ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼԻՍ ԻՆՁ ՉԵՆ ԲԱՑԱՏՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:

-Սրբազա՛ն, Հայ առաքելական եկեղեցու խաչքավորները սովորաբար ի՞նչ սկզբունքով են ընտրվում:
-Եկեղեցում խաչքավորները Հովհաննես Մկրտչի դերում են հանդես գալիս: Որպես ոսկե կանոն եւ սկզբունք գոյություն չունի: Մարդը, որը եկեղեցուն գնահատել գիտի, եկեղեցու գիտակցությունն ունի այդ առաքելության մեջ, թե իր տեղն ու դերը որն է, հենց նրանց միջից էլ կարող են ընտրվել խաչքավորները:
-Տարիներ շարունակ տարբեր պաշտոնյաներ են եղել խաչքավոր, ինչո՞ւ եկեղեցում որեւէ ընդդիմադիր գործիչ երբեք խաչքավոր չի դառնում:
-Որ նայեք տարբեր եկեղեցիներում, կգտնեք ամեն սոցիալական խավի ներկայացուցչի, բոլոր տեսակի:
-Հիմա կոնկրետ մեր եկեղեցում կա՞:
-Ես երբեք չեմ հարցնում, թե որ եկեղեցում հոգեւոր հովիվը ում է նախընտրում, որ դառնա տվյալ տարվա խաչքավորը: Իրենք ազատ են: Էդպես կենտրոնացված համակարգված չէ: Տվյալ հավատքի հոգեւոր հովիվը իր ծխական խորհրդի հետ պետք է որոշի, թե ով կարղ է լինել Սուրբ Ծննդյան խաչի քավորը: Արարատյան թեմում 34 եկեղեցիներ կան, ուրեմն այդ քանակով էլ խաչքավոր կա:
-Օրինակ` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը Սուրբ Ծննդյան պատարագի օրը խաչքավոր եղավ, ըստ Ձեզ` դա ավելի շատ գովազդային արշա՞վ է, թե՞ հավատ առ Աստված:
-Գովազդային արշավ չէ դա: Վիգեն Սարգսյանը հավատացյալ հայ քրիստոնյա է: Եվ ազգ-եկեղեցի, եկեղեցի-բանակ հասկացողությունները մեզ համար առաջնային նշանակություն ունեն մեր առաքելության մեջ: Դա պետք է տեսնել էդ շրջագծի մեջ:
-Սրբազա՛ն, պաշտոնյաներն այդ խաչը բռնելով` ինչի՞ են ձգտում: Մենք նկատեցինք, որ ՀՀ ԱԺ Էդուարդ Շարմազանովն էլ իր հայրենի Ախթալայում էր խաչքավոր եղել:
-Մի էսպիսի հարց. որեւէ ընդդիմադիր գործիչ կա՞, որ ցանկություն է ունեցել այն եկեղեցին, որտեղ ինքը հաճախում է, այցելում է որպես պարզ հավատացյալ, կապ ունենա տվյալ համայնքի, ծխական խորհրդի եւ հոգեոր հովվի հետ եւ չդառնա խաչքավոր: Կարծում եմ` հնարավոր չէ, որ չդառնա: Ես կարծում եմ` պաշտոնյա լինելու հանգամանքը կարեւոր չէ, պատասխանատվություն վերցնելու հանգամանքն է կարեւոր: Պատասխանատո՞ւ է նա, արդյոք, հոգեւոր քաղցր լուծը իր վրա վերցնի:
-Հայտնի է, որ պաշտոնյաները, օրինակ` քաղաքական գործիչները, հաճախ են ստում: Աստվածաշնչական պատվիրաններ խախտողին ինչպե՞ս է եկեղեցին վստահում խաչը:
-Կարող եմ մի ձեւով պատասխանել. աշխարհում չկա մի ազգ, որ Աստծուն հավասար լինի, դրա համար էլ մարդկանց համար կա ապաշխարության խորհուրդը: Եթե էսօր վերցնենք կատարյալ մարդ, ինչպես մեր տեր Հիսուս Քրիստոսն էր, գոյություն չունի, բայց դրա ձգտումը օրինակի տեսքով տվել է հենց ինքը` Հիսուսը` աստվածամարդ դառնալով: Յուրաքանչյուր մարդուն բնորոշ է սխալներ անելը, թերացումներ ունենալը, բայց ձգտում չցուցաբերելը դա արդեն խոսում է, որ մարդն ընկած է, չի ուզում վեր կենա:
-Շատ քննադատվեց Վիգեն Սարգսյանը…:
-Շատ իզուր:
-Ի՞նչ պետք է անի նա, որպեսզի Հայ առաքելական եկեղեցու հավատավորների մոտ վստահություն ձեռք բերի:
-Ես չեմ կարծում, որ Վիգեն Սարգսյանը հավատավորների մոտ վստահություն չունի: Ձեր ասածը թյուրըմբռնում է: Նման կարծիք մեր հավատացյալները չունեն, որքանով ես գիտեմ: Վիգեն Սարգսյանը զբաղեցնում է մի կարեւորագույն պաշտոն, որը կապված է հայոց բանակի հետ: Մեր զավակներն են ծառայում սահմանի վրա: Եվ մենք նրանց աջակից ու զորակից ենք: Եվ Վիգեն Սարգսյանը նրանց համար պատասխանատու է ի պաշտոնե: Ինչո՞ւ նրա նկատմամբ թերահավատություն լինի, եւ ոչ թե վստահություն: Ես կարծում եմ` վստահություն կա, եւ Վիգեն Սարգսյանը լրիվ արդարացնում է իր պաշտոնավարության մեջ հավատացյալների ըմբռնումները:
-Անցած տարվա վերջին օրը ՀՀ նախագահի կողմից Դուք պարգեւատրվեցիք «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Ձեզ բացատրվե՞լ է, թե հատկապես որ ծառայության դիմաց եք ստացել մեդալը:
-Նման բաները ինձ չեն բացատրում: Նման բաները որոշում են, հո ինձ չեն բացատրելու:
-Կարծեք թե հոգեւորականներից միայն Դուք եք պարբերաբար ՀՀ իշխանության կողմից գնահատականի արժանանում: Ո՞րն է գաղտնիքը:
-Գաղտնիք չկա: Նայեք անցած ժամանակների պարգեւատրումները, կտեսնեք, որ ես չկամ: Ինչո՞ւ եք էդպես առանձնացնում ինձ: Այդ պարգեւը, որ տրվել է, վերաբերում է բոլոր եկեղեցականներին եւ նրանց գործունեությանը:
-Ձեր շուրջ պարբերաբար պտտվող քրեական պատմությունները որեւէ կերպ առնչվո՞ւմ են այն գնահատականին, որը ստացաք ՀՀ նախագահի նստավայրում:
-Հեքիաթների մասին չեմ ուզում խոսել: Դրանք հեքիաթներ են: Մի՛ խոսեք էդ մասին: Ինչո՞ւ եք ուզում կապել չեղածը եղածի հետ: Մի՛ արեք նման բաներ, եթե ուզում եք լուրջ լինել: Իսկ եթե պետք է բամբասանքով զբաղվեք, անիմաստ զրույց եք անում:
-Մի բան էլ հարցնեմ…
-Էլ մի՛ հարցրեք, ինձ այդ անհեթեթությունների մասին նույնպես չպետք է հարցնեիք: Եթե լուրջ մարդու հետ եք խոսում, ուրեմն լուրջ թեմաների մասին եք խոսում: Իսկ եթե Դուք բամբասանքներին տեղի եք տալիս, ես էդտեղ չկամ: Ես բամբասող թեմաների մասին չեմ ուզում խոսել: Իրական պետք է լինի, իրական:
-Համատարած թանկացումներ են, անպատժելիության մթնոլորտ. ի՞նչ կարծիք ունեք այսօրվա հայկական իրականության մասին:
-Անպատժելիության մասին չեմ կարող համաձայնել, որ այդպես է: Անպատժելիության մթնոլորտ չեմ տեսնում: Լավ էլ մարդիկ պատժվում են, իսկ թանկացումների մասին ես պարզապես չեմ հասկանում այդ թեմայից:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է, ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է 2018 թվականի ապրիլի 9-ին, եւ հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորություններն, ու կառավարությունը հրաժարական կներկայացնի: Անցում կատարելով խորհրդարանական համակարգի` երկրի ղեկավար է դառնալու վարչապետը, իսկ նախագահին ավելի քիչ լիազորություններ են տրվելու. այն ավելի շատ խորհրդանշական պաշտոն է լինելու:

Նախագահին եւ վարչապետին տրվելիք լիազորությունների շրջանակում կարեւոր է հասկանալ, թե, ի վերջո, ով է լինելու արտաքին քաղաքականության պատասխանատուն, եւ հատկապես ով է բանակցություններ վարելու Ղարաբաղի հարցով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ ըստ Սահմանադրության` արտաքին քաղաքականությունն իրականացնելու է երկրի վարչապետը:
Մասնավորապես Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը»: Իսկ նախորդ Սահմանադրությունում ամրագրված հոդվածի համաձայն` կառավարությունն իրականացնում էր ներքին քաղաքականություն, նախագահը՝ արտաքին: Այժմ այդ բոլոր լիազորությունները տրված են երկրի վարչապետին:
Եվ չնայած նախագահին տրված փոքր լիազորություններին, ՀՀ նոր Սահմանադրության 132-րդ հոդվածում հետաքրքիր կետ է ամրագրված: Մասնավորապես այդ հոդվածի առաջին կետում նշված է. «Հանրապետության նախագահը կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր»: Ստացվում է՝ երկրի վարչապետը բոլոր հարցերով բանակցություններ է վարում, ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվածություններ գործում, սակայն այդ պայմանագրերը կնքում է երկրի նախագահը:
Այսինքն՝ ՀՀ վարչապետը կարող է ընդհուպ արցախյան ազատագրված հողերը հանձնելու որոշում կայացնել, սակայն այդ պայմանագիրը պետք է կնքի ՀՀ նախագահը: Այստեղ թերեւս տեղին է հիշել Սերժ Սարգսյանի կողմից դեռեւս 2015 թվականի դեկտեմբերին արված արտահայտությունը, երբ խոսելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին` նշել էր. «Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա անտրամաբանական է»: Այժմ նույնն իրավիճակն է ստացվում, սակայն հակառակ կողմերով: Եվ քանի որ Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի հիմնական թեկնածուն, ստացվում է՝ նա որոշումներ կկայացնի, ստորագրողը կլինի երկրի նախագահը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ»-ի սնանկության գործով կառավարիչը վաճառքի է հանել ընկերության ոչ միայն անշարժ, շարժական գույքերը, այլեւ նախկին սեփականատիրոջ բնակարանները: Իսկ գույքերի աճուրդը տեղի կունենա հունվարի 30-ին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաճառքի հանված թվով 2 անշարժ գույքի ընդհանուր մեկնարկային արժեքը կազմում է ավելի քան 147 մլն դրամ: Աճուրդի են հանվելու նաեւ որոշ ապրանքատեսակներ, որոնք գտնվում են Ագարակ գյուղում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կվաճառվեն նաեւ Ճամբարակում գտնվող «Հովիտ պանրագործարան»-ի պահեստի գույքը, ընկերության տրանսպորտային միջոցները, Երեւանում գտնվող չոր կաթի արտադրության ենթակայանը: Բացի այս, պարզվում է նաեւ, որ աճուրդի է հանվել գրավադրված, Երեւանի կոնտրոնում գտնվող երկու բնակարան` ընդհանուր 94 մլն 120 հազար դրամ արժեքով: Ըստ որոշ տեղեկությունների` տվյալ դեպքում խոսքը «Աշտարակ կաթ» ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին պատկանող բնակարանների մասին է:

 

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՏՔԻ ՉԻ ԿԱՆԳՆԻ
«Ազատամարտիկների դաշինքը» ազատ է թողել հունվարի 19-ին կայանալիք «Ելք» դաշինքի նախաձեռնած «Ոչ թանկացումներին» խորագրով ակցիային մասնակցել-չմասնակցելու հարցը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դաշինքի վարչության անդամ Գագիկ Մելքոնյանը: «Ով ուզում է, կմասնակցի, ով չի ուզում՝ ոչ: Ես ինքս չեմ որոշել դեռ», – նշեց նա` նաեւ կարծիք հայտնելով, որ ամեն դեպքում ժողովուրդը ոտքի չի կանգնի: «Ժողովուրդը չի կանգնելու, որովհետեւ նրանք 10 հազար դրամով ծախել են ամեն ինչ: Նրանք այժմ իրենց ցանած պտուղներն են քաղում», – հավելեց Մելքոնյանը:

 

 

 

ԽՈՍՐՈՎԻ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ խորհրդարանում իշխող մեծամասնությունը մերժեց «Ծառուկյան» դաշինքի նախագիծը՝ հասարակության որոշակի շերտերի եկամտահարկը նվազեցնելու մասին: Բայց այդ քննարկումներն առանց միջադեպի չանցան. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հորդորեց հարցնել համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ցանկացած ուսանողի այս նախաձեռնության մասին, եւ եթե այլ կարծիք կհայտնեն, ապա ինքը պատրաստ է կողմ քվեարկել: Դահլիճում կրքերը բորբոքվեցին, ի պատասխան` Միքայել Մելքումյանը հորդորեց հարգանքով խոսել: Այդպես Հարությունյանն ակնարկել էր, որ Մելքումյանը, լինելով այդ բուհի դասախոս, ուսանողների չափ հաշվարկ չի կարողացել անել: Մելքումյանն էլ կոչ էր արել հարգանքով խոսել:
«Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնի դարձավ, որ ավելի ուշ խորհրդարանի միջանցքում, Խոսրով Հարությունյանը մոտեցել է Միքայել Մելքումյանին եւ ներողություն խնդրել դահլիճում հնչեցրած մտքերի համար:




Լրահոս