Հերթական թվանկարչությունը գյուղատնտեսության ոլորտում. երբ փաստերն այլ բան են ասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՎԾ տվյալներով` Հայաստանում 2017թ. գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքի ծավալները նվազել են 2.9 տոկոսով, իսկ միայն գյուղատնտեսության ոլորտում` 3 տոկոսով:
Անցած տարին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար այդքան էլ բարեհաջող չէր: Չէ՞ որ 2017 թվականը երաշտի տարի էր: Այդ պատճառով հանրապետությունում անասնակերի քանակությունը քիչ էր ու չէր բավարարում պահանջարկին: Միաժամանակ դա իր ազդեցությունն է ունեցել կովերի կաթնատվության վրա:

Կաթի արտադրության ծավալները նվազել են, արդյունքում՝ կաթնամթերքի գինը թանկացել էր: Միայն պանրի շուկայում արձանագրվեց 20 տոկոսի թանկացում: Անգամ գյուղացիական այն տնտեսությունները, որոնք պանրի մեկ կիլոգրամը վաճառում էին 1500-1600 դրամով, այժմ այն 1700-1800 դրամ է:
Բայց ստեղծված այս վիճակը չի խանգարել, որ ազգային վիճակագրական ծառայությունը հենց կաթի արտադրութան ոլորտում զբաղվի թվանկարչությամբ: Մասնավորապես ըստ ԱՎԾ-ի` այստեղ արձանագրվել է 0.5 տոկոս աճ, մինչդեռ եղանակային պայմաններն ու մի շարք այլ գործոններ հուշում են, որ պետք է հակառակը տեղի ունենար:

ԱՎԾ տվյալներով` կաթի արտադրության աճ հիմնականում արձանագրվել է Վայոց ձորի մարզում, որտեղ, ի դեպ, պաշտոնապես ավելի շատ կենդանի է մորթվել, քան մյուս մարզերում: Վայոց ձորում կաթի արտադրության ծավալները 2016 թվականի համեմատ անցած տարում 1.9 տոկոսով աճել են: Ի դեպ, տեղեկացնենք, որ ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի` Վայոց ձորի մարզում անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ կովերի գլխաքանակը կազմել է 8 հազար 400: Մինչդեռ 2016 թվականի նույն ժամանակահատվածում դրանց թիվը 10 հազար 300 է: Կաթի արտադրության աճով Վայոց ձորին հաջորդում է Արմավիրի մարզը, որտեղ 2017-ին արտադրվել է 49 հազար 100 տոննա կաթ` 1.4 տոկոսով ավելի: Շիրակի մարզում այդ աճը կազմել է 0.6 տոկոս: Նույնքան աճ գրանցվել է Կոտայքի, Տավուշի մարզերում:

Ուշագրավն այն է, որ ազգային վիճակագրության ծառայությունը անասնաբուծության ոլորտում 2.2 տոկոս աճ է արձանագրել: Եւ սա այն դեպքում, երբ անցած տարվա ընթացքում ոչ միայն անասնագլխաքանակն էր պակասել, այլեւ կաթի եւ մսամթերքի ոլորտում արձանագրվեց դեֆիցիտ: Ինչի արդյունքում անցած տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրվեց մսամթերքի գների զգալի բարձրացում: Նկատենք, որ անցած տարում բազմաթիվ գյուղացիներ անասնակեր չունենալու պատճառով ստիպված եղան մորթել իրենց անասուններին: Ի դեպ, սպանդի համար գյուղատնտեսական կենդանիների իրացման ծավալները եւս աճել են: Ըստ ԱՎԾ-ի` անցած տարվա ընթացքում 2016 թվականի համեմատ Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների մորթը աճել է 2.9 տոկոսով: Այսինքն` սպանդի համար իրացվել է 192 հազար 500 գյուղատնտեսական կենդանի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում սպանդի համար ավելի շատ քանակությամբ գյուղատնտեսական կենդանի իրացվել է Վայոց ձորի, քան մյուս մարզերում: Այս դեպքում աճը 2016 թվականի համեմատ կազմել է 10.9 տոկոս:

Այնուամենայնիվ, նկատենք, որ ՀՀ բոլոր մարզերում էլ սպանդի համար գյուղատնտեսական կենդանիների իրացման աճ է նկատվել: Կոտայքի մարզում այս ցուցանիշը 2016 թվականի համեմատ 2017-ին աճել է 4.4 տոկոսով, որտեղ մորթվել է 19 հազար տոննա գյուղատնտեսական կենդանի: Արագածոտնի մարզում մորթվել է 19 հազար 600 տոննա գյուղատնտեսական կենդանի: Անցած տարում 2016 թվականի համեմատ աճը կազմել է 4.3 տոկոս:

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ այս տարվա տաք, միաժամանակ չոր ձմեռը չի կարող իր ազդեցությունը չունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա: Ու հիմա խնդրով մտահոգված են ոչ միայն պանրագործները, այլեւ հասարակ գյուղացիները: Բայց սա չի խանգարում, որ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ժպիտը դեմքին, Սերժ Սարգսյանի մոտ հերթական ընդունելության ժամանակ խոսի կերարտադրության եւ անասնապահության ոլորտի զարգացման մասին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս