Կուզենայի, որ Հայաստանում հեռուստատեսությունն ավելի ազատ լիներ, ցենզուրան քիչ լիներ. Ֆելիքս Խաչատրյան

2001-08թթ. Հանրային հեռուստաընկերության եթերում ամենաշատը երեւացող հաղորդավարներից մեկը Ֆելիքս Խաչատրյանն էր։ Շատերը կհիշեն նրա վարած հաղորդումներն ու հեռուստանախագծերը՝ «Օտար խաղեր», «Թեժ տասնյակ», «Երկու աստղ» եւ այլն: Հետո արդեն Ֆելիքսին տեսանք «Արմենիա» հեռուստաընկերության եթերում՝ «Ֆորտ Բոյարդ», «Բարի լույս, հայեր» եւ այլ ծրագրերի շրջանակում։ Իսկ վերջերս էլ Ֆելիքսը վերադարձավ Հանրային հեռուստաընկերություն. նա վարում է «Սիրո բանաձեւ» ծրագիրը։ Հեռուստադիտողներից շատերը կարոտել էին նրա հումորներին, սակայն Ֆելիքսին չէին կորցրել տեսադաշտից։ Վերջինս այս տարիներին ակտիվ գործունեություն էր վարում նաեւ երաժշտական ոլորտում։ Նա հասցրել է հիմնադրել «33.3» հիպ-հոպ խումբը, թողարկել մի շարք երգեր եւ տեսահոլովակներ։ Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը հաղորդավար, հեղինակ-կատարող Ֆելիքս Խաչատրյանն է։

-Ֆելիքս, արդեն հասցրե՞լ եք կրկին ադապտացվել հաղորդավարի կերպարին, թե՞ գուցե կան բաներ, որոնց հետ չեք համակերպվում, որոնցից, այսպես ասած, հետ եք վարժվել։

-Չէ, նման խնդիր չկա, օգտագործում եմ այն, ինչ գիտեի։ Ոչ մի բանից հետ չեմ վարժվել։ Բնականաբար, տարիների ընթացքում ավելի հասուն եմ դարձել, բացի այդ՝ հիմա մի քիչ չաղ եմ, մնացածը նորմալ է (ծիծաղում է)։

-Իսկ կա՞ հեռուստատեսային մի ֆորմատ, որին առանձնակի ձգտում եք։

-Բոլոր ֆորմատներն էլ ինձ հետաքրքրում են, կոնկրետ բան չեմ նշի, բայց, իհարկե, լավ կլինի, եթե ուղիղ եթերում հայտնվեմ եւ մեծ թվով հեռուստադիտողներ ունենամ։ Դա, ըստ իս, ինքնըստինքյան բարձր է պահում տրամադրությունն ու լցնում է եթերը։

-Հայկական հեռուստատեսության ամենամեծ բացը ո՞րն եք համարում։

-Կուզենայի, որ Հայաստանում հեռուստատեսությունն ավելի ազատ լիներ, ցենզուրան քիչ լիներ. այդպես ավելի հետաքրքիր կդառնար աշխատելը։ Արտերկրի, թեկուզ Ռուսաստանի հեռուստաալիքների գործունեությանը հետեւելիս կարող եք տեսնել, որ այնտեղ ցենզուրան ավելի թույլ է։ Նկատի ունեմ այն, որ եթերում թույլատրված է ավելի շատ թեմաների շուրջ կատակել։ Իսկ մեր եթերի սահմանափակումները փակում են մարդու միտքը։ Մնացածն ընդհանուր առմամբ նորմալ է։

-Գուցե Դուք էլ մտքերն արտահայտելու առումով առաջացած բացը փորձում եք արտահայտել ռեփի միջոցո՞վ։

-Դե այո, այդ աշխատանքն, իհարկե, ոչ մի կապ չունի հեռուստատեսության հետ, դա ուրիշ մարդ է անում (ծիծաղում է)։ Ասելիքի մասով, այո, բացը լրացնում եմ երաժշտության շնորհիվ։

-Առաջիկայում ե՞րբ նոր ձայնասկավառակ կթողարկեք։

-Ամենաուշը մարտին պատրաստ կլինի իմ նոր ալբոմը, որը կկոչվի «Սառը սարը»։

-Կա՞ մի թեմատիկա, որը կարմիր գծի նման անցնում է բոլոր երգերի միջով։

-Այդպիսի կոնկրետ թեմա չկա, բայց ընդհանուր առմամբ փորձել եմ «33.3»-ական ֆորմատը պահել, ներկայացնել առավել մեղեդային, պոետիկ, եւ ոչ ագրեսիվ երգեր։ Հենց ալբոմը պատրաստ լինի, անպայման կանեմ նաեւ շնորհանդես։

-Իսկ Ձեզնից զուգերգ սպասե՞նք։

-Այո, Մարտա Կիրակոսյանի հետ դուետ ենք պատրաստում։ Կարծում եմ՝ հետաքրքիր համագործակցություն է ստացվել։

-Եվ վերջում, բացի «Սիրո բանաձեւը»` Ձեզ ուրիշ հեռուստանախագծի շրջանակներում առաջիկայում կտեսնե՞նք։

-Այո, նկարահանվում եմ «Տանդեմ» սիթքոմում, որը հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերությամբ։ Սիթքոմի ռեժիսորը Արման Նշանյանն է։ Նախագծում նկարահանվում են հենց Արմանը, Սոֆյա Պողոսյանը եւ այլք։ Բացի այդ՝ ես եւ Արմանը նոր զուգերգ ունենք։ Ընդ որում, օպերային կատարումներով հայտնի Արմանն այս զուգերգի շրջանակում նաեւ ռեփ կկարդա։ Երգը ներառում է նաեւ օպերային հատված։ Այն կոչվում է «Տանդեմ» եւ համանուն սիթքոմի սաունդթրեքն է։

Աննա Բաբաջանյան