Միլիոններ՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի համար. ինչ են անում բյուջեի հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ատամնաբույժները բողոքում են առողջապահական էլեկտրոնային համակարգի ներդրման դեմ, կառավարությունը պատրաստվում է փոխհատուցել այդ ծախսերը: Բնականաբար՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը ընթացիկ տարվա համար էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների համար կծախսի 487 մլն 479 հազար դրամ: Ի դեպ, 5 ամիսների համար սուբսիդավորման ենթակա անհրաժեշտ գումարը կազմում է 203 մլն 116 հազար դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նշված գումարով ԱՆ-ն կփոխհատուցի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին այդ ծառայությունների մատուցման նպատակով: Ընդ որում, նախատեսվում է սուբսիդավորում կատարել հետեւյալ համամասնություններով` Երեւանի 100 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50 տոկոսի, 100 մլն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող եւ մարզային բոլոր հիվանդանոցներին` 70 տոկոսի, սահմանամերձ եւ սահմանապահ հիվանդանոցներին, Երեւանի եւ մարզային եւ գյուղական ամբուլատորիաներին` 100 տոկոսի չափով:

Բայց «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱՆ-ն մտադիր է սուբսիդավորել այդ ծախսերը որոշ դեղամիջոցների ձեռքբերման եւ օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարի հաշվին: Այսպես` նախարարությունը «Լե Լաբորատուաղ Սեղվի» ֆրանսիական կազմակերպության հետ 2015 թվականին կնքել էր 5 տարվա պայմանագիր դիաբետոն 60 ՄՌ դեղի համար: Իսկ այս տարի նշված կազմակերպությունից ԱՆ-ն ստացել է նոր գնային առաջարկ` 1 դեղահատի համար 0,041 եվրո նախկին 0,06 եվրոյի փոխարեն: Ինչի արդյունքում ընթացիկ տարվա համար ի հայտ է եկել շուրջ 155 մլն դրամի տնտեսում:


Բացի այս` «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պայմանագրային գումարները նվազեցվել են` պահպանման ծախսերի կրճատման եւ օպտիմալացման ծրագրի շնորհիվ: Արդյունքում տնտեսվել է 32 մլն 164 հազար դրամ եւ 17 մլն դրամ գումար:

Հիշեցնենք, որ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի սահմանած սակագներից դժգոհում էին ՀՀ բուժհաստատությունները: Դժգոհողների ցանկում են հայտնվել նաեւ ատամնաբույժները, լաբորատորիաները, դեղատները: Եւ Ան-ն հաշվի առնելով բուժհաստատությունների կողմից բարձրացված դժգոհությունները` կառավարությանն առաջարկել է փոխհատուցել ընկերության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման ծախսերը:

Տեղեկացնենք, որ այս պարտականությունը մինչեւ պետության ուսերին գցելը, նախապես հայտարարվել էր, որ բժշկական հաստատությունները համակարգին միացվելու են անվճար, ապա գործադիրը բուժհաստատությունների ղեկավարներին խոստացավ, որ կբանակցի ընկերության հետ, եւ որքան հնարավոր է` կնվազեցնի սահմանած սակագները: Փոխարենը որոշվել է ֆինանսական այդ բեռը դնել ՀՀ պետական բյուջեի, ասել է, թե ՀՀ քաղաքացիներիս վրա: Ստացվում է, որ կառավարությունը «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին չի նեղացնի եւ կսուբսիդավորի պահանջած գումարը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս