Ինչպես են Ավանում մայր և որդի սպանել ու թալանել սփյուռքահային․ մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ գործի անցել

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, շարունակվում է մայր ու որդի Սրբուհի և Արշակ Ժ.-երի գործով դատական նիստը:

Նրանք մեղադրվում են դիտավորյալ սպանություն և ավազակային հարձակում կատարելու մեջ:

ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկացավ, որ կինը որդու հետ պայմանավորվել է գողություն կատարել իրենց ծանոթ սփյուռքահայ Բարկիֆ Իստիբանի Կարա Յակուբյանի բնակարանից:

Մայր ու որդի կատարել են դերաբաշխում: Սփյուռքահայի տուն գնալուց հետո արդեն մայր ու որդի ընթրել են և ալկոհոլ օգտագործել: Ըստ մեղադրանքի՝ կինը տանտիրոջ հետ փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ գործողություններ է կատարել, ինչից հետո տանտերը մտել է լոգարան: Արշակը գնացել է նրա հետևից, հարվածել է ծոծրակին ու պարանոցից բռնած՝ տարել է զուգարան, որտեղ երեք անգամ ուժգին հարվածել է նրա գլխին: Այդ ընթացքում մայրը գործի է անցել և բնակարանից հափշտակել տարբեր իրեր:

Որդին էլ իր հերթին տարեց տղամարդուն անօգնական վիճակում թողել է զուգարանում, անջատել լույսը, հյուրասենյակից հափշտակել է մազ կտրելու էլեկտրական ածելին ու հեռացել: Տղամարդը ստացած վնասվածքներից նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Դատական քննությունը շարունակվում է, և նախագահողը որոշել է հրապարակել Արշակի նախաքննական ցուցմունքը` հաշվի առնելով հակասությունները դատարանում հնչեցրածի հետ:

Թե ինչ է սպասվում մայր և որդի ամբաստանյալներին, ցույց կտա ժամանակը: