշվեց, թե քաղաքական կոռուպցիան անվտանգության սպառնալիք է, եւ դրա արմատախիլ անելը իրավական անվտանգության օրակարգային առաջնահերությունն է:

Իսկ ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի մասին Սերժ Սարգսյանն առաջին անգամը չէ, որ խոսում է: Իր նախագահության մոտ տասը տարիների ընթացքում նա ամեն տարի հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի, այդ պայքարը նոր թափով առաջ տանելու մասին: Հաճախ այս թեմայով նրա ելույթները հիշեցնում էին արմատական ընդդիմադիր առաջնորդների ճառերը:

Օրինակ՝ 2012թ. էլ Ս. Սարգսյանը կառավարությունում եւ նախարարություններում կոռուպցիայի դեմ պայքարով խորհրդակցությունների շարք սկսեց՝ բացահայտ մեղադրանքներ հնչեցնելով նախկին վարչապետի ու նախարարների հասցեին: Բայց իրավիճակը, միեւնույն է, չի փոխվել:

«Ինչու» հարցի պատասխանը ժամանակին տվել է նույն Սերժ Սարգսյանը: Դեռ վարչապետության օրոք 2007թ. ապրիլին նա հետեւյալ միտքն էր հայտնել. «Կոռուպցիան այն չարիքն է, որի դեմ ավելի լավ է պայքարել, քան խոսել, որովհետեւ ինչքան շատ ես խոսում, այնքան շատ սխալներ ես թույլ տալիս…Հայաստանում պրոբլեմը նա չէ, որ նախարարը կաշառակերությամբ է զբաղվում: Հայաստանում պրոբլեմը նա է, որ բոլորն են զբաղվում` փոքր չինովնիկները: Եվ ժողովուրդը ամեն օր շփվում է այդ մարդկանց հետ»:

Փաստորեն, եթե նկատի ունենանք փաստը, թե այս տարիներին նա որքան շատ է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այնքան արտաքուստ ավելացել է պայքարը, զուգահեռ՝ կոռուպցիան:




Լրահոս