ԻՆՉՈՒ ԴԱՏԱԽԱԶՆ ՈՒ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԵՆ ԱԽ ԿԱԶՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Դրա համաձայն` ՀԽ-ն գլխավորելու է երկրի վարչապետը: Խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Հատկանշական է, որ խորհրդի կազմում բացակայում են ՀՀ գլխավոր դատախազը, ինչպես նաեւ ԱԺ նախագահը, թեեւ մեր երկիրն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի: Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը:
Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նախագծի հեղինակն ավելի հստակ պարզաբանում կարող է տալ հարցի շուրջ: Բացի այդ` ավելացրեց. «Հեղինակը գիտի, թե ինչ տրամաբանությամբ է դա արել: Այժմ դա դեռեւս նախագիծ է: Երբ նախագիծը լինի Ազգային ժողովում, պատգամավորները կքննարկեն սկզբում հանձնաժողովում, հետո արդեն նիստում»:
«Պետք է մեկնաբանություն վերցնել նախագծի հեղինակներից: Ուրիշ ասելիք չունեմ: Մեկնաբանությունը խնդրում եմ իրենցից, թե ինչու է այդպես»,-իր հերթին նշեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Նշենք, որ անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այս մասին կառավարության` հունվարի 25-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը
Բացի այդ` ներկայացվեց, որ անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունելու է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ:
Մինչ 2015-ի սահմանադրական փոփոխությունները, 2005-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ազգային անվտանգության խորհուրդ կազմավորում էր hանրապետության նախագահը եւ նախագահում այն:
Միաժամանակ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվեց անվտանգության խորհրդի: Դրանից զատ` ամրագրվեց, որ անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ անվտանգության խորհուրդը դառնալու է պաշտպանության, անվտանգության ոլորտներում որոշումներ կայացնող մարմին: Այլ խոսքով` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմնից վերածվելու է երկրի պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում վարչապետի գլխավորությամբ առանցքային որոշումներ կայացնող կառույցի: Ստացվում է` նման կարեւոր կառույցից դուրս է մնում նաեւ հանրապետության նախագահը: Բացի այս` անվտանգության խորհուրդը կլքեն նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ Սահմանադրական դատարանի նախագահը:
Իսկ ահա ապագա վարչապետը լայն լիազորություններ է ստանձնելու: Սահմանված է, որ ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ կառավարության ղեկավարը խորհրդի նիստ պետք է հրավիրի: Բացի այդ` ԱԽ նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը եւ հիմնական զեկուցողներին նույնպես որոշելու է վարչապետը: Նա է նշանակելու եւ ազատելու անվտանգության խորհրդի քարտուղարին: Ընդհանուր առմամբ, հաստիքացուցակը վարչապետն է հաստատելու, իրավասություն է ունենալու նաեւ նշանակելու եւ ազատելու քարտուղարության հանրային ծառայողներին:
Անվտանգության խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել այդ նիստերին, քվեարկել հօգուտ կամ ընդդեմ քննարկվող հարցի: Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող որոշումներն ընդունվելու են անվտանգության խորհրդի անդամներից առնվազն յոթի ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները` խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Ուշագրավ է, որ խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը եւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն լինելու: Սույն կանոնից բացառությունները սահմանելու է վարչապետը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ 40 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ

Վանաձոր համայնքի` 2017 թվականի բյուջեի եկամուտները 2016 թվականի համեմատ նվազել են մոտ 113 մլն դրամով: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի` այդ նվազումը պայմանավորված է պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիայի նվազեցմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ անցած տարի Վանաձորի քաղաքապետարանի ստացած պաշտոնական դրամաշնորհները եւս 2016 թվականի համեմատ մոտ 192.5 մլն դրամի չափով քիչ են կազմել. նախատեսված 1 մլրդ 592 մլն 524 հազար դրամի դիմաց հատկացվել է 1 մլրդ 368 մլն 168 հազար դրամի դրամաշնորհ: Նվազել են նաեւ ծախսերը` 168 մլն 200 հազար դրամով: Վանաձոր համայնքի` 2017 թվականի բյուջեն ծախսերի գծով կատարվել է 90.3 տոկոսով. նախատեսված 2 մլրդ 433 մլն 353 հազար դրամի դիմաց կատարողականը կազմել է 2 մլրդ 198 մլն 135 հազ 6 հարյուր դրամ:
Բացի այս` «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վանաձորի քաղաքապետարանը ունի նաեւ աշխատավարձի կուտակած պարտք: Խոսքը մոտ 40 մլն դրամի մասին է: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոսքերով` աշխատավարձերի խնդիրը լուծվելու է համայնքի սեփական միջոցների հաշվին: Քաղաքապետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հույս հայտնեց, որ նախատեսվում է երրորդ եռամսյակում պարտքերն ամբողջությամբ մարել եւ տարին փակել առանց պարտքերի: «Այդ պարտքերը նախորդ ժամանակաշրջանից են գալիս: Մի մասը փակել ենք, մնացել է մի եռամսյակի պարտք: Առաջիկայում դա էլ կմարենք, կվերջացնենք: Քաղաքապետարանի եւ մեր ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերի պարտքերն են: Դա պարտք չէ, բյուջեի դիֆիցիտն է: Ուղղակի մենք 2016 թվականի բյուջեով ենք աշխատել, ծախսերը մենք կատարել ենք 2016 թվականի բյուջեով, մինչեւ բյուջե ընդունելը: Դա բյուջեի դեֆիցիտ է, մենք որպես այդպիսին պարտք չունենք»,- պարզաբանեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՆՄԵՂ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Հունվարի 9-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ Մարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում` ասելով, որ ինքը չի խոշտանգել Ժորա Սիմոնյանին: Նա համոզված է, որ քրեական գործը սարքել են, քանի որ ինքը պայքարել է ապօրինի անտառհատումների դեմ, որոնցով զբաղվել են նաեւ քրեական գործով տուժող, Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչներ Ժորա Սիմոնյանը եւ վերջինիս հայրը` Գարսիկը:
Գ. Մարդանյանի քրեական գործով դատավարության երկրորդ` հունվարի 23-ի նիստում Գերասիմ Մարդանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ալիխանյանը ներկայացրեց քրեական գործով ականատես վկաներ, ոստիկանության աշխատակիցներ Հրանտ Խանզրատյանին եւ Արա Աստանյանին որպես վկաներ դատակոչելու եւ նրանց տված ցուցմունքները, տուժող Ժորա Սիմոնյանի հետ առերեսման արձանագրությունը, որպես քրեական գործի ապացույց ճանաչելու վերաբերյալ միջնորդություն:
Հ. Խանզրատյանը եւ Ա. Աստանյանն իրենց ցուցմունքներում, նաեւ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում անցկացված ծառայողական քննության ժամանակ տված բացատրության ժամանակ նշել են, որ Գ. Մարդանյանը Ժ. Սիմոնյանին չի խոշտանգել: Փաստաբան Ռ. Ալիխանյանը նշեց, որ Ժորա Սիմոնյանի հարազատները որպես վկաներ դատակոչված են, իսկ ականատես վկաներ Հ. Խանզրատյանը եւ Ա. Աստանյանը` ոչ: Նա ասաց, որ Գերասիմ Մարդանյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն պատճառաբանությամբ, որ շարունակելով պաշտոնավարել` կարող է ազդել վկա ոստիկանների ցուցմունքների օբյեկտիվության վրա, մինչդեռ նշված ոստիկաններին որպես վկա չեն դատակոչել:
Մեղադրող, Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը եւ Ժորա Սիմոնյանն առարկեցին այդ միջնորդության դեմ: Դատավոր Զոյա Զաքինյանը միջնորդությունը բավարարեց մասնակի` որոշելով որպես վկաներ դատակոչել Հ. Խանզրատյանին եւ Ա. Աստանյանին:
Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 9-ին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ նիստին կմասնակցի քրեական գործով մեղադրանք առաջադրած ՀՀ գլխավոր դատախազության դատախազը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս