Գերեզմանափոս՝ գիրք արտադրողների համար. հայ հրատարակիչները նախընտրում են գրքեր տպագրել Թուրքիայում, բայց ոչ Հայաստանում

Հայաստանում գրքի արտադրությունը ձեռնտու չէ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ բերելով հետեւյալ փաստարկները՝ հայ հրատարակիչները նախընտրում են գրքեր տպագրել Թուրքիայում, Չինաստանում, քանի որ ներմուծված ապրանքից՝ գրքից, մաքսատուրք չի գանձվում, ԱԱՀ-ն 0 է, իսկ Հայաստանում տպագրվելու համար սահմանին թղթի գնի վրա ավելանում է մաքսատուրք եւ այնուհետեւ՝ ԱԱՀ: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ստացվում է այնպես, որ Հայաստանի հրատարակիչը ներդրում է անում ոչ թե իր երկրում, այլ արտասահմանում:

«Եթե մենք փորձենք թուղթ ներմուծել, ասենք՝ Գերմանիայից, Շվեդիայից կամ Չինաստանից, ապա պետք է մուծենք 5-15 տոկոս մաքսատուրք եւ դրան գումարած՝ 20 տոկոս ավելացված արժեքի հարկ: Այսինքն` ապրանքի արժեքը մինչեւ 35 տոկոսով ավելանում է: Իսկ, օրինակ, երբ Թուրքիայից ներմուծում ենք պատրաստի գիրքը, ավելացված արժեքի հարկը կազմում է 0 տոկոս»,- մանրամասնեց հրատարակչության տնօրենը:

Ա. Մարտիրոսյանը շեշտեց՝ Հայաստանում տպագրություն իրականացնելու համար պետք է ներմուծել, օրինակ, սարքավորումներ, որի համար կրկին հարկավոր է մուծել ԱԱՀ-ն. «Ենթադրենք՝ հայաստանցին սկզբում 200 հազար դոլարի սարքավորում է բերում, հետո՝ եւս 200 հազարի, հետո՝ էլի 200 հազարի: Արդյունքում նա ոչ մի հարկատեսակից չի ազատվում: Իսկ եթե արտասահմանցին միանգամից մի միլիոն դոլարի սարքավորում է բերում, ազատվում է հարկերից: Սեփական արտադրողի հերն անիծելու եւ արտասահմանցուն խրախուսելու միտումն ամեն ոլորտում կա: Դրսի ներդրողը պուպուշ է, ներսինը՝ ապո՞ւշ: Ախր այդ «ապուշը» կթողնի, կգնա Հայաստանից: Նա այդ սարքավորումը, թուղթը բերում է, որ աշխատատեղ ստեղծի, որ Հայաստանում արտադրական շարժ լինի, դրամաշրջանառություն ապահովվի, այնինչ` գալիս է այն եզրահանգման, որ լավ կանի՝ գիրքը տանի դրսում տպի: Սա գերեզմանափոս է՝ սեփական արտադրողի համար»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ 2017-ի նոյեմբերին մի խումբ հրատարակիչների կողմից ստեղծված «Հայգիրք» հրատարակիչների եւ գրավաճառների ասոցիացիան (այդ թվում՝ «Անտարես» ՍՊԸ-ն, «Արեգ» հրատարակչությունը, «ՄՀՄ» գրատուն ՍՊԸ-ն, «Փրինթինֆո» ՍՊԸ-ն), որը ստանձնել է գրահրատարակչության բնագավառին տեր կանգնելու գործառույթը, 2017-ի նոյեմբերին նշյալ խնդրով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Այսպիսով՝ նույն թվականի դեկտեմբերին ստացված պատասխանում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նախ անդրադարձել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքին. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, իսկ 2018թ. հունվարի 1-ից՝ ՀՀ հարկային օրենսգրքով ապրանքների մատակարարումից ԱԱՀ-ի հաշվարկման համար սահմանված է ԱԱՀ-ի մեկ միասնական դրույքաչափ՝ 20 տոկոս: ՀՀ տարածքում իրացվող ԱԱՀ-ով հարկման ենթակա ապրանքների տեսակից կախված՝ ԱԱՀ-ի տարբերակված դրույքաչափեր կիրառելու կարգավորումներ ՀՀ-ում գործող հարկային օրենսդրությամբ սահմանված չեն»,-ասված է պատասխանում:

Ինչ վերաբերում է ասոցիացիայի անդամների այն փաստարկներին, որ, օրինակ, Գերմանիայում բոլոր գրքերի ԱԱՀ-ն սահմանված է 7 տոկոս, այն դեպքում, երբ մնացած բոլոր ապրանքների դեպքում այն կազմում է 13 տոկոս, իսկ, օրինակ, Վրաստանում եւ Ուկրաինայում գրքի ԱԱՀ-ն 0 տոկոս է, ՊԵԿ նախագահը պատասխանել է. «Միայն տարբեր երկրներում ԱԱՀ-ի տարբեր դրույքաչափեր սահմանված լինելու հանգամանքը բավարար չէ ՀՀ-ում եւս գրքերի իրացման համար ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափից ավելի ցածր դրույքաչափ սահմանելու հարցը քննարկելու համար»:

Ինչ վերաբերում է թղթի ներմուծման համար ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման հետ կապված ասոցիացիայի կողմից բարձրացված հարցին, ՊԵԿ նախագահը պատասխանել է. «Եթե խնդրո առարկա գրքերի արտադրության համար նախատեսված թուղթը ներմուծվում է թվով 109 երկրներից որեւէ մեկից (կցել է ցանկը) եւ ներմուծումն ուղեկցվում է լիազոր պետական կառավարման մարմնի կողմից տրամադրված նպատակային նշանակության մասին եզրակացությունը մաքսային մարմիններին տրամադրելով, ապա այն ազատված է մաքսատուրքից: Ընդ որում, մաքսատուրք չի գանձվում նաեւ ԵՏՄ անդամ պետություններից թղթի ներմուծման մասով: Գրքի արտադրությունում օգտագործվող թղթի ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողների կողմից հաշվանցում են արտադրված գրքի իրացման համար հաշվարկվող ԱԱՀ-ի գումարներից՝ սահմանին վճարած ԱԱՀ-ի գումարի չափով պակաս վճարելով ՀՀ-ում իրացումից վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները»:

Այնինչ` պետք է հաշվի առնել հետեւյալ հանգամանքը` նշյալ 109 երկրների թվում ներառված չեն Թուրքիան, Վրաստանն ու Չինաստանը. երկրներ, որոնցից հաճախ է թուղթ ներկրվում: Բացի այդ, օրինակ, ԵՏՄ անդամ պետություններից որեւէ մեկը մեզ հետ սահմանակից չէ: Սա նշանակում է, որ ներկրվող ապրանքը պետք է Հայաստան բերվի որեւէ երրորդ երկրով, իսկ դա նշանակում է, որ արտադրողի համար ստեղծվելու են ճանապարհածախսի, տրանսպորտի հետ կապված հավելյալ ծախսեր:

Բացի այդ՝ ՊԵԿ նախագահի պատասխանում կա ուշագրավ մի հատված. «Քանի որ ՀՀ տարածք ներմուծվող թուղթը կարող է օգտագործվել ոչ միայն գրքի արտադրությունում, այլ նաեւ տարբեր ոլորտներում, ուստի թղթի ներմուծման մասով ԱԱՀ-ից ազատման արտոնության սահմանման պարագայում ընդլայնվում է արտոնությունների կիրառության շրջանակը, որը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համարում է ոչ նպատակահարմար»:

Արդյո՞ք առանձնապես բարդ պրոցես է պարզելը, թե տվյալ ապրանքը, մասնավորապես՝ թուղթը, որը ներմուծվում է Հայաստան, ինչ նպատակով է կիրառվելու: Փոխարենը մեխանիզմներ մշակվեն՝ այդ պրոցեսը թափանցիկ դարձնելու համար, բերվում են ոչ համոզիչ փաստարկներ առ այն, որ հարկը նվազեցնելը նպատակահարմար չեն համարում:

Աննա Բաբաջանյան