Մահամերձի սնարի մոտ. իշխանությունը տնտեսական կոլապսից խուսափելու համար անդադար կավելացնի պարտքը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միանգամայն սպասելի էր, որ կառավարությունն օրերից մի օր խորհրդարան կներկայացնի «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը` նախատեսելով բարձրացնել պարտք կուտակելու շեմը: Սպասելի էր, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը, հակառակ իշխանությունների պնդումներին, մահամերձ վիճակում է, ու վերջնական կոլապսից խուսափելու համար հարկավոր է պարզապես ավելացնել պարտքը:

Եւ հետո` ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ինքն էր մի քանի անգամ հայտարարել, թե առանց պարտք վերցնելու դժվար է տնտեսական աճ ապահովելը, նույնը խոստովանել է նրա տեղակալ Արմեն Հայրապետյանը` ասելով, որ եթե պարտք չաներ ՀՀ-ն, «անորոշ երկիր էինք ունենալու»:

Ինչեւէ: Պետական պարտքի մասին գործող օրենքով բոլոր գործարքները, որոնց համաձայն կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ 60 տոկոսը, պետք է առ ոչինչ համարվեն: Հիմա կառավարությունն ԱԺ ներկայացրած նախագծով փաստացի առաջարկում է հանել այդ սահմանափակումը. նախագծով առաջարկվում է չարգելել ՀՆԱ 60 տոկոսի շեմը գերազանցող վարկեր վերցնելը, բայց այդ դեպքում կառավարությունը պետք է հստակ ծրագիր ներկայացնի, թե ինչպես է հետագայում պարտքի բեռը նվազեցնելու եւ թույլատրելիի սահմաններում պահելու, իսկ վերցրած վարկերը պետք է ծախսի միայն այնպիսի ծրագրերի վրա, որոնք կնպաստեն տնտեսական աճին:

Համաձայնեք, հրաշալի են մտածել՝ մի կողմից օրենքում պահում են ՀՆԱ 60 տոկոսը չգերազանցելու արգելքը, մյուս կողմից` թույլատրում են այն շրջանցել համապատասխան պայմանների դեպքում: Բայց այս քայլին կառավարությունը գնացել է ճարահատյալ, քանի որ Սերժ Սարգսյանի իշխանավարման տասը տարիներին պետական պարտքը եռապատկվել է: Ու չնայած դրան` նոր պարտքեր վերցնելու կարիք ունենք:

Ի դեպ, ոչ վաղ անցյալում կառավարությունը օրենսդրական նման փոփոխություն էլի էր արել: 2015թ. հունիսին կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստում փոփոխություններ արվեցին «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում, եւ եթե նախկինում ՀՆԱ 60 տոկոսի շեմի արգելքը գործում էր ՀՀ պետական պարտքի վրա, ապա նոր օրենքով սահմանափակումները նախատեսվեցին միայն կառավարության պարտքի վրա: 2.5 տարի անց, սակայն, պարզվում է՝ անգամ այդ քայլը բավարար չէ, ու հիմա պետք է պարտքը կրկին ու կրկին մեծացնել:

Միայն թե պարտքը նման տեմպերով ավելացնելու դեպքում էլ ավելի մեծ է անհանգստությունը, որ Հայաստանն այս տնտեսությամբ կարող է եւ դուրս չգալ բեռի տակից. դեֆոլտը առավել քան մոտ է: Մի փաստ էլ, երեկ ԱԺ-ում հերթական 40 մլն դոլարանոց վարկային համաձայնագիրն էր քննարկվում, եւ ֆինանսների փոխնախարարն ասաց՝ ծախսելու են, ոնց ուզեն:




Լրահոս