Մեքենա հրելու կարիք չի լինի, եթե …արդյոք «Ելք» խմբակցությունը կչեղարկի փետրվարի 5-ին նախանշած բողոքի երթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ին ԱԺ «Ելք» խմբակցությունը նախաձեռնեց եւ ակցիա իրականացրեց` ընդդեմ տարվա առաջին իսկ օրերին արձանագրված թանկացումների: Օրեր անց խորհրդարանում լսումներ հրավիրվեցին` թանկացման հետեւանքները մեղմելու համար: Իսկ հունվարի 25-ին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնեց, որ խնդիրը շտկելու համար գյուղացիական տնտեսությունները կսուբսիդավորվեն, ինչպես նաեւ տրանսպորտային ուղեւորափոխադրումների դրույքաչափերը կիջեցվեն: Արդյոք այս որոշումից հետո «Ելք» խմբակցությունը չեղյալ կանի փետրվարի 5-ին նախանշած բողոքի երթը:

Այս եւ այլ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:

-Տիկի՛ն Թանդիլյան, ինչպես հայտնի է` Ձեր դաշինքի կողմից իրականացված երթից առաջ մասնակիցները մեքենա հրեցին` ի նշան երկրում տնտեսական վատ վիճակի: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մեքենա հրելով` խնդիր չի լուծվում, ինչպես նաեւ ներկայացրեց իրենց կուսակցության կողմից խնդրի լուծմանն ուղղված տարբերակները: Արդյո՞ք սա նշանակում է, որ «Ելք»-ը չեղյալ կանի նախատեսած երթը:

-Մենք չենք կողմնորոշվում եւ կառուցում մեր օրակարգը` պարոն Շարմազանովի արած արտահայտություններից ելնելով: Հետեւաբար, իհարկե, երթը լինելու է, եւ այն, ինչ արտահայտել է նա, հետեւանք է այն պայքարի, որ սկսել է ծավալվել: Մեքենա հրելու կարիք չի լինի, եթե իրենք նվազեցնեն ԱԱՀ դրույքաչափերը: Եթե չանեն էական փոփոխություններ, որոնք կհանգեցնեն այդ երթերի եւ ցույցերի անհրաժեշտության վերացման, ապա դրանք լինելու են: Գիտեմ, որ խոսվել է նաեւ սուբսիդավորման մասին: Պետք է ասեմ, որ սուբսիդավորումն էլ հարկատուի գրպանից է, եւ դա լուծում չէ: Լուծումը մեր առաջարկած տարբերակն է, եւ եթե նրանք իսկապես կամք ունեն` փոխելու այդ իրողությունը, որն այսօր կա, ապա նրանք կգնան այն ճանապարհով, որն առաջարկում է «Ելք»-ը:

-Այսինքն` փետրվարի 5-ին նախատեսված երթը լինելո՞ւ է:

-Երթի մասին մեր հայտարարությունն ուժի մեջ է, եւ այն տեղի է ունենալու` անկախ ամեն ինչից: Հիմա մեր կոչը ժողովրդին այն է, որ ելնեն պայքարի մեզ հետ, որպեսզի կարողանանք այնպիսի լուծման բերել, որը կլինի երկարաժամկետ, եւ վտանգ չի լինի. մեկի կամքից ելնելով` սուբսիդավորումը կդադարեցվի, կամ մի օլիգարխի կամքից ելնելով` փոփոխություն կլինի, թե ոչ:

-Կարծիք կա, որ «Ելք»-ի կազմակերպած ակցիան որեւէ արդյունք չի տալու, եւ դաշինքը փորձում է այդ քայլն իր փիարի համար անել: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

-Փիարի մասին միշտ կարելի է խոսել, իսկ ոչինչ չանելն ինչ է: Ըստ էության, այդ մեկնաբանությունները «Ելք»-ին քիչ են հետաքրքրում: Մենք ուզում ենք` երկրում փոփոխություն լինի, մարդկանց օգտակար լինենք մեր ունեցած բոլոր լծակներով եւ խնդիրներ լուծենք մեզ հասու բոլոր միջոցներով:

-Ի՞նչ եք կարծում` ՀՀԿ-ի կողմից առաջ քաշված լուծման տարբերակներից հետո Ձեր նախաձեռնած ակցիային ավելի քի՞չ մարդ ներկա կլինի, քան կարող էր լինել:

-Ես դա չեմ կարող կանխատեսել, բայց պետք է հայտնեմ մեր քաղաքացիներին, որ իրենց թվաքանակի նվազումից կախված է` արդյո՞ք իշխանությունը միջոցներ կձեռնարկի, թե՞ ոչ: Մենք դա անում ենք ոչ թե նրա համար, որպեսզի ցույց տանք, թե որքան մարդ է գալիս, այլ արդյո՞ք արդյունքի կհասնի այս նախաձեռնությունը, թե՞ ոչ: Իսկ դա կախված է բացառապես մեր քաղաքացիներից: Ուրիշ որեւէ մեկից կախվածություն չունի:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս